comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՊԵՏՈՆ ԿԴԱՌՆԱՐ 55 ՏԱՐԵԿԱՆ

ՊԵՏՈՆ ԿԴԱՌՆԱՐ 55 ՏԱՐԵԿԱՆ

Արցախում նշեցին Ղարաբաղյան պատերազմի լեգենդար հրամանատարներից մեկի՝ Պետրոս Ղևոնդյանի (Պետոյի) ծննդյան հերթական տարեդարձը. նա կդառնար 55 տարեկան։ Պետոյի մարտական ընկերները, հանրապետության իշխանությունների և հասարակայնության ներկայացուցիչները, պատերազմի վետերաններն այցելեցին հերոսի անունը կրող զորամաս, ծաղիկներ խոնարհեցին նրա հուշարձանին։

 Ելույթ ունեցողները պատմեցին հերոսի կյանքի ու մարտական ուղու մասին, մասնավորապես՝ նշելով, որ Պետրոս Ղևոնդյանը ցույց է տվել ոչ միայն ինչպես կռվել, այլ նաև՝ ինչպես ճիշտ ապրել։ Ժամկետային ծառայություն անցնող երիտասարդ զինվորները վստահեցրին, որ հպարտությամբ են ծառայում Պետրոս Ղևոնդյանի անունը կրող զորամասում և շարունակում են նրա գործը։ 

Պետրոս Արշալույսի Ղևոնդյանը ծնվել է 1964թ. հունվարի 30-ին Հայաստանի Նաիրիի շրջանի Պռոշյան գյուղում։ 1982-1984թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը։
Դեռևս 1990թ., երբ ԽՍՀՄ փլուզման սկիզբ առած գործընթացի համապատկերին սկսվել էր շիկանալ իրադրությունը Հայաստանի սահմաններին, նա զենք վերցրեց` պաշտպանելու Հայրենիքը, Պռոշյանի կամավորական ջոկատի հրամանատարի տեղակալն էր։ Մասնակցել է Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի պաշտպանական մարտերին։
Շատ չանցած` Պետրոս Ղևոնդյանը միանում է նաև արցախցիների ազատագրական պայքարին։ Արցախ է եկել 1991թ. սկզբին խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից կազմակերպված տխրահռչակ ՙԿոլցո՚ պատժիչ ռազմագործողության ժամանակաշրջանում, մասնակցել է Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի պաշտպանական մարտերին։ Զինվորական ծառայությունը շարունակել է Շուշիի առանձին գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնում։
Պետոն, ինչպես նրան սիրով կոչում էին ընկերները, փառավոր մարտական ուղի է անցել։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Մարտակերտի շրջանում ընթացող ծանր մարտերին, Ասկերանի, Մարտունու և Հադրութի շրջանների բնակավայրերի պաշտպանությանը և ազատագրմանը, Աղդամի, Ֆիզուլու, Կուբաթլուի, Ջաբրայիլի ու այլ ուղղություններում տեղակայված հակառակորդի կրակային բազաների ճնշմանը, ամենուր ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։ Պետոն առանձնապես աչքի է ընկել 1993թ. հունվարի 15-ին՝ Սրխավենդ և Ղազանչի գյուղերի շրջակայքում ՙԻգլա՚ հակաօդային կայանքից խոցելով թշնամու Միգ-25 կործանիչը։ 1994թ. փետրվարին Պետոյի հրամանատարության ներքո գործող գումարտակը մասնակցություն է ունեցել Օմարի լեռնանցքի համար մղվող մարտին, որը հայ մարտիկների արիության ու վճռական գործողությունների շնորհիվ անցավ ԼՂՀ պաշտպանության բանակի վերահսկողության տակ՝ դրանով իսկ փաստացի կանխորոշելով ողջ պատերազմի ելքը։
Պետոն զոհվել է 1994թ. փետրվարի 14-ին Գյանջա-Քելբաջար ճանապարհների խաչմերուկում՝ ընդամենը երկու ամիս չապրելով մինչև հրադադարի մասին համաձայնագրի կնքվելը։ Ականապատ դաշտից վիրավոր ընկերոջը դուրս բերելիս` նա զոհվել է ականի պայթյունից։
Հերոսը թաղված է հայրենի Պռոշյան գյուղի Զորաց պանթեոնում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ծառայության, ցուցաբերած արիության ու անձնական խիզախության համար Պետրոս Ղևոնդյանը հետմահու պարգևատրվել է ՙՄարտական Խաչ՚ 1-ին աստիճանի շքանշանով, արժանացել է ԼՂՀ բարձրագույն` Արցախի հերոս կոչման և ՙՈսկե արծիվ՚ շքանշանի։ Հետմահու նրան շնորհվել է ԼՂՀ պաշտպանության բանակի մայորի կոչում։
Պետրոս Ղևոնդյանի անունով են կոչված նրա հայրենի Պռոշյան գյուղի միջնակարգ դպրոցը, ինչպես նաև Շահումյանի շրջանի Եղեգնուտ և Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղերի դպրոցները։ Լեգենդար հերոսի անունն է կրում նաև Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկը։
Պետոյի, ինչպես նաև մյուս հերոսների հիշատակն Արցախում սրբորեն հարգում են։ Արմեն Մարտիրոսյանը, ում Պետոն փրկել է հեռավոր 94-ի փետրվարին, նրա անունով է կոչել իր որդուն։ ՙԻհարկե, նա պետք է նույնքան քաջ մարտիկ դառնա, ինչպես Պետոն, և իր պարտքը կատարի Հայրենիքի առաջ՚,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը Պետրոս Ղևոնդյանի 55-ամյակին նվիրված միջոցառմանը։
Դա այդպես էլ կլինի, քանի որ Հայրենիքի պաշտպանների նոր սերունդն իր մեջ կրում է իր փառավոր հայրերի ու պապերի ոգին։ Դրանում մենք կրկին համոզվեցինք Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան լայնածավալ ագրեսիայի ժամանակ։ Եվ կարելի է մի կաթիլ անգամ չկասկածել, որ Ավոյի, Բեկորի, Պետոյի և մյուս լեգենդար հերոսների հետևորդներն ամուր կանգնած են հայրենի հողի վրա և պատրաստ են կրկնել նրանց մեծ սխրանքը։


Աշոտ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ստեփանակերտ
www.golosarmenii.am

 

 

 

Last modified onՈւրբաթ, 08 Փետրվարի 2019 11:32