Logo
Print this page

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐԸ, ՆՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԻՆ ԵՎ ՄԻՋԻՆ ԴԱՐԵՐՈՒՄ

Հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմության ընթացքում մարտնչել է ինչպես օտարերկրյա նվաճողների, այնպես էլ ներքին հարստահարիչների դեմ, որոնց ժամանակ օգտագործել է բազմապիսի զենքեր ու զինատեսակներ։

Այսօր դրանց նմուշներին կարող ենք հանդիպել թանգարաններում։ Սկսած տոհմական համայնքներից, նրանց միավորումից ու խոշոր ցեղամիությունների կազմավորումից և դասակարգային հարաբերությունների առաջացումից, մարդիկ օգտագործել են տարատեսակ ու բազմաձև հարձակողական և պաշտպանողական բնույթի զենքեր ու հարմարանքներ։ Հարձակողական զենքերի թվին են պատկանում նետերն ու նետասլաքները, տեգերը, նիզակները, դաշույնները, սրերը, կացինները: Պաշտպանական բնույթի զինատեսակներից են` վահանները, լանջապնակները, կրծքակալները, բրոնզե գոտիները և այլն։

Ասորեստանյան աղբյուրների վկայությամբ` հայկական զորամիավորումները Ք.ծ.ա 7-րդ դարում (612թ.) Պարույր Սկայաորդու գլխավորությամբ մասնակցել են Մարաստանի կողմից Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի գրավմանը, իսկ Քսենոֆոնի վկայությամբ` Հայաստանն Աժդահակին տրամադրել էր 20-հազարանոց հետևազոր և 4-հազարանոց հեծելազոր։ Հայտնի է նաև, որ Երվանդունիների օրոք հայկական բանակը մասնակցել է նաև Աքեմենյան պետության կողմից մղված կռիվներին, որոնց ժամանակ առանձնապես աչքի է ընկել ութհազարանոց հեծելազորը՝ մարտական այրուձին։ Հռոմեացի Կուրդիոս պատմիչի վկայությամբ` Ք.ծ.ա 331թ. Գավգամելայի ճակատամարտին Ալեքսանդր Մակեդոնացու դեմ պարսկական բանակի կազմում մասնակցում էր նաև հայկական յոթհազարանոց այրուձին։ Արտաշեսյան արքայատոհմը (189-1թթ.) ուներ 100-հազարանոց բանակ, որի միջուկն էր զրահավոր հեծելազորը, որն իր մարտունակությամբ մեծ հռչակ ուներ հին աշխարհում: Փաստորեն զրահակիր հեծելազորը եղել է հայկական բանակի գլխավոր հարվածային ուժը, որը թշնամու վրա գրոհում էր սեպաձև ու խիտ շարքերով։ Հայոց այրուձին կարևոր դեր է խաղացել պարթևահռոմեական մրցակցություններում, որոնցից յուրաքանչյուրը ձգտում էր իր կողմը վերցնել այն, առանձնապես Հռոմն էր ձգտում դրան, քանի որ ինքը մարտունակ հեծելազոր չի ունեցել, ուստի ահեղ հեծելազորի տեր պարթևների դեմ մղվող մարտերում ձգտում էր շահել Հայաստանի դաշնակցությունը։ Պատահական չէ, որ հունական պատմիչներն արևելյան արշավանքների ձախողումը Հռոմի կողմից մեղադրում էին Արտավազդ 2-ին, որն իր 16-հազարանոց այրուձիով չօգնեց իրենց։ Արտաշեսյանների օրոք ստվարաթիվ էր թեթև հեծելազորը, որի համար ընտրում էին համեմատաբար փոքրամարմին, արագավազ ու դիմացկուն նժույգներ, որոնք դյուրաշարժության համար չէին զրահավորվում։
