...ՈՐ ԴԱՐԵՐՈՒՄ ԱԶԱՏ ԽՇՇԱ ՆԱԻՐՅԱՆ ԴԱԼԱՐ ԲԱՐԴԻՆ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
(Դիմանկարի էսքիզ` արխիվային փաստերի հիման վրա)
Ժամանակը որքան մեզ հեռացնում է Մեծ Հայրենականից, այնքան ավելի ենք կառչում այն ապրած մարդկանց հուշերից: Նրանց շարքերը գնալով նոսրանում են, նրանք հեռանում են, այո, բայց ոչ` հիշողությունից: Երբ մարդը լքում է այս աշխարհը, ասում ենք` գնաց մեկ այլ աշխարհ: Իսկ այդ աշխարհը հենց մարդկանց հիշողությունն է: Ու եթե մարդը մնում է ապրողների հիշողության մեջ, նշանակում է` նա ողջ է:
…1942 թվականն էր: Գերմանացիները հասել էին Հյուսիսային Կովկաս: Արմիկ Արամյանն այդ օրերին աշխատում էր ԼՂԻՄ մարզժողկրթբաժնում` որպես մեթոդիստ: Նա առաջիններից մեկն է կամավորագրվում ու մեկնում ռազմաճակատ: Նրան հետևում են շատ աղջիկներ: Սովորում է ավտովարորդների դասընթացներում` դառնալով ռազմական ճանապարհային տեսուչ: Պատերազմի զարկերակները ճանապարհներն էին, որոնց անխափան աշխատանքի ապահովումը հանձնարարված էր նաև Արմիկին:
Նրա արխիվում մենք գտանք մի փաստաթուղթ` 1944թ. օգոստոսի 30-ի թվագրությամբ, որում ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանն էր Ուկրաինական 1-ին ռազմաճակատի զորքերին` գերմանական զավթիչների դեմ մղված պայքարում ցուցաբերած արիության համար պարգևատրման մասին: Այդ ցուցակում Արմիկ Արամյանի անունն էլ կար, իսկ պարգևատրման թերթիկում համառոտ նկարագրված էր այն սխրագործությունը, ինչի համար նա ստացել էր կառավարական բարձր պարգևը: Այնտեղ գրված էր. ՙՍերժանտ Արմիկ Արամյանը կարմիր բանակում ծառայում է 1942 թվականից, ճանապարհային կարգավորման դիրքի պետն է: Նրա ղեկավարած դիրքը լավագույնն է: Նա իրեն դրսևորել է որպես գերազանց կազմակերպիչ` ապահովելով իրեն հատկացված երթուղային հատվածներում ռազմական տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը: Գարնանային ձյունահոսքերից ճամփախափանքների ընթացքում Ա. Արամյանը կարողացել է տեղի բնակչությունից 150-200 քաղաքացի մոբիլիզացնել ճանապարհային աշխատանքներում ու հմտորեն կազմակերպել ռազմական փոխադրամիջոցների անխափան տեղաշարժերն անհրաժեշտ ուղղություններով: Միայն օգոստոսի 11-20-ը տվյալ տեղամասում նա ապահովել է 210 հազար մարտական և տրանսպորտային մեքենաների երթևեկությունը` բացառելով որևէ խցանում կամ վթար: Արմիկ Արամյանը մարտական և քաղաքական պատրաստության գերազանցիկ է: Նա միանգամայն արժանի է կառավարական բարձր պարգևի`ՙՄարտական ծառայությունների համար՚ մեդալի: 30 օգոստոսի, 1944թ.՚:
Սա գործող բանակում 1942-1945թթ. Արմիկ Արամյանի երկար ու ձիգ օրերից դրվագ է ընդամենն իննօրյա ծառայությունից: Այդպես նա Հյուսիսային Կովկասից մարտերով հասել է Բեռլին: Եվ դա էքսկուրսիա չէր, սարսափելի պատերազմ էր: Զօր ու գիշեր ռմբակոծվում, գնդակոծվում էին հանգուցային կետերը, ձմռան սառնամանիքին սառցե լուլաները կախվում էին օձիքից, գիշերները պահակակետում կանգնած, սապոգները սառչում, կպչում էին գետնին, իսկ նա դիրքում կանգնած` ճանապարհ էր բացում զորքի համար: Չենք խորանում այս մանրամասնությունների, նրա վիրավորվելու, տրված արձակուրդը մինչև Ստեփանակերտ հասնելը ճանապարհներին ծախսելու վրա: Դա գեղարվեստական ֆիլմ է հիշեցնում: Միայն ասենք, որ այն երջանիկներից է, որը Ռայխստագի վրա գրել է` ՙՍտեփանակերտ-Բեռլին, Արմիկ Արամյան՚:
