Log in

ԼԵԳԵՆԴԱՐ ԶՈՐԱՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՈԳԵՂԵՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ

Հունվարի 8-ին Մարտունու Հաղթանակի հրապարակից հանդիսավոր կարգով Պաշտպանության բանակի շարքերը համալրելու մեկնեցին շրջանի 18 տարին լրացած մի խումբ երիտասարդներ։

 Մարտունու տարածքային զինկոմիսարիատում առաջին կարգադրությունները ստանալուց հետո զորակոչիկները, նրանց ծնողները, հարազատները և ընկերները լեգենդար Մոնթե Մելքոնյանի ոգեղեն ներկայությամբ մասնակցեցին հանդիսավոր միջոցառմանը։

Ամեն սերունդ իր առաքելությունն ունի, և իրար շարունակելով ու լրացնելով` սերունդները կերտում են ազգի ու երկրի պատմությունը։ Որքան գիտակից է սերունդը և գաղափարապես հասուն, այնքան ավելի հստակ է կատարում իրեն բաժին հասած գործը։
Հայրենիքի վաղվա պաշտպաններին շրջանի ղեկավարության և իր անունից բարեմաղթանքի խոսք ասաց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Բարսեղյանը, ով շնորհավորեց ներկաներին և մաղթեց անվտանգ ու խաղաղ ծառայություն։
Զորակոչիկի պապիկ Նելսոն Մուսայելյանն ամբիոնից բարի ճանապարհի խոսք ասաց օրվա հերոսներին ու խնդրեց լինել չափազանց զգույշ։ Փոքրիկ Միլենա Աղասյանն էլ զորակոչիկ եղբորը ձոնված բանաստեղծության արտասանությամբ հրաժեշտ տվեց նրան։
Ոմանք զինվորական հայրերի, ոմանք էլ ավագ եղբայրների ու ընկերների խորհուրդներով առաջնորդվելով՝ հրաժեշտ են տալիս հարազատներին՝ երկու տարի կարգապահ ու արժանապատիվ ծառայելու խոստումով։
Անուշ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ
ք. Մարտունի

 

 

 

Last modified onՈւրբաթ, 11 Հունվարի 2019 16:44