Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԹԱԳԱԴՐՎՈՒՄ Է ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԱՍՔԸ

Խոստովանենք, որ մեր մտքի ու հոգու (նաև հպարտության) բոլոր ճանապարհները  սահման են տանում` առաջնագիծ... Այնտեղ, որտեղ ամեն օր թագադրվում է մեր ժամանակների ասքը։

Որտեղ հին ու նոր սխրագործությունների  հանդիպմամբ գրվում են խաղաղության հերթական էջերը։ Գրվում են ամենօրյա ծառայությամբ, պրկված բազուկներով, սեղմված բռունցքներով ու արյամբ... Բոլոր  տոնական (ինչու չէ, նաև ոչ տոնական օրերին) չենք մոռանում մեր սահմանապահներին... Հայ զինվորը` մեր հոգևոր ու  մարմնավոր երկրի սահմանապահը, մեր անցյալը, ներկան ու գալիքը, այսօր առաջնագծում է, որպեսզի մենք լիարժեք Ամանոր ու Սուրբ Ծնունդ նշենք։ 

Երբ մեր վրիժառուներին հանդիպեցի դիրքերում (մեր մի ոտքը դեռ պատերազմի մեջ էր), նրանք մանդարինի կլեպներով ու կոնֆետի թղթերով դիրքի գլխին տոնածառ էին  զարդարել, և խաղաղության մանանա էր ծորում նրանց սրտերից։ Շուրջ քառորդ դար տեսա երկրիս անկախության գլխավոր երաշխավորին՝ զինվորներին, տեսա սահմանին կանգնած՝ կուռ շարքերով, հպարտ ու անսասան։ Ես զորացա նրանց հավատքից։ Օմարից մինչև Արաքս տեսա նրանց հերոսանալը վայրկյանների մեջ, նրանց վերածնվելը ժամանակի մեջ։ Ես նրանց գոյությամբ ոչ միայն հայաճանաչ, այլև հայրենաճանաչ դարձա ու գտա իմ հերոսին։ Անցնելով պատերազմական գործողությունների թատերաբեմ դարձած բոլոր արահետներով՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, ամեն Աստծո օր վրձնեցի հերոսներիցս մեկի դիմանկարը։ Նախ վրձնեցի իմ հոգում ու սրտում, ապա նոր` ՙմագաղաթ՚-ին։ Նրանց մասին պատումները՝ մեկը մյուսից խոսուն, ջնարակեցի հույսով, հույզով, նաև ցավով, սակայն հավատով։  Պատիվ ունեցա ճանաչել իսկական հերոսին, այն հերոսին, ում համար հերոսությունը խոսք չէ, կեցվածք չէ... Էություն է` շարքային, առօրեական, կենսակերպ։  Իմ ճանաչած հրամանատարների  ասածների հավաստիությունն ստուգեցի ժամանակի ու տարածության մեջ ու տարիների հետ համոզվեցի, որ նրանց գլխավորած բանակը  ճակատագրի նվերն էր ժողովրդիս։ 

Իմ հերոսի կերպարի շնորհիվ բացահայտեցի մեր հաղթանակների գաղտնիքը և նաև այն մեծագույն գաղտնիքը, որ Ղարաբաղյան  հարցի լուծման բանալին մեր բանակի, զինվորականության և համայն հայության անցյալի, ներկայի ու ապագայի գործողությունների մեջ է։ Ընթացակարգ, որը մեր ազգի ընտրյալներին կառաջնորդի կերտված հաղթանակների ոգեղենությանը համահունչ։ Պատահական չէ, որ Ավոյի, Ասկոլկայի, Յուրայի, Լեոնիդի, Վլադիմիրի, Նորիկի, Սարիբեկի, Մավոյի ոգին պիտի փառավորեին Ռոբերտը, Նարեկը, Մարատը, Արմենակը, Անդրանիկը, Քյարամը` պայքարելով մինչև արյան վերջին կաթիլը։ Տղաների նահատակությունից ընդամենը օրեր անց մերօրյա հերոս Անդրանիկ Զոհրաբյանի հայրը, կորստի  ցավը սեղմած, իր ուղերձը հղեց աշխարհին. ՙՀայոց սահմանները սկսվում են այնտեղից, որտեղ թափվել է մեր զավակների արյունը՚։ 

