comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

 

 

 


ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ
ք. Մարտունի

Փետրվարյան առավոտը զինվորական երդման արարողությամբ բացվեց Մարտունի քաղաքում։ Հաղթանակի հրապարակում լեգենդար զորահրամանատար Մոնթե Մելքոնյանի ոգեղեն ներկայությամբ շրջանում տեղակայված Ն զորամասի նորակոչիկները հանդիսավոր կերպով երդվեցին անձնվիրաբար ծառայել հայրենիքին։

Զորամասի հրամանատար Կարեն Գրիգորյանը շնորհավորեց օրվա հերոսներին և ծնողներին։ ՙԿուզենայի, որ ձեզանից յուրաքանչյուրը խորությամբ ըմբռներ զինվորական երդման խորհուրդը և այս երկու տարիների ընթացքում զինվորական ծառայությունն անցկացներ իր տված երդմանը համապատասխան, ասել է թե՝ նվիրվածությամբ։ Ձեզանից յուրաքանչյուրի անձնվեր ծառայությունից և մասնագիտությանը լիարժեք տիրապետելուց է կախված հայրենիքի պաշտպանության հուսալիությունը՚,-նշեց հրամանատարը` ընդգծելով, որ զինվորական երդման արարողությունը բանակային կյանքի ամենասպասված, պատասխանատու միջոցառումն է։
Նորակոչիկների հարազատներն օղակել էին հրապարակը և ամեն մեկը հայացքով փնտրում էր իր որդուն, եղբորը, ընկերոջը՝ իր զինվորին ու պաշտպանին։ Միջոցառման ողջ ընթացքին նորակոչիկների հարազատները հետևեցին հպարտությամբ, հանդիսավոր, ուրախության արցունքներն աչքերին։
Շարքային Մկրտչյանն իր և ընկերների անունից պատվի ու արժանապատվության երդում տվեց՝ վստահեցնելով, որ երբեք չեն դրժի երդումը, ըմբռնումով կմոտենան ծառայությանը։ Մեծ հպարտություն համարեց լինել հաղթանակած երկրի բանակի զինվորը։

* * *
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ

Ձմեռային զորակոչի երդման արարողությունը տեղի ունեցավ Հադրութ քաղաքի հուշահամալիրում` շրջանից արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հուշարձանի մոտ։

Երդման արարողությանը ներկա էին զորակոչիկների ծնողներ, հարազատներ, բարձրաստիճան սպաներ։ Գումարտակի հրամանատար Դավիթ Ղազարյանի զեկույցից հետո գնդի հրամանատար Սամվել Սարգսյանը, շնորհավորելով զորակոչիկներին, նշեց. ՙԴուք այսօր երդում եք տալիս արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հուշարձանի մոտ, ազատամարտիկներ, ովքեր ծառայել են մեր գնդում և արցախյան գոյամարտի տարիներին, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմում փառավոր ուղի են անցել հայրենիքի ազատագրման և սահմանների պաշտպանության գործում՚։
Մեկ րոպե լռությամբ հարգվեց զոհված ազատամարտիկների և զինծառայողների հիշատակը։ Զորակոչիկները հերթականությամբ երդվում են անձնվորեն ծառայել Հայրենիքին, անսասան պահել հայրենի սահմանները։ Երդման արարողության ավարտից հետո տեղի ունեցավ միտինգ։ Հնչում է ՀՀ օրհներգը։ Գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Արտակ Վանյանը, գումարտակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Ալիկ Ավագյանն իրենց ելույթներում նշեցին, որ Արցախի այս գեղեցիկ անկյունում նորակոչիկ զինվորները Հայրենիքին անմնացորդ ծառայելու երդում են տալիս: Ինչպես նկատել էր Մեծն Գարեգին Նժդեհը, ՙՄարդկային գործոններից սրբազանը Հայրենիքի պաշտպանությունն է՚։ Իրենց ելույթներում նրանք զորակոչիկներին հորդորեցին հավատարիմ մնալ զինվորական երդմանը, գիտակցված վերաբերմունք ցուցաբերել ռազմական արվեստի նկատմամբ, լինել մեր ժողովրդի իսկական պաշտպանը: Գնդի սարկավագը ևս բոլոր զինվորներին մաղթեց խաղաղ ծառայություն և բարի վերադարձ հայրենի օջախներ։ Հուզիչ էին զորակոչիկների ծնողների ելույթները։ Նրանք հպարտ են, որ իրենց զավակները համալրել են հայոց բանակի շարքերը:

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 13 Փետրվարի 2019 17:50