Արշակունյաց հարստության ժամանակ հայկական բանակի կորիզն Արքունի գվարդիան էր՝ ՙՄատյան գունդը՚, որը համալրվում էր ազնվատոհմիկներով։ Պատերազմի ժամանակ ստորին խավերից ստեղծվում էր առանձին հեծելագունդ, որը կոչվում էր ՙՌամկական այրուձի՚։ Հայկական այրուձիու գերագույն հրամանատարը ՙասպետ՚ էր կոչվում, որը միաժամանակ թագադիր իշխան էր։ Արշակունիների օրոք այդ պաշտոնը Բագրատունյաց տան մենաշնորհն էր, հայոց հեծելազորն ավելի մեծացվեց 3-4-րդ դարերում, երբ Հայաստանի անկախությանը սպառնաց Սասանյան Պարսկաստանը։
Ագաթանգեղոսի և Սեբեոսի վկայությամբ` Տրդատ 3-րդ Մեծի ժամանակ այրուձիու թիվն անցնում էր 70 հազարից։ Տրդատ Մեծը (287-332թթ.) Հռոմի օրինակով զինվորական բարեփոխումներ կատարեց, նա հայոց զորքի հրամանատարությունը հանձնեց 4 զորապետերի (նախկին մեկ հրամանատարի փոխարեն)։ Հին Հայաստանի ռազմական ուժերի քանակի ու դասակարգման մասին պետական հրովարտակի կամ զորնամակի համաձայն` Մեծ Հայքի ԶՈՒ-ն բաղկացած են եղել սահմանակալ 4 կամ նախարարական 80-հազարանոց հեծելազորից և մեկ կամ արքունական 40-հազարանոց հեծյալ բանակներից։ Յուրաքանչյուր սահմանակալ բանակ կազմվել է 21-22 նախարարությունների զորամասերից և ունեցել է 18-21 հազար մարտիկ։ Հայոց մշտական զորքը համալրվել է ազատներից, որոնց համար զինվորական ծառայությունը եղել է ժառանգական։ Նրանք ծառայության դիմաց ստացել են կալվածք և անշարժ գույք։ Երկրում գործել են զինվորական դպրոցներ։ Պատերազմի ժամանակ հետևակը համալրվել է ռամիկներից։ Փավստոս Բուզանդի վկայությամբ` Արշակ 2-րդի (350-368թթ.) և Պապ Թագավորի (370-374թթ.) ժամանակ հայոց այրուձիու թիվը հասել է 120 հազարի։ Զինված ուժերի գլխավոր հրամանատարը, որը ղեկավարել է ինչպես արքունի զորաբանակը, այնպես էլ նախարարական զորամասերը, եղել է սպարապետը, որը Մամիկոնյանների տան մենաշնորհն է եղել։ Պարսկաստանն ու Բյուզանդիան պատերազմների ժամանակ օգտագործում էին հայկական հեծյալ գնդեր` նրանց ուղարկելով ամենավտանգավոր տեղերը։ 529թ. Հուստինիանոս 1-ին կայսրը հատուկ հրովարտակով բյուզանդական մասում հայ նախարարներին արգելեց հեծյալ ուժեր ունենալ, և այդ իրավիճակը շարունակվեց մինչև արաբների մուտքը. 7-րդ դարի 2-րդ կեսից սկսած արաբները շարունակեցին հայկական հեծելազորի գրանցման և ռոճիկ վճարելու կարգը։ 652թ. պայմանագրի համաձայն` Հայաստանն իրավունք ուներ պահելու 15-հազարանոց այրուձի` տարեկան 100 հազար արծաթ ռոճիկով, որը վճարվում էր արաբների կողմից: Այդ կարգը պահպանվեց մինչև 775 թվականը։