Շնորհիվ մեր զորք-զորականի ու  աշխարհազորի՝ այս անգամ էլ պատվով քննություն հանձնեցինք հակառակորդի հետ քառօրյա պատերազմում։ Մատաղիս գյուղի համայնքապետին  հանդիպեցի հանրապետական  հիվանդանոցում։ Զավեն Ավանեսյանը  վիրավորվել է գյուղի վրա արձակված ՙգրադի՚ առաջին արկից։ Հրաժեշտից առաջ իմ վերջին հարցին՝ ի՞նչ է կարծում, Մատաղիսը կրկին նույնը կդառնա՞, համայնքապետի պատասխանը կտրուկ էր. ՙՄատաղիսը ոչ թե նույնը, այլ մի բան էլ ավելին է լինելու, և ոչ միայն. սա առաջին անգամը չէ, երբ գյուղը  բռնատեղահանվեց, սումգայիթյան ջարդերից հետո Մինգեչաուրից Մատաղիս էինք եկել։  Հայրս բնիկ մատաղիսցի է, մենք տիրոջ պես ենք կառչած մեր հողից և գիտենք, թե ինչի համար են այս դժվարություններն ու զրկանքները։ Մեզ կոտրելն անհնարին է՚։ ՊԲ հրետանու պետ, գնդապետ Գենադի Բաղդասարյանը, ով, ի դեպ, ՀՀ ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշանի է արժանացել ապրիլյան պատերազմից հետո, վստահեցնում է. ՙԱնհանգստանալ պետք չէ, պետք է  հպարտանալ մեր բանակով և սպասել նոր հաղթանակների։ Թշնամու հինգ տանկ ու ՀՄՄ մեքենա շարքից հանած Մարատ Պետրոսյանի տատիկը հրաժեշտից առաջ ասաց, որ հպարտանում է իր ութ թոռնիկներով, որոնցից 7-ը տղաներ են, բոլորն էլ` խելոք և ուր գնում են՝ հաղթանակով են տուն դառնում, ու  մատնանշեց նրանց մարզական հաջողությունները։ Ն զորամասի չորրորդ գումարտակի հրամանատար Էդիկ Մալոյանին հանդիպեցինք 116-րդ մարտական դիրքում: 10 տարի է, ինչ ծառայում է։ Երբ սկսվեցին ակտիվ մարտական գործողությունները, մայոր Մալոյանը տանն էր՝ Մարտակերտում։ Գիշերվա ժամը 3-ն անց 10 րոպեին հրամանատարից խնդիր ստացան։ ՙՏագնապ՚ ազդանշանով հասան առաջնագիծ։ Երբ տեղ հասան, 116-րդ մարտական դիրքն արդեն գրավված էր, չորս զոհ ունեին, զոհվել էր նաև  վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը։ Նրանք ընթացքից մտան մարտի, նետվեցին թշնամու բազմաքանակ ուժերի դեմ։ Հակառակորդը, մեծ կորուստներ կրելով, դիմեց փախուստի։ ՙՄենք ամեն ինչի պատրաստ ենք, թող գան, մեկ է, վերջում փախչողն են։ Մենք հող չունենք նրանց զիջելու և ոչ էլ աչք ունենք ուրիշի հողին,- ասում է հրամանատարն՝ ավելացնելով,-նման անձնակազմ ունենալը մեծ պատիվ է, յուրաքանչյուր զինվոր մի սյուն է, որի վրա կարող ես հանգիստ հենվել ու լուծել  ցանկացած խնդիր՚։ Ի դեպ, Է. Մալոյանի կյանքն էլ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանն է փրկել։ Երբ առաջնագծում շարքային Նաիրի Քամալյանին հարցրի, թե չի՞ վախեցել այն թեժ օրերին, նա կարճ կապեց. ՙԹող թշնամին վախենա՚։ Ն զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Ալիկ Սարգսյանի (ներկայումս պահեստազորի գնդապետ) համար բոլոր ժամանակներում հավատամք էր Նժդեհի խոսքը` ՙՄեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ՚: Փոխգնդապետ Սարգսյանը ծառայել է երկու սերնդի հետ։ Իր սերնդի հետ և՜ Շարժում են սկսել, և՜ պատերազմում հաղթել։  Նա հպարտ է, որ տեսավ նոր սերնդի ոգին ու հաղթանակի հասնելու անկոտրում կամքը։ Իրադարձություններն ու դրանից բխող զարգացումները ցույց են տալիս, որ ունենք այն զինվորին, որի մասին երազել ենք դարեր շարունակ։ Անկախության սերունդը եկավ ապացուցելու, որ մեր  պաշտպանունակության գենի արժանի կրողն է։

