[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՅԻՍ

ՍԻՐՎԱՐԴ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Կրկին մայիս է, մեր մեծ հաղթանակների արժևորման ու իմաստավորման ամիսը…Շնորհավորում ենք նշանակալից տոների կապակցությամբ ու մեր ընթերցողներին  ներկայացնում տոնի արժևորման գնահատականները նրանց շուրթերից, ովքեր անուրանալի ներդրում են ունեցել հաղթանակների կերտման ճանապարհին:

 

ՇՈՒՇԻ…ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ

Արկադի Տեր-Թադևոսյան/Կոմանդոս/,Արցախի հերոս,Շուշիի ռազմագործողության ղեկավար

 

Շուշին ազատագրելը չէր մեզ միայն սխրանքների մղում, այլ նաև արյան հիշողությունը… Իսկ այն, ինչ տեղի ունեցավ Շուշիում, նախադեպը չունեցող հաղթանակ էր: Այդպիսի հաղթանակներ մենք ապագայում էլ ենք ունենալու… Սակայն միամիտ կլինի կարծել, թե միայն խիզախությամբ ու անձնազոհությամբ հնարավոր կլինի հաղթել պատերազմում: Ռազմարվեստն իր գրված ու չգրված օրենքներն ունի և առաջին հերթին պահանջում է գիտելիք, իմացություն, կարողություն… Շուշիի ճակատամարտի բոլոր հաշվարկները իրական հենք ունեին, ուսանելի էին նաև պատմության դասերը. հայերը միշտ կռվել են՝ մեկը երեքի-չորսի դեմ:

Ես, ինչպես հավանաբար գիտեք, կադրային զինվորական եմ, ծնվել եմ Թբիլիսիում, ուսանել Բաքվում, ծառայել Ռուսաստանում, Չեխոսլովակիայում, Բելոռուսիայում, Գերմանիայում: Անկեղծ ասած, ազգությունների միջև երբեք տարբերություն չեմ դրել: Սակայն հակամարտության հենց սկզբից այն, ինչ տեսա Ղարաբաղում, մեկընդմիշտ վերափոխեցին իմ պատկերացումները: Ես առաջին անգամ շփվեցի տղամարդկանց, հիմնականում՝ զինվորական կրթություն չստացած տղամարդկանց հետ, որոնք հայրենիքն ամեն ինչից վեր էին դասում, հայրենիքի պաշտպանությունն իրենց առաջնահերթ, նվիրական պարտականությունը համարում: Ով չի մասնակցել, կամ ականատես չի եղել Արցախի ազատագրության մարտերին, չի կարող պատկերացնել, թե հայ կամավորականներն ինչպիսի հանդգնությամբ, միմյանցից առաջ ընկնելով էին նետվում վտանգին, երբեմն՝ մահվանն ընդառաջ, հաճախ, այո՛, զոհվում, բայց հերթական տարածքը, թիզ հողն էին ազատագրում: Երբ ինձ հարցնում են, թե ինչը նպաստեց մեր հաղթանակին, ես միշտ կրկնում եմ. նախ և առաջ՝ հայ զինվորի մարտական ոգին, կորովը: Իհարկե, մենք էլ զոհեր, անփոխարինելի կորուստներ ունեցանք, մինչև հիմա ես առանց ափսոսանքի, ներքին հուզումի չեմ կարողանում Եռաբլուր բարձրանալ, սակայն եթե մարտական փառքի պանթեոնը չլիներ, մեր սերունդները Ծիծեռնակաբերդի համալիրի դիմաց ստիպված էին լինելու նոր ցեղասպանության զոհերի հուշակոթող կառուցել:

…Արցախը մաքառում էր, Արցախը պայքարում էր, Արցախը պիտի հաղթեր… Ինչ խոսք, որ պատերազմական ողջ ծանրությունն ընկած էր, առաջին հերթին, արցախցիների ուսերին, սակայն այդ՝ հիրավի թեժ պայքարից անմասն չէին նաև այն հայ կամավորականները, ովքեր հայրենիք փութացին արցախականչին ունկնդիր… Ես բարձր եմ գնահատում նրանց դերակատարությունը այդ դժնդակ տարիներին: նրանք մեր ազգի սերուցքն են ու եկան իրենց կյանքով փրկելու կորուսման եզրին գտնվող Հայրենիքը… Շատ-շատերը ընկան քաջին վայել հերոսական մահով… Փառք, պատիվ ու հավերժ հիշատակ նրանց: Այդ պոտենցիալ մահապարտներից շատերն այսօր կենդանի են ու մեր շարքերում են, մեր խորին հարգանքն ու երախտագիտությունը նրանց ու պատմության անաչառ գնահատականը: Շուշին, հիրավի, անունն է մեր հաղթանակների:

 

ԱՄԵՆԱՄԵԾԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՑ

Վազգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար /1992-1993 թթ./,/1995-1999 թթ./

