ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արցախի պետական համալսարանում մայիսի 16-ին հյուրընկալվեցին ռազմական վերլուծաբան, փորձագետ Արմեն Հարությունյանը և քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը:
Ա. Հարությունյանը դասախոսություն կարդաց ռազմական անվտանգության և ռազմավարության թեմայով, որը, նրա դիտարկմամբ, շատ հրատապ է մեր երկրի համար` հաշվի առնելով պատերազմի լուրջ վտանգը և մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները: Ըստ նրա՝ ապագա քաղաքագետները և հասարակությունն ընդհանրապես պետք է լավ պատկերացում կազմեն` ինչ է իրենից ներկայացնում ռազմական անվտանգությունը, և որն է այն ռազմական դոկտրինը, որը կլինի ամենաարդյունավետը:
Նրա կարծիքով` մեր պետությունը որդեգրել է պաշտպանական ռազմավարություն, որն արդյունավետ չէ: Ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ այդ դոկտրինը չի կարող թշնամու զորքերի ջախջախում և մեր երկրի համար երկարատև խաղաղ ժամանակաշրջան ապահովել: Դրա համար պետք է անցնել հարձակողական ռազմական դոկտրինի և ավելի արդիականացնել մեր բանակը, ձեռք բերել նորագույն զինտեխնիկա: Պետք է ամեն օր պատրաստ լինել նոր պատերազմի և, հաշվի առնելով մեր հակառակորդի բավականին լուրջ ռազմական ներուժը, խրամատներում չսպասել նրա հարձակմանը: ՙՄեր հետախուզությունը պետք է իր կարողություններն ավելացնի, ինչը մեզ թույլ կտա իմանալ պատերազմի բարձր հավանականության մասին և իրականացնել կանխարգելիչ հարված՚,-այս կարծիքին է փորձագետը:
Մյուս կարևոր կետը պահեստազորի լավ պատրաստությունն է. նրա մարտունակությունը չպետք է զիջի կանոնավոր զորամիավորումներին: Պետք է ուշադրություն դարձնել նաև քաղաքացիական պաշտպանությանը: Փորձագետն օրինակ բերեց Ապրիլյան պատերազմի բացթողումները. մի քանի ժամ պատերազմ էր գնում, բայց Արցախի աշակերտները գնում էին դպրոց, և այդ պատճառով նաև աշակերտի կորուստ ունեցանք: Պետք է ստեղծել պետական հրթիռաօդային կանխարգելման համակարգ, որն ինտեգրված կլինի հակաօդային պաշտպանության մեջ, որպեսզի հնարավոր հարվածի դեպքում ազդանշաններ հնչեն համապատասխան բնակավայրերում, և բնակչությունը պատսպարվելու հնարավորություն ունենա: ՙԵվ քանի որ մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ չորս հարևաններից երկուսն ուզում են ոչնչացնել մեր պետականությունը, պետք է իրականացնենք ազգ-բանակ հայեցակարգի կիրառումը և Հայաստանը նորից վերածենք անառիկ բերդի, ինչպիսին այն եղել է իր հինգհազարամյա պատմության ժամանակաշրջանում: Իսկ դրա համար անհրաժեշտ է կառուցել մրցունակ տնտեսություն, պետությունն էլ կարողանա ապահովել ժամանակակից բանակ՚,-նշեց փորձագետը:
Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ նա ասաց, որ դրանք չպետք է բարձր դասել անվտանգության խնդիրներից, այդ կարմիր գիծն անցնել պետք չէ, ժողովուրդը և պատմությունը չեն ների:
Բանախոսը նշեց, որ մինչև 2000-ական թվականները թշնամին վախենում էր, բայց երբ տեղի ունեցավ ռազմական հավասարակշռության խախտում, նա ավելացրեց լարվածությունը: Եվ ներկա իրավիճակի խնդիրն է կարճ ժամանակահատվածում փոխել դա, ինչի հնարավորություններն առկա են. ՙԻսկ մինչ այդ պետք է կենտրոնացնենք մեր ժողովրդի ամբողջ ներուժը և ցույց տանք թշնամուն, որ պատրաստ ենք պատերազմի, որ այլևս չենք սպասի թշնամու հարձակմանը: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ վտանգի պահին իրավունք ունենք առանց սպասելու առաջինը հարվածել և ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը՚,-ասաց նա:
Մեր այն հարցին, թե աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում ինչպիսին պետք է լինեն մեր հարաբերությունները դաշնակիցների հետ, վերլուծաբանն ասաց. ՙՄենք ունենք երկու հուսալի դաշնակից` մեր բանակը և հետախուզությունը: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ իրական դաշնակից չունենք: Եթե ուզում ենք պահպանել մեր պետականությունը, պետք է հենվենք սեփական ուժի վրա, որովհետև ցանկացած, այսպես կոչված, դաշնակից, կարող է ունենալ այնպիսի ազգային շահեր, որոնք կարող են տվյալ պահին չհամընկնել մեր շահերի հետ՚,-և որպես ապացույց վկայակոչեց Ապրիլյան պատերազմն ու մեր հարուստ պատմությունը:
Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը նույնպես հարցի վերաբերյալ ներկայացրեց իր դիտարկումները: 25 տարուց ավելի ժամանակահատվածում Հայաստանում ու Արցախում կուտակվել են մեծ ծավալով խնդիրներ, որոնք ոչ միայն ռազմական են, այլև սոցիալական, տնտեսական, քաղաքական և այլն: Ըստ նրա՝ պատերազմը քաղաքականության շարունակությունն է ուրիշ գործիքով: ՙՊատերազմը քաղաքական մտքի, քաղաքական վերնախավի գործիքն է: Դու կարող ես ունենալ լավ բանակ, բայց եթե քո քաղաքական վերնախավը չունի կամք կռվելու, ամեն ինչ ապարդյուն է՚: Նա բերեց բանաձևը, որը որոշում է, թե ինչից է կազմված ազգի հզորությունը. այն է` տնտեսական հզորություն, ռազմական, երրորդ՝ հասարակության հզորություն, բայց այդ ամենը բազմապատկվում է կամքի դրսևորմամբ: ՙԴու կարող ես ունենալ ահռելի տնտեսական, ռազմական ներուժ, բայց եթե չունես կռվելու կամք, ամեն ինչը զրոյանում է՚,-ասաց նա:
Քաղաքականության մի անբաժանելի մասն էլ գաղափարախոսությունն է: ՙԵթե ուզում ես ունենալ կայուն քաղաքականություն, կայուն հասարակություն, հզոր հայրենիք, դու պետք է կողմնորոշվես` ինչ գաղափարներ ունի հայ ժողովուրդը 21-րդ դարում, ինչ է ուզում, ուր է գնում: Փորձը ցույց է տալիս, որ երբ հայ ժողովուրդն իր առջև դնում է կոնկրետ նպատակ, նա միշտ հասնում է դրան: Խնդիրները լինում են այն ժամանակ, երբ չենք կարողանում ի մի բերել մեր հարցերն ու նպատակները՚,-նկատեց քաղաքագետը՝ հավելելով, որ մատաղ սերունդն այս ոգով պետք է հնարավորինս դաստիարակվի:
;