Վեցերորդ պաշտպանական շրջանի 170-րդ դիրքում զինվորը հրամանատարին զեկուցել էր, որ փամփուշտները վերջացել են։ Հետախուզական դասակի ավագ լեյտենանտ հրամանատարն ասել է՝ ձեռնամարտի, ու ինքն առաջինն է նետվել հակառակորդի կողմը։ Արմենակ Ուրֆանյանը խրամաբջջից խրամաբջիջ է գնացել, զինվորի ձեռքից վերցրել զենքը, կրակել, փոխանցել ու անցել հաջորդի մոտ. զինվորներն են պատմում։ Վերջում նա կրակել է գնդացրորդի խրամաբջջից ու ղեկավարել մինչև զոհվելը։ Նույն զորամասի չորրորդ վաշտի հրամանատարը կապի մեջ է եղել գումարտակի ու զորամասի հրամանատարների հետ, և ձայնի մեջ խուճապի ու տագնապի ոչ մի երանգ, հանգիստ վարում էր մարտը՝ անձնակազմին վստահեցնելով, որ կանգնելու են մինչև վերջ։ Սա բացառիկ երևույթ է, իսկ ավագ սերժանտ՝ Ռոբերտ Աբաջյանը, ով հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացավ, մարտնչել է նաև հրամանատարի զոհվելուց հետո։ Հերոսական 116-րդ դիրքում տղաները կյանքի գնով երկու գրոհ են ետ մղել, հակառակորդի հետևակը չի կարողացել տիրել դիրքերին, ստիպված հետ է քաշվել ու խփել հեռահար հրետանիով և նոր տիրել դիրքերին։ 

Ապրիլյան իրադարձությունները եկան վերստին փաստելու, որ մենք ունենք ոչ միայն պահի պահանջ¬հրամայականով հերոսացող զավակներ, այլև ազգային արժեքներով ապրող հասարակություն։ Անկախության ճանապարհն ամուր բռնած  հասարակություն, սպարտացի մայրերի պես իրենց որդիների նահատակությանը պատրաստ մայրեր, իսկ մեր իրական հերոսներն իրենց անվերջ ու հավերժ ներկայությամբ զգոնության¬զգաստության կոչող ու պատգամող. ՙՈչ թե մեր կորուստը սգացեք, այլև մեր գործը շարունակեք՚...  Ամեն անգամ, երբ անդրադառնում եմ բանակային թեմային, այցելում որևէ զորամաս կամ առաջնագիծ, ուժ ու զորություն եմ առնում զինվորիս հավատքից, ու երիցս շոշափելի է դառնում հավերժող ապագայիս տեսլականը... Հայրենիք, Հայոց բանակ, Հայ Զինվոր... Ամեն օր ծնրադիր խոնարհումով օրհնում եմ բառերն այս՝ որպես կենաց հաց, որպես երրորդված սրբություններ։

 

 

(ՙԽոստովանանք՚ շարքից)

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