[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՈՍԿԵ ԵՐԱԿԸ

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

  ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ-75

 Ասում են՝  յուրաքանչյուր սերունդ իր պատերազմն ունի, նրանցից յուրաքանչյուրն էլ՝ պատերազմական իր պատմությունը… Սարուշենցի պապիս՝ Արշավիր Ավետիսյանի սերնդինը Մեծ Հայրենականն էր: Այդ տարիներին իմ անունը դեռևս կյանքի գրքում չէր էլ նշմարվում, սակայն 3-ամյա մայրս, որ աշխարհի գործերից շատ քիչ բան էր հասկանում ու հոր պատերազմ ճամփողների վերջին շարքում էր, աղեկտուր լաց էր լինում /ասես ինչ որ բան էր կանխազգում/…Նրա լացը ողջ գյուղն այդպես էլ երբեք չմոռացավ… Մայրս որբության դառնությունները հետո էր ճաշակելու… Հորական կողմի Խանում տատի փեշերի տակ ծվարելով, բոյ էր քաշելու՝ սրտում խորունկ ցավ ու կսկիծ, հոր գգվանքի կարոտ, ու նրա բոլոր չապրած տարիները հետագայում վերծանվելու էին երգով: Երեք տարին նոր բոլորած մայրս հոր դեմքն այդպես էլ չի հիշելու, սակայն առ այսօր, պատկառելի տարիքում էլ /նա արդեն 83 տարեկան է/, հիշում է հոր Սևուկ ձիուն՝ ճակատին ճերմակ խալով իրենց ՛՛հարազատին՛՛, որը հետո երկար տարներ օրնիբուն բանում ու մի տուն լիքը որբուկներ էր պահում:

Սարուշենցի պապիս մահվան բոթը գյուղ հասավ 1943-ին: Հայրը՝ Ավանես Ավետիսյանը, չդիմացավ միակ որդու կորստյանն ու հրաժեշտ տվեց աշխարհին: Երբ լուրը տարան կնոջը՝ Ամարասում գիշերները ցերեկ դարձրած, հնձվորների համար կերակուր եփող իմ նախատատ Խանումին, նա խռովեց  ՚՚նամարդ՚՚ ամուսնուց ու տուն չեկավ…Երբ գյուղխորհրդի նախագահը հորդորում էր նրան գալ ամուսնու թաղմանը, նա անդրդվելի էր. ՚՚Ինչու՞ չապրեց, որ որբուկներին տիրություն անի, հե՞շտ էր, հա, ձեռքերը լվանալ ու հեռանալ…՚՚: Հողի տակ էլ նրան չներեց, և հարսին թև-թիկունք դառնալով՝ շահեց-պահեց որդու որբերին… Նրանց արժանապատիվ ուսում ու դաստիարակություն տվեց ու աշխարհին հրաժեշտ տվեց 104 տարեկանում՝շրջապատված թոռ ու ծոռներով, նրանց անսահման սիրով ու հոգատարությամբ:

Ամեն անգամ, երբ խոսք է բացվում Հայրենական Մեծ պատերազմի մասին, աչքերիս առջև իսկուն հառնում է Մեծ Մորս սևազգեստ կերպարը.  նրա ունքամեջը ողջ կյանքի ընթացքում այդպես էլ չբացվեց: Ողջ գիտակցական կյանքում նա մեզ /իմա՝թոռներին/՚  ՚կերակրում՚՚ էր իր կյանքի մութ ու դաժան պատմություններով՝ այն շաղախելով հետպատերազմյան թիկունքի դառնություններով: Այսօր, երբ ինքս էլ ճաշակել եմ պատերազմական դառնությունները և արդեն հասուն տարիքում եմ, նոր եմ հասկանում, թե ինչու Մեծ Մամիկիս ունքամեջն այդպես էլ չէր բացվում, նույնիսկ, երբ թոռ ու ծոռների հարսանիքի զուռնայի ձենը աշխարհն էր բռնում… Ու հանգավ Մեծ Մայրս աշխարհի հետ հաշտ ու անհաշտ, բարության ծով իր սրտում ամբարած աշխարհի ցավն ու մորմոքը:

Մեծ Հայրենականից 75 տարի անց էլ պապիս կիսալքված օջախում մխում են ցավն ու կարոտը… Պատերազմական ընդմիջումներից դաշտային փոստով ուղարկած նրա նամակների յուրաքանչյուր տողը անգիր գիտեն հարազատները, նրա յուրաքանչյուր խոսք տարիներ շարունակ սպեղանի է մեր սրտերին, իսկ հուշերը՝ հաղթանակակերտ պատգամ ու կտակ մեզ ու սերունդներին:

Մեծ Հայրենականից 75 տարի անց ես փորձում եմ ժողովել մեծ պապիս, նրա զավակների ու թոռների հաղթանակները, ու ծանրանում են օրերս հուշ-հիշողություններով, և փնտրտուքների այդ ճանապարհին գտնում եմ պապերիս ու սերնդակիցներիս Եռատոն ու Եռագուն հաղթանակները… Երբ քեռիս՝ Հրանտ Ավետիսյանը, իր հրամանատարական հագուկապով հյուրընկալվում էր մեր օջախում, մեր տանը տոն էր, մենք սիրում էինք նրա խոսքի տոնը, պահվածքը, աստղազարդ ուսադիրները: Հետագայում, երբ երկարամյա ծառայությունից հետո զորացրվել ու քաղաքացիական հագուստ էր կրում, նույն խստաբարո հրամանատարն էր, միևնույն պահվածքն ու սպային հարիր վայելուչ կեցվածքը:

…Մեծ Հայրենականը ներկա էր ոչ միայն մեր օջախում, այլև ողջ դպրոցական և ուսանողական  տարիներին ու իմ բոլոր սերնդակիցների կյանքում… Իմ պատմության ուսուցիչը՝ Ալեքսանդր Միրզոյանը, ով անցել է պատերազմական ողջ Գողգոթան ու Հաղթանակը դիմավորել Բեոլինում, մինչև իր կյանքի վերջը մնաց այդ հաղթանակների կերտման ոչ միայն մասնակիցը, այլև անխոնջ պրոպագանդիստ-քարոզիչը… Իմ սերնդակիցները լավ են հիշում նրա հրաշունչ ու անավարտ դասերը: Դեռ նոր եմ հասկանում Աստվածաշնչյան այն իմաստության խորհուրդը, որ հուշում է. ՚՚Լեզուն սրտի ավելցուկից է խոսում…՚՚: Այսօր էլ, ունկնդրելով Մեծ Հայրենականի մեր վետերաններին, հասկանում ենք, թե որքա՜ն ավելցուկ կա նրանց սրտերում… Նրանք՝ կյանքի իմաստուն դասերն առած մեր վետերանները, մեզ մեծ հաղթանակների ժառանգություն թողեցին ՝՚՚Լայնարձակ հայրենի երկրի՚՚ ֆորպոստ-խրամատներում գծելով մեր կենսագրության ուղեցույց-ուղենիշը… Գրեցին արյամբ, գրեցին աննախադեպ սխրագործություններով՝ ուղենշելով սերունդների պայքարի հաջորդականության անխոտոր ճանապարհը… Նրանց օր-օրի նոսրացող շարքերը ոչ թե հեռացող սերնդի, այլև հեռացող դարի զանգն են հնչեցնում, հեռացող, սակայն օր-օրի նորացող հաղթանակների գալուստը  ՚՚գուժում՚՚:

Հաղթող պապերի սերունդը իր կամքն ու պայքարը վահան պիտի դարձներ Արցախամարտում… Հաղթող պապերի հաղթանակող թոռները Արցախյան-Հայրենականում պիտի հաստատագրեին, որ հայոց գենը պարտություններ չի հանդուրժում, և սերունդների կապը անխախտ է, իսկ նրանց սրի զարկը՝ աներեր, հատկապես, երբ խոսքը վերաբերում է կենաց ու մահու պայքարին: Հաղթող պապերի սերունդը  հաղթանակների ըմբոստ սերունդն է այլևս… Սերունդ, որ այսօր առաջնագծում հերոսանում է յուրաքանչյուր Աստծո օր ու կրելով արդարության զրահը, տերն ու պաշտպանն է իր Գոյ-ի սահմանի, որտեղ ամեն օր թագադրվում է հայության հաղթանակների ոսկե երակը:

 

 

 

Last modified onԵրեքշաբթի, 05 Մայիսի 2020 16:06