[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՈՒՆ ԱՅԼՈՑ ՓՐԿՈՒԹՅԱՆ ...

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Մայիսյան տոները ուրախություն պարգևելուց բացի հուշում են անդառնալի կորուստների, Հայրենիքի նվիրյալների մասին, որոնց համար ազատության գաղափարը վեհ էր անգամ կյանքից։ Նրանցից էր Ասկերանի պաշտպանական շրջանի ինժեներասակրավորական ջոկատի հրամանատար Արմեն Սեյրանյանը։

Մասնագետների կարծիքով, ամեն զինվոր չի կարող սակրավոր դառնալ։ Սակրավոր դառնալու համար առաջին հերթին պետք է գիտակցորեն գնահատել կյանքը` պատրաստ ամեն պահ զոհաբերելու սեփականը` հանուն բազում այլ կյանքերի։ Սակրավորների վաշտի հավաքագրումը, հատկապես, ռազմական ժամանակներում, ամենադժվար գործն է։ Նա հենց գիտակցորեն ընտրեց պայքարի ամենադժվար ձևը։

Ծնվել է 1956թ., ավարտել է Ստեփանակերտի թիվ  8 միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներաշինարարական բաժինը։ Աշխղեկի պաշտոնով սկսել է աշխատել Ստեփանակերտում։ 1988թ. աշխատանքի է տեղափոխվել Գորիսի ավտոճանապարհների վարչություն՝ պետի պաշտոնում։ Ղարաբաղյան շարժման ժամանակ վարչությունը  զբաղվում էր  ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Ստեփանակերտ-Սեյդիշեն-Մարտակերտ ավտոճանապարհի շինարարությամբ։ Արմենը, հիմնական գործունեությանը զուգընթաց, ակտիվորեն ներգրավվեց Արցախ զենք հասցնելու գործընթացին։ Մարտական գործողություններն սկսվելուն պես ընդունվեց ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի շարքեր։

Մասնակցել է Կրկժանի, Մալիբեկլուի, Խոջալուի ազատագրմանը։ 1992թ. ընդգրկվել է ինքնապաշտպանական ուժերի սակրավորական խմբի կազմում, ապա՝ նշանակվել  ջոկատի հրամանատար։ Մարտական առաջադրանքներ էր կատարում ռազմաճակատի բոլոր  ուղղություններում, բայց հիմնականում՝ Մարտակերտի և Ասկերանի։ 1992թ. նոյեմբերին նշանակվել է Ասկերանի պաշտպանական շրջանի ինժեներասակրավորական ջոկատի հրամանատար։ Ջոկատի կազմավորումն անցնում էր միաժամանակ նորակոչիկների հետ  ուսումնական պարապմունքներով։ Բարդ առաջադրանքներին ձգտում էր գնալ ինքը։ Ինժեներասակրավորական աշխատանքներին մոտենում էր ամենայն  պատասխանատվությամբ, հաշվի  առնում յուրաքանչյուր մանրուք։  Սկսնակ սակրավորներից ևս պահանջում էր գործի նկատմամբ այդպիսի լուրջ վերաբերմունք։ Ինչպես սովորեցնում, այնպես էլ պահանջում էր, քանզի պատասխանատու էր նրանց կյանքի համար։ Անվիճելի հեղինակություն էր։ Ճանաչողներն ասում էին. ՙԵթե Արմեն Սեյրանյանը գնում է առջևից, նշանակում է հարձակման համար ճանապարհն անվտանգ է, կարելի է անվախ առաջ գնալ՚։

1993թ. հունիսի 11-ին 4 հոգուց բաղկացած սակրավորների խումբը Սերգեյ Բեգլարյանի գլխավորությամբ  (այժմ՝ Արցախյան պատերազմում տեսողությունը կորցրած հաշմանդամների հասարակական կազմակերպության նախագահ), Նախիջևանիկ-Աղդամ (սպասվում էր Աղդամի գրավումը) ճանապարհին  ականի բախվեց՝  չհասցնելով կատարել մարտական առաջադրանքը։ Արմենը հանձն առավ անձամբ կատարել առաջադրանքը։

Կարծես, նախազգում էր. նախօրեին հրաժեշտ էր տվել հարազատներին, ընկերներին,  սեղանին դրել ատրճանակը և գնացել... հավերժության։ Դա 1993թ. հունիսի 12-ին էր։

Վիտալի Բալասանյանը (Ասկերանի պաշտպանական  շրջանի հրամանատար) Արմեն Սեյրանյանին բնութագրել է որպես մեծատառով Տղամարդ։

-Ես նրան ճանաչում և հարգում էի դեռ մինչև մարտական գործողություններն  սկսվելը։ Նրան ավելի լավ ճանաչեցի, երբ տեղափոխվեց Ասկերանի պաշտպանական շրջան ու սկսեց կազմավորել ինժեներասակրավորական ջոկատը։ Կարճ ժամանակամիջոցում նրան հաջողվեց կազմավորել  մասնագիտական բարձր  մակարդակի ջոկատ, որը կատարում էր իր առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները։ Հատուկ ուզում եմ նշել ինժեներասակրավորական ծառայության նշանակությունը։ Այդ ծառայության դերը հատկապես մեծ է պաշտպանական զորքերի համար. դա մտածված ինժեներապաշտպանական շինություններն են (բլինդաժներ, խրամատներ և այլն). և° հնարավոր հարձակման ուղղությունների տարածքի ականապատումը, և° ականների տեղադրության քարտեզների մասնագիտացված կազմումը։ Հարձակողական գործողությունների ժամանակ ինժեներասակրավորական ծառայության դերը բազմակի մեծանում է. մեր կողմից վերահսկվող տարածքների ականազերծումը, այնուհետև՝ տարածքն ականներից մաքրելու ծանրագույն աշխատանքը։ Մարտի ժամանակ պետք էր կողմնորոշվել, ընդունել միակ ճիշտ որոշումը, որի համար անհրաժեշտ են արտասովոր ընդունակություններ և մտածողություն,  որոնցով լիովին օժտված  էր Արմենը։ Նա բարձր որակավորում ունեցող ինժեներ էր, արտակարգ պատասխանատու մարդ։ Արմենի մասին անբավարար գիտենք միայն այն պատճառով, որ սակրավորի աշխատանքը մնում է ստվերում։ Նա Արցախյան պատերազմի լավագույն հերոսներից է։

Արմենն իր ընկերների հիշողության մեջ մնացել է որպես անհատական որակներով անհասանելի մարդ։ Նրա ընկեր և ծառայակից Սերգեյ Խաչատրյանը առանձնահատուկ  ջերմությամբ է  պատմում Արմենի մասին։ Պարզվում է, որ Արմենը կարող էր ազատվել զինվորական ծառայությունից, քանի որ լսողության հետ կապված խնդիր ուներ, բայց դրա մասին գիտեին միայն մտերիմ ընկերները, որոնց նա արգելել էր խոսել այդ մասին։

Արմեն Սեյրանյանը հետմահու պարգևատրվել է ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանով։

Վառ պահենք մեր խոնարհ հերոսների անունները։

 

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 06 Մայիսի 2020 15:45