comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՄԵՆՔ ԼԱՑՈՂ ՄԱՅՐԵՐ ՉԵՆՔ ՄԻԱՅՆ...՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԵՆՔ ԼԱՑՈՂ ՄԱՅՐԵՐ ՉԵՆՔ ՄԻԱՅՆ...՚

 

 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Կազմակերպությունը նշեց իր ստեղծման հերթական տարեդարձը

Արցախում ժամանակի հրամայականով ծնունդ առած կազմակերպություններից է ՙԱնհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն՚ հասարակական կազմակերպությունը։ Հոկտեմբերի 10-ին ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հուշաթանգարանում տեղի ունեցած միջոցառումը, որին ներկա էին ԱՀ կառավարության անդամներ, մտավորականներ, Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նվիրված էր կազմակերպության ստեղծման 21-րդ տարեդարծին։
Գոյության 21 տարիների ընթացքում կազմակերպությունն փորձել է աջակցել, սատարել անհայտության մեջ հայտնվածների ընտանիքներին։ Դա հաջողվել է հանրապետության իշխանությունների, բարեգործ ձեռներեցների, որոշ հասարակական կազմակերպությունների ու մասնավոր անձանց օժանդակության շնորհիվ։ Այսօր միությունն ունի ՙՀայրենիք և հավատ՚ անունը կրող իր մեդալը, որով պարգևատրվում են պատերազմի մասնակիցների և անհայտ կորած տղաների ծնողներն ու կազմակերպության ծրագրերի իրագործմանը շարունակաբար նպաստող անհատները։ Իր խոսքում Վ. Գրիգորյանը երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ակտիվ համագործակցել և շարունակաբար նպաստում են միության ծրագրերի իրագործմանը։ Այդուհանդերձ՝ ԼՂՀ ԱԿԱՀՄ նախագահը անհանգստություն հայտնեց առ այն, որ տարիներն անցնում են, իսկ հակառակորդի անմարդկային ու ժխտողական քաղաքականության պատճառով չի հաջողվում գտնել և տուն վերադարձնել իրենց զավակներից գոնե մեկին, կամ որևէ մեկի աճյունը։ Նույնիսկ ունեցած տեղեկությունները հնարավոր չի լինում ծառայեցնել նպատակին։ ՙՄենք մեր որդիների անհայտ ճակատագրերի համար լացող մայրեր ու հարազատներ չենք միայն, այլ նաև թև ու թիկունք՝ մեր պետությանն ու բանակին։ Ներկա իրավիճակում մեզ մնում է բազմապատկել ուշադրությունը անհայտ կորածների ընտանիքների հանդեպ և շարունակել սպասել ու հուսալ։ Գուցե կփոխվեն ժամանակները, կփոխվեն և դիրքորոշումները, և մի լույս կծագի մեզ համար՚,- ասաց Վերա Գրիգորյանը։
Նշենք, որ միության կազմում հաշվառված է 773 անհայտ կորած, որից 250-ը՝ ազատամարտիկ։ Կազմակերպության անդամների թիվը գերազանցում է 3200-ի սահմանը։
Միջոցառման 2-րդ մասը նվիրված էր Վերա Գրիգորյանի ՙԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հուշաթանգարանի ուղեցույց՚ նորերս լույս տեսած գրքին, որի խմբագիրը պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանն է։ Այն իրականում գիրք-ալբոմ է, որտեղ ներկայացված են անհայտ կորած ազատամարտիկների հուշաթանգարանի մշտապես ցուցադրվող ցուցանմուշները, որոնցից, կարելի է ասել, հյուսվում են Արցախյան ազատամարտի պատմության շատ էջեր, պատերազմի ՙգլխավոր գործող անձը՚ հանդիսացող յուրաքանչյուր զինվորի և նրա ընտանիքի յուրատիպորեն դասավորված ճակատագրերը։ Մ. Հարությունյանի հավաստմամբ՝ նրանք, ովքեր հուշաթանգարանում լինելու առիթը դեռ չեն ունեցել, սույն ուղեցույցի միջոցով հնարավորություն կստանան հեռակա պատկերացում կազմել հիշատակի այդ յուրօրինակ օջախի մասին։
Իր գործունեության ընթացքում Վ. Գրիգորյանն առաջնորդվել ու շարունակում է առաջնորդվել ՙԺողովուրդ և բանակ՝ մեկ մարմին և մեկ հոգի՚ կարգախոսով։ ՙՍատարում հարազատ բանակին՚ նախաձեռնող խմբի հնգամյա գործունեությունն էլ դրա վառ վկայությունն է։ ԱՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը բարձր է գնահատել Վ. Գրիգորյանի կատարած աշխատանքը. նրա հրամանով ԼՂՀ ԱԿԱՀՄ նախագահը խրախուսվեց շնորհակալագրով և հուշանվերով։ Պաշտպանության նախարարի շնորհակալական խոսքը ներկայացրեց ԱՀ ՊՆ ԱՀՏԱ բաժնի պետ Նորայր Մկրտչյանը։
ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության վարչության պետ Սամվել Իսրայելյանն էլ իր ելույթում հավաստիացրեց, որ կշարունակեն աջակցել կազմակերպությանը և հնարավորինս օգնություն ցուցաբերել միության կարիքավոր անդամներին։
Ավանդական գինեձոնից հետո տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Կազմակերպության հետ ակտիվ համագործակցության և աջակցության համար մի խումբ անձինք, այդ թվում նաև նախարարներ, պարգևատրվել են միության ՙՀայրենիք և հավատ՚ և հայաստանյան ՙԶինվորի մայր՚ հասարակական կազմակերպության ՙԶինվոր հայրենյաց՚ մեդալներով։