Ե՜վ Պարսկաստանը, և՜ Բյուզանդիան, և՜ Խալիֆայությունը, իսկ հետո էլ թուրք-սելջուկները, մոնղոլները հայերին միշտ հարկադրել են իրենց դրոշի տակ մասնակցելու պատերազմներին, սահմանափակել են հայկական զորուժը: Սակայն դրանով չեն բավարարվել, հայկական զինուժը հեռացրել են մեր բնաշխարհից, ամեն կերպ ձգտել թուլացնել նրա մարտունակությունը։ Չնայած դրան, հայ որոշ թագավորների ժամանակ ավելի են կատարելագործվել ու զարգացել հայկական զորախմբերը։ Այսպես, օրինակ, Գագիկ Առաջինի (990-1020թթ.) օրոք հայոց արքունական զորագնդերում հաշվում էր 55 հազ. զինվոր, իսկ իշխանականում՝ 45 հազար։ Բագրատունիների ժամանակ հեծելազորային ծառայությունը մեծամասամբ շարունակում էին կատարել ազատները։ Ավատատիրության մասնատման ժամանակ Հայաստանը քաղաքականապես թուլացավ և տարանջատվեց առանձին թագավորությունների, և շատ զորականներ, ցավոք, զանգվածաբար մտան բյուզանդական զորքերի մեջ, իսկ 11-րդ դարում` սելջուկ¬թուրքերի արշավանքների ժամանակ, հայ ռազմիկ ազատանին զանգվածաբար տեղափոխվեց Փոքր Ասիա՝ Կիլիկիա։ Չնայած դրան, Վանանդի, Սասունի, Գուգարքի, Արցախի և Սյունիքի զինված ուժերն ամեն կերպ դիմագրավեցին սելջուկներին, նրանց օգնեցին հզորացող վրացական զորքերը` Զաքարյանների գլխավորությամբ։ 12-13-րդ դարերում հայ հեծելագնդերը վրաց Բագրատունիների բանակում մեծ դեր խաղացին ինչպես վրացական պետության հզորացման, այնպես էլ հայկական հողերի ազատագրման գործում։ Մեծ էր նաև Կիլիկիայի հայկական թագավորության դերը, որն ուներ զինվորական կրթություն ստացած 62-հազարանոց բանակ՝ կրելով հատուկ համազգեստ, սաղավարտ, զրահ և զինատեսակներ։ Թուրքմենական ցեղերի արշավանքների ժամանակ 15-րդ դարում իրենց զորախմբերն ունեին Արցախում, Սյունիքում, Վասպուրականում, Սասունում և Համշենում պահպանված հայ իշխանները։
Հնում երկիրը բաժանված էր ռազմական շրջանների, որտեղ տեղակայված զորքերը գտնվել են բդեշխների հրամանատարության տակ: Բդեշխները միաժամանակ եղել են այդ մարզերի կառավարիչները։ Ինչպես միշտ, հայկական պետության զինված ուժերի գլխավոր հրամանատարը եղել է թագավորը։ Պետության համար վտանգի ժամանակ նախարարները, թագավորի պահանջով, նրա տրամադրության տակ են դրել իրենց մարզերի աշխարհազորը: Պատմիչների վկայությամբ` մարտերի ժամանակ զորակայանը տեղակայվում էր կա՜մ մարտակարգերի կենտրոնում, կա՜մ հետևում, որտեղից հնարավոր էր դիտել ճակատամարտն ու տալ ցուցումներ։ Մարտի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել զորքի մարտական կարգերին, առանձնապես թևերի գործողություններին, դրա վկայություններից են Ք.ծ.ա. 69թ. Տիգրանակերտի ճակատամարտը, որտեղ հայոց բանակը պարտություն կրեց. պատճառը նրա թույլ մարզվածությունն էր և վատ կառավարելիությունը, և պատահական չէ, որ դրանից հետո հայկական բանակը մեծ ուշադրություն դարձրեց իր մարզվածությանը, կառավարելիության ամրապնդմանը և նոր մարտավարությամբ մտավ ազատագրական պատերազմների մեջ, ավելի կատարելագործվեց հայ ռազմավարական արվեստը։

Մառլեն ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.