Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ԿԱՏԱՐԵՆՔ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԸ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 <<Մարտական խաչ>> առաջին աստիճանի շքանշանակիր, հրետանային բրիգադի հրամանատար, փոխգնդապետ Սամվել Սաֆարյանը։

Ծնվել է 1961թ., Մարտունու շրջանի Ավդուռ գյուղում։ Ութ տարեկան էր, երբ հայրը մահացավ ավտովթարից։ Մայրը՝ տիկին Մանուշը, գյուղի բուժքույրն էր, բայց, կարելի է ասել, հենց գյուղի բժիշկն էր. գյուղացիները մեծ ու փոքր հարցերով  նրան էին դիմում։ Սամվելի կինը՝ Նունեն, ասում է, որ ամուսինը ժառանգել է մոր հոգու տոկունությունը, պատասխանատվությունը… Սամվելը մեծ ընդունակություններ էր ցուցաբերում տեխնիկական առարկաների հանդեպ։ Ավարտելով գյուղի դպրոցը, ուսումը շարունակեց Երևանի ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցում, որից հետո ընդունվեց Երևանի պետհամալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը։ Ավարտելուց հետո  6 ամսով զորակոչվեց խորհրդային բանակ, որտեղ անցավ հրետանային պատրաստության դասընթացներ՝ ստանալով լեյտենանտի կոչում։ Վերադառնալով Ստեփանակերտ, ֆիզիկամաթեմատիկական