1993թ., 9-մայիսի, Շուշի

 

Շուշիի ազատագրումը ես համարում եմ վերջին հազարամյակի մեր ամենամեծ հաղթանակներից մեկը: Եթե ոչ ամենամեծը: Դա առաջին հերթին Արցախի ամբողջ ժողովրդի, զինվորների մեծ ու փայլուն հաղթանակն էր: Այն ցույց տվեց, որ մահապարտներ չենք միայն, եկել է հաղթանակներ տոնելու ժամանակը, ու հաջորդ բոլոր հաղթանակները, որ մենք ունեցել ենք, կռել ենք Շուշիի հիմքի վրա: Շուշիի ազատագրումը, հաղթանակը դեռևս լիարժեք գնահատված չէ: Միայն տարիներ, տասնամյակներ հետո դրա արժեքը մեր ժողովուդը կիմանա: Եվ փառք Աստծո, այսօր արդեն զգացվում է, որ նա դա շատ լավ է ընկալում: Եղել են դեպքեր, երբ Շուշին վերցվել, հետո հետ է գրավվել թշնամու կողմից: Բայց ես լիովին համոզված եմ, որ սա Շուշիի վերջին գրավումն է հայերի կողմից, այն այլևս թշնամուն վերադարձնել չկա: Շուշին նորից պիտի դառնա հայկական գեղեցիկ, հրաշալի քաղաք: Ես գլուխ եմ խոնարհում բոլոր-բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր այս փոքրիկ հայկական երկրամասի անկախության համար զոհեցին իրենց կյանքը:

 

ՄԵՆՔ ՀՊԱՐՏ ԱՊՐԵԼ ՍՈՎՈՐԵՑԻՆՔ

Գուրգեն Դալիբալթայան, գեներալ-գնդապետ

 

Մենք չէինք կարող հայոց հինավուրց ոստան բերդաքաղաքը՝ Շուշին թողնել գերության մեջ… Շուշիի ազատագրումը ոչ միայն արցախահայության, ողջ հայության պատվի ու պատվախնդրության հարցն էր… Ուրախ եմ, որ պատիվ եմ ունեցել մասնակիցը լինելու Շուշիի վերահայացմանը: Շնորհակալ եմ առաջին հերթին մեր ազատամարտիկներին այդ իրադարձության առթիվ: Մենք դժվար հաղթանակներ տարանք ու հպարտ ապրել սովորեցինք: Վստահ եմ՝ այն կփոխանցվի սերնդեսերունդ: Հպարտ եմ, որ բազմիցս առիթ եմ ունեցել շնորհավորել բոլոր արցախցիներին Եռատոնի առթիվ… Թող այսուհետ Արցախում միայն հաղթանակների շքերթ-զորահանդեսներ լինեն:

 

ՇՈՒՇԻՈՒՄ ՀԱՂԹԵՑ ԶԻՆՎՈՐԻ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՈԳԻՆ…

Ֆելիքս Գզողյան, պահեստազորի գեներալ-մայոր

 

Ամեն անգամ մեծ զգացումներով ու մեծագույն հաճույքով եմ մասնակցում մայիսյան եռատոնին: հաճելի է գիտակցել, որ թեկուզ փոքր՝ ներդրում ունես ժողովրդիդ հաղթանակների ձեռքբերման գործում… Հպարտությունս բազմապատկվում է, երբ հատկապես Շուշիի ազատագրմանն եմ մասնակից եղել: Դրոյի /Դրաստամարտ Կանայան/ խոսքերին ականջալուր՝  ՚՚Ով տիրում է Շուշիին, նա տիրում է Ղարաբաղին՚՚, մենք պարտադրված էինք առաջին հերթին տիրել Շուշիին: Զինվորի ոգին, հրամանատարի ոգին հաղթեց Շուշիում, ես էլ՝ որպես մի շարքային զինվոր, իմ պարտականությունն եմ կատարել:

Այսօր ես միայն մի ցանկություն ունեմ՝ տեսնել Շուշին վերականգնված, ծաղկուն ու բարգավաճ առողջարանային քաղաք և դարեդար հայաշեն:

Շուշիի բոլոր ազատարարներին մեծագույն հաջողությու եմ մաղթում, թող նրանց հաղթական ոգին դարեդար ու սերնդեսերունդ փոխանցվի ու մշտապես Շուշիին վայել հաղթանակնունենանք:

 

ՈԳԻՆ Է, ՈՐ ԱՊՐԵԼ Է ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ

Արտեմ Սարգսյան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Արմատներով՝ հորական կողմից մշեցի եմ, մորական կողմից՝ շուշեցի… Մայիսյան տոները մեզ համար կարևորագույն տոներ են: Հաղթանակների ոգին մշտապես ապրել է մեր ժողովրդի մեջ, այդ ոգին է, որ այսօր հաղթանակներ է տոնում և այդ ոգին է, որ մեզ վստահություն է բերում՝ վերջնական հաղթանակը մերն է:

Ես շատ ուրախ եմ, որ պապենական հողի վրա եմ, հարազատ մի շունչ կա, որ զգում է մարդ՝ հեռվից-հեռու, այդ հարազատությունն է ինձ ու զավակիս բերել այստեղ, ես ուրախ եմ, որ որդիս էլ ունկնդիր է իր արյան կանչին:

Մենք  պահանջում ենք, որ մեր բանակը լինի կարգապահ, հաղթական, հզոր, հպարտանում ենք նրա հաղթանակներով, ուստի պետք է ամեն օր մտածենք՝ իսկ մենք ի՞նչ ենք տալիս մեր բանակին: Եվ ոչ միայն երիտասարդները, այլև՝ բոլորս: Մեր սրտի խոսքը պիտի հասնի բանակայիններին, ես մտածում եմ, որ նրանք հենց այդ խոսքի կարիքն ունեն:

Մեր զինծառայողներին ցանկանում եմ հստակ ծրագրերի իրականացում, և թող վստահ լինեն, որ իրենց գործն անմահ է, ինչպես Վարդան Զորավարինը, Անդրանիկինը, Նժդեհինը, Չաուշինն ու մեր մնացած բոլոր երախտավորներինը:

Նրանցից յուրաքանչյուրը հերոս է, և նման ամբողջականությունն է, որ տալիս է Հայոց բանակ: Ես Հայոց բանակին հզորություն և հարատևություն եմ ցանկանում:

 

ՀԱՂԹԵԼՈՒ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ալվարդ Պետրոսյան, գրող-հրապարակախոս

 

Մենք հետխորհրդային տարածքում գտնվող ժողովուրդներից միակն էինք, որը երրորդ հազարամյակ մտավ հաղթանակով: Միայն Շուշիի հաղթանակը բավական էր, որ արդեն իբրև ազգային ծրագիր կանխորոշեինք հաղթելու, ժառանգական հիշողություն դաստիարակելու խնդիրը:

 

ԱՐՑԱԽԸ ՄԵԾ ԴԱՍ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ, ՈՒԺԻ ՆԵՐՇՆՉՈՒՄ…

Վահե Կարապետյան,Ամերիկահայ բարերար

 

Բոլորիս պարտականությունն է օգնել մեր հայրենիքին և նամանավանդ՝ Արցախին: Մայիս ամիսը Հայաստանի համար միշտ եղել է ցնծության ամիս, և այն վերստին պսակվեց Շուշիի ազատագրումով: Բոլորիս պարտականությունն է թիկունք կանգնել մեր Արցախին: Արցախը մեծ դաս է մեզ համար, ուժի ներշնչում, որ կարողանանք ի մի բերել մեր հնարավորություններն ու հասկանալ, թե ո՞վ է հայը… Մենք, ի վերջո, պիտի ճանաչեինք մեզ և ճանաչեցինք նաև Շուշիով: Առողջ ու սթափ միտք, հավաքական ուժ եմ մաղթում մեր ժողովրդին, և թող Աստված լուսավորի հոգին բոլոր այն նահատակների, ովքեր իրենց կյանքի գնով փրկեցին այս երկիրը և այն անկախությունը, որ մենք վայելում ենք այսօր: Հավատանք, որ ապագան մեզ պայծառ օրեր է բերելու, և դա է, որ մեզ բոլորիս ոգեշնչում է գալ ու օգնել Արցախին՝ իր ընտրած անկախության անխոտոր ճանապարհին:

 

 

ՀՈԳՈՎ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ…

Թեսսա Հոֆման, Բեռլինի ազատ համալսարանի դասախոս

 

Որպես համակամություն Արցախի ժողովրդի՝ ես հոգով միշտ ձեզ հետ եմ: Եվ ուզում եմ շնորհավորել ձեզ Հաղթանակի առթիվ: Նաև ուզում եմ ավելացնել, որ ինքնուրույնությունը, անկախությունը չափազանց կարևոր են Արցախի ժողովրդի համար, և այսօր հայության բարեկամներից պահանջվում է պաշտպան կանգնել, սատարել Արցախի անկախությանն ու անել ամեն ինչ՝ հասնելու նրա միջազգային ճանաչմանը՝ որպես անկախ ու իրավահավասար պետություն: Իսկ Արցախի բոլոր ազատարարներին ցանկանում եմ ամուր կամք՝ շարունակելու պայքարը, այն, ցավոք, դեռևս ավարտված չէ… Ղարաբաղում մարդիկ գիտեն, թե ինչի համար են պայքարում, հավատացած եմ, նրանց ոչինչ չի շեղելու իրենց ընտրած ուղուց:

 

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 06 Մայիսի 2020 12:36