comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՔԱՂԱՔԱՑԻՆ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՂԱՔԱՑԻՆ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Յուրաքանչյուր ժամանակ ծնում է իր նշանավոր անհատներին, իսկ անհատներն էլ իրենց հերթին կերտում են սեփական ժամանակը։

Վազգեն Սարգսյան զինվորական, պետական-քաղաքական գործչի կարիերան պիտի կերտվեր մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ մեր Հայրենիքը հերթական անգամ պետք է հայտնվեր աշխարհաքաղաքական մեծ տեղաշարժերի խաչմերուկում։ Փլուզվում էր երբեմնի հզոր ԽՍՀՄ-ը, դրան գումարվեցին Սպիտակի ավերիչ երկրաշարժը, հայ ազգաբնակչության տեղահանությունն իր բնօրրաններից, Հայաստանի և Արցախի շրջափակումը և կրակե օղակը մեր ժողովրդի շուրջ... Անհրաժեշտ էր միաբանվել հայոց պետականության գաղափարի շուրջ՝ որպես մեկ ազգ ու մեկ կամք։
Վազգեն Սարգսյանն այդ մարտահրավերն ընդունողներից մեկն էր՝ վտանգի հենց առաջին օրերից։
Վ. Սարգսյանի ժամանակը կարիք ուներ իմաստավորվելու, հարդը ցորենից զատելու, մեր գոյի խորհուրդն ըմբռնելու։ Ժամանակը թելադրում էր. ՙԱրթնացեք, ապավինեք ձեր ուժին ու արժանապատվությանը. Ագռավաքարից դուրս գալու ժամանակն է՚։
...1959 թվականին Արարատ գյուղում ծնված Վազգեն Սարգսյանին վիճակված էր իր ժամանակների նշանակալից գործիչներից մեկը դառնալու` գրող, քաղաքական, պետական, ռազմական գործիչ, Ղարաբաղյան պատերազմի առաջնորդներից, ՀՀ բանակի հիմնադիրներից, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի գրողների միության անդամ (1985), ՙԵրկրապահ՚ կամավորականների միության հիմնադիր-նախագահ (1993)։ Ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1979թ.)։ 1980-83-ին աշխատել է Արարատի միջնակարգ դպրոցում, 1983-87-ին՝ Արարատի ցեմենտ-շիֆերի կոմբինատի կոմերիտական կազմակերպության քարտուղար, 1987-90-ին՝ ՙԳարուն՚ ամսագրի հրապարակախոսության բաժնի վարիչ։ 1991-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության առաջին նախարար։ 1992-93-ին՝ ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական և սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչ։ 1993-95-ին՝ ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետական նախարար, 1995-99-ին՝ վերստին ՀՀ պաշտպանության նախարար։ 1999-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ, ապա՝ նույն կուսակցության և Հայաստանի ժողովրդական կուսակցության համագործակցությամբ ստեղծված ՙՄիասնություն՚ դաշինքի համանախագահ (Կ. Դեմիրճյանի հետ)։ 1999-ին ՀՀ խորհրդարանական ընտրություններում դաշինքի հաղթանակից հետո, հունիս ամսին նշանակվել է ՀՀ վարչապետ։ Որպես ռազմական և պետական գործիչ՝ ձևավորվել է Ղարաբաղյան շարժման ընթացքում։ 1989-ի վերջին և 1990-ի սկզբներին Արարատի շրջանում կազմավորել է առաջին կամավորական ջոկատները և մասնակցել Երասխի ինքնապաշտպանությանը։ 1990-94-ին անգնահատելի էր նրա դերը ՀՀ սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի կազմակերպման ու ղեկավարման գործում։ 1992-ի օգոստոսի 15-ին հեռուստակոչով զինվորագրվելով երկրապահների առավել փորձառու մի խմբի` ԼՂՀ Մարտակերտի շրջանում կարողացել է դիմագրավել և կասեցնել հակառակորդի առաջխաղացումը։ Վ. Սարգսյանը մեծ ավանդ ունի ՀՀ բանակաշինության գործում։ Հանդես է եկել ՀՀ և բարեկամ երկրների ԶՈւ-երի հետ դաշնակցային ու գործընկերային հարաբերություններ, ՌԴ-ի հետ՝ ռազմական համագործակցություն հաստատելու դիրքերից։ 1987թ. լույս է տեսել Վ. Սարգսյանի ՙՀացի փորձություն՚ վիպակի, պատվածքների, էսսեների ժողովածուն։ Վիպակում արժևորել է անհատի դերը, նրա պատասխանատվությունը հայրենիքի ճակատագրի նկատմամբ։ Հրապարակախոսական հոդվածներում կարևորել է պետական անկախության, պետականաշինության, երկրի պաշտպանության բարձրացման և հզորացման խնդիրները։
ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր և ԳԽ պաշտպանության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահն էր (1990-92)։
Զոհվել է ՀՀ ԱԺ-ում 1999թ. հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործության ժամանակ։
Պարգևատրվել է ՀՀ ՙՀայրենիք՚ և ԼՂՀ ՙՈսկե Արծիվ՚ շքանշանններով։
Վազգեն Սարգսյանի անունով են կոչվել ՊՆ ռազմական ինստիտուտը, Երևանի հանրապետական մարզադաշտը, մարզամշակութային կենտրոններ, փողոցներ՝ Երևանում, Ստեփանակերտում, այլուր։ 2003-ից Արարատում գործում է ՙՍպարապետ Վազգեն Սարգսյան՚ տուն-թանգարանը։ Հանգչում է Եռաբլուրում։ Վազգեն Սարգսյանի կյանքն անմնացորդ նվիրումի վառ օրինակ է։ Գոնե մեկ անգամ մեր կռիվը մինչև վերջ տանելու վճռականության, 21-րդ դարը մերը դարձնելը պատգամը, մեր պատերազմը սիրելու հորդորը և բազում այլ թևավոր խոսքեր` հասցեագրված մեր հայրենակիցներին, ներկայումս էլ հրատապ են ու այժմեական։ Նվիրյալ զորականի բազմաշերտ գործունեությունն արժևորենք` ականջալուր լինելով Խրիմյան Հայրիկի պատգամին. ՙ...Աշխարհիս վերայ մարդոյն կոչումն, պատիվ, փառք, արժանապատվություն, իւր գործերու կշիռն է. նա ինչ վիճակի մեջ կլինի, թող լինի նորա նուիրական պարտիքն է ճանչնալ իր կոչումն, ճանչնալ մարդկութեան վայելուչ կեանք, ճանչնալ նաև, թե ինքն այս աշխարհիս վերայ դիպվածով և ունայնաբար չէ եկեր, այլ մեծամեծ պարտիքներ կատարելու համար ծներ է...՚։
Վազգեն Սարգսյանը գործեց` իր ուսերին առնելով դարերի պարտքն ու պատասխանատվությունը։ Նա մի հզոր բանակ պարգևեց, կորացած մեջքը շտկելու, ինքնուրույն ապրելու հույս ու հավատ պարգևեց։ Նա բառացիորեն գրիչը փոխարինեց զենքով՝ խրամատում շարունակելու կռիվը՝ հանուն որդեգրած սկզբունքների, որ իր կյանքն էր ու իր գրականությունը։ Երբեմն-երբեմն թեժ մարտերի դադարին անակնկալ հայտնվում էր և, ի պատասխան ընկերների լուռ հարցումի, արդարանում.
-Շուտով կհաղթենք և կտեսնենք, թե ինչե՛ր եմ գրելու... Ավա՛ղ նրան վերապահված էր մահապարտի խաչը. նրա` թերևս ամենամեծ ստեղծագործությունը Ազգային Բանակի արարումն էր։ Եվ ուրեմն ասենք` շնորհավոր հոբելյանդ Սպարապետ։ Խոնարհվենք մեծ մարդու հիշատակի առջև և մեր շնորհավորանքն ավարտենք հայ գրականության մեծերից մեկի՝ Հրանտ Մաթևոսյանի` նրա մասին ասված խոսքերով. ՙԵվ ուրեմն՝ ես փա՛ռք եմ ասում, մեծ մարդու հիշատակի առջև։ Ես շնորհակալություն և փառք եմ ասում իր զորակիցներին ու զինակիցներին, ովքեր, իրենք իրենց հաղթելով, կենդանի միջանցք դարձան հերոսի և գործչի երթի համար, ովքեր նրա մեջ տեսան իրենք իրենց՝ թարմ ու նորոգ, իրենք իրենց՝ եռանդուն, իրենք իրենց՝ ջահելաբար քաջ, իրենք իրենց՝ սթափ, իրենց՝ խելամիտ ու պատրանքների չտրվող, բայց և պատրանքները նյութականացնող, իրական զորություն դարձնող, որպես ոգին է մարմին առնում, որպես մարմինն է զորանում ոգով։
Փառք մեզ, որ կարողանում ենք մեծարել, մեծացնել և հավատալ, որ կանչում ենք և հավատում, որ մեր ամենալավերը կհառնեն մեզնից և մեզանով...՚։

 

 

 

 

Last modified onԵրեքշաբթի, 05 Մարտի 2019 10:34