Նրա դուստր` ԱՀ վաստակավոր մանկավարժ Նաիրա Թամրազյանի հետ միասին վերհիշելով քաջակորով ու ազնվազարմ (Սարդարապատի հերոսներ Փիրումյանների և ազգի նվիրյալ զավակ, մեծ բարերար Միքայել Արամյանցի շառավիղն է), հայրենասեր արցախուհու կյանքի դրվագները, հիանում ես, որ մինչև իր կյանքի վերջը, մինչև ապրած 92 տարիները նա մնաց զինվոր: Տեսնելով, որ Խնձրիստան գյուղի դպրոցը փակվելու վրա է, քանի որ չկային հայոց լեզվի և մաթեմատիկայի ուսուցիչներ, ամուսնու` մարզում ճանաչված մաթեմատիկոս Սուրեն Թամրազյանի հետ որոշում է գնալ իրենց համար անծանոթ այդ գյուղը և շուրջ 20 տարի դասավանդել այնտեղ: Իսկ թոշակի անցնելուց հետո էլ շարունակում է երիտասարդ սերնդին վարակել հայրենասիրական զգացումներով` տարբեր առիթներով նրանց հետ հանդիպումների ներկայանալով: Եղել է պահ, երբ ծայրահեղական մոտեցում են ցուցաբերել Մեծ Հայրենականի մասնակիցների հանդեպ, իբր նրանք իզուր են կռվել խորհրդային երկրի համար: Նման դեպքերում նա ասել է. ՙԿռվել ենք, որ դարերում ազատ խշշա Նաիրյան դալար բարդին՚:Մարտական դաժան տարիների մասին Արմիկ Արամյանը պատմել է որդիներին ու թոռներին, նրանց ու իր հարյուրավոր սաներին կրթել ու դաստիարակել է բարձր հայրենասիրության ոգով. սաներ, որ հետագայում բռնեցին նույն քննությունը` Արցախյան պատերազմում փրկել հող հայրենին:
1992թ. ՙԱրցախ՚ հանրապետական թերթի դեկտեմբերի 1-ի համարում նրա ստորագրությամբ թղթակցություն կա` ՙԱղջիկներն էլ կարող են կռվել՚, որում նա կոչ է անում կանանց զինվորագրվել հայրենիքի ազատության պայքարին` բերելով իր և իր սերնդի աղջիկների օրինակը: ՙԱրցախի աղջիկներն այն ժամանակ զինվորագրվեցին և մարտնչեցին Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսիայի, Լեհաստանի ազատագրման համար: Իսկ այժմ իսկական հայրենական պատերազմ է ամբողջ հայության համար: Այս պատերազմը պետք է որոշի Արցախի ապագան: Այդ պատճառով պետք է զինվորագրվեն բոլորը` անկախ սեռից: Արցախի աղջիկները կարող են կատարել նույնիսկ ավելին, քան կատարել ենք մենք` ավագ սերնդի աղջիկներս: Չէ՞ որ պատերազմն այժմ մեր սեփական հողում է: Ամեն ոք պետք է իր արժանի ավանդը ներդնի հաղթանակի գործում, որպեսզի միշտ ազատ մնա մեր հինավուրց Արցախը՚: Իսկ թղթակցության վերջում գրել էր. ՙԽնդրում եմ հոնորարը փոխանցել Արցախի պաշտպանության ֆոնդին՚:
Եվս մի ուշագրավ երկտող գտանք վետերանի արխիվում, որը նա հասցեագրել էր ավագ ծոռանը` Մարիամին: Դա սոսկ սիրող նախատատի մաղթանք չէր.
ՙՄարիամ, նոր կյանք ես մտնում, թող ճանապարհդ միշտ կանաչ լինի: Միշտ կսիրես ու կհարգես ծնողներիդ, տատիկներիդ, պապիկներիդ, միշտ պարտքի զգացում կունենաս նրանց հանդեպ:
Սիրիր ու հարգիր ուսուցիչներիդ: Կյանքում այնպես կապրես, որ նրանք հիացմունքով խոսեն քո մասին, յուրաքանչյուրը հպարտանա, որ դու նրա աշակերտուհին ես եղել:
Ոչ մի անգամ չգոռոզանաս, ոչ ոքից քեզ վեր չդասես, ժողովրդական առածն ասում է` ծառը որքան շատ պտուղ է տալիս, ճյուղերն այնքան ցածր է պահում:
Սիրիր ընկերներիդ, ծուռումուռ գնացողին չընկերակցես: Նաև հիշիր, բացարձակ վատ մարդ չի լինում, բոլորի մեջ կա մի դրական հատիկ, որի վրա պետք է հենվես և զարգացնես: Կյանքում միշտ լինես իսկական մարդ:
Սիրիր քո նորաստեղծ ազատ, անկախ Արցախը և միշտ կաշխատես քո ներդրումն ունենալ նրա խաղաղության, բարգավաճման գործում, որպեսզի ունենանք հզոր հայրենիք` Հայաստան: Քեզ բարի երթ:
Ամուր գրկում ու համբուրում եմ`
Քո Մեծ տատիկ` Արմիկ՚:
Այս տողերի մեջ իրավամբ խտացված է պատերազմի ծանր փորձություններով անցած կնոջ կենսափիլիսոփայությունը:
Դա ավագ սերնդի հավաքական պատգամն է նոր սերնդին, որ երբեք և ոչ մի պարագայում իր իմաստն ու նշանակությունը չի կորցնի: