[ARM]     [RUS]     [ENG]

ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒՂԻ

Արմինե  ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ք.Մարտունի

 Մարտունու  շրջանի պատմական Հացի գյուղը 19 զոհ (7 ազատամարտիկ, որից 2-ը՝ ծննդով Հացիից, 12-ը՝ խաղաղ բնակիչներ) է ունեցել Արցախյան ազատամարտում։

Գյուղի առաջին զոհերն էին Ռաֆիկ  Ծատուրի Մուսայելյանը, Կարեն  Պավելի Մուսայելյանը, Ռոբերտ  Գեորգիի  Աղաբեկյանը, որոնց աճյունները ամփոփված են  Հացի գյուղի  գերեզմանատանը։

Երբ սկսվեց Շարժումը, շրջանի մյուս համայնքների   երիտասարդների նման,   Հացի գյուղի երիտասարդներն էլ ոտքի կանգնեցին,  գյուղում ձևավորգցին ջոկատ՝ համագյուղացի Սոս Բարսեղյանի հրամանատարությամբ։     

 

Ռաֆիկ Մուսայելյանը ծնվել է 1951թ. փետրվարի 11-ին, Մարտունու շրջանի Հացի գյուղում։ Ստացել է միջնակարգ կրթություն։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է կոլտնտեսությունում՝ որպես ավտովարորդ։

 Գյուղի ջոկատի կազմում մասնակցել է  Մարտունու և Աղդամի շրջանների  մի շարք մարտական գործողությունների։

Կարեն Մուսայելյանը ծնվել է 1957թ. մայիսի 22-ին, Մարտունու շրջանի Հացի գյուղում։ Ավարտել է միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է Նորշենի կոլտնտեսությունում։ Մասնակցել է Ավդալի, Գյուլափլուի, Մարզիլուի և այլ բնակավայրերի համար մղված մարտերին։

Ռոբերտ Աղաբեկյանը  ծնվել է 1956թ. հունվարի 3-ին, Հացի գյուղում։ Տեղի ութամյա դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Բաքու քաղաք։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է Բաքվում։ 1987թ. վերադարձել է հայրենի գյուղ։ Ղարաբաղյան շարժմանը մասնակցել է 1988 թվականից։ Մասնակցել է Աղդամի շրջանում մղված մի շարք ռազմագործողությունների։

Զրուցակիցներս՝ Գոյամարտի բովով անցած Արթուր Սարգսյանը և Ալեքսանդր Ղազյանը կիսվեցին մեզ հետ  ցավով, բայց, միևնույն ժամանակ, պայծառ հուշերով։

<<Արցախյան պատերազմի առաջին  իսկ օրերից մինչև 1994թ. ապրիլի 11-12-ը Ռաֆիկ Մուսայելյանը, Կարեն Մուսայելյանը և Ռոբերտ Աղաբեկյանը կռվել են Հացի գյուղի ջոկատում,- պատմում է Արթուր Սարգսյանը£-  Սկզբնական շրջանում,երբ գյուղի տարածքն էին վերահսկում, Ռոբերտ Աղաբեկյանը վիրավորվեց ուսից, ապաքինվելուց հետո վերադարձավ ջոկատ>>։

-Հացի գյուղից սկսած մինչև Նովրուզլու և Յուսուփջանլու միասին ենք եղել, մասնակցել ենք մի  շարք մարտական գործողությունների։ Երբ Նովրուզլուից պիտի հարձակվեինք Յուսուփջանլուն ազատագրելու, ելնելով անհրաժեշտությունից, գալիս ենք խրամատ։ Ես էի, Ռաֆիկ Մուսայելյանը և Կարեն  Մուսայելյանը։ Այստեղ էլ կատարվում է չարաբաստիկ դեպքը. թշնամու <<Գրադ>> կայանի արձակած արկից  ծանր վնասվածքներով մահացու վիրավորում են ստանում Ռաֆիկ Մուսայելյանը և Կարեն  Մուսայելյանը։ Կարեն Մուսայելյանը, ում քնքշորեն Կարեն ամի էին ասում, նախքան զոհվելը, ինձ ասում է՝ իմացիր, որ օրգանիզմիս արյունն առաջին կարգի է, այս խոսքերից քիչ ժամանակ անց թշնամու նռնակն ուղիղ ընկնում է  խրամատի մեջ...։  1994թ. ապրիլի 12-ն էր... ժամերի տարբերությամբ Յուսուփջանլու բնակավայրի համար մղված մարտում զոհվում է նաև Ռոբերտ Աղաբեկյանը։ Յուսուփջանլուում ահագին զոհեր ենք ունենում, մեր գյուղից Ռոբերտն էր, ով սկզբում վիրավորվեց՝ ստանալով ողնաշարի ծանր վնասվածք։ Հակառակորդը կարծելով, որ նա կենդանի չէ, հետ է քաշվում։ Ավաղ, թշնամու գնդակը մահացու դուրս եկավ։ Ստեփանակերտի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ռոբերտը մահանում է։ Ապրիլի 14-ին Հացի գյուղի գերեզմանոցում ամփոփվեց երեք աճյուն, հայրենի  հողը ջերմորեն գրկեց խիզախ հայորդիների մարմինները,- պատմում է Ա.Ղազյանը և հավելում.- Տղաները, սկսած Ավդալ-Գյուլափլուի ռազմագործողություններից, մասնակցել են հայրենիքի  պաշտպանության համար մղված ենթաշրջանի մարտական գործողություններին։

Ալեքսանդր Ղազյանը գովեստով խոսեց նաև Հացի գյուղի երիտասարդների առանձնահատուկ մարդկային որակների ու արիության մասին։ <<Թող իմ կողմից անհամեստություն չթվա, բայց մեր գյուղի երիտասարդներն իրենց որակային հատկանիշներով տարբերվում էին մյուս համայնքների երիտասարդներից>>,- ասում է նա և ավելացնում՝ <<դեպի հաղթանակ>> կարգախոսն էր նրանց մղում անզիջում ու համառ պայքարի մինչև ատամները զինված ոսոխի դեմ։

 

 

 

Last modified onՈւրբաթ, 08 Մայիսի 2020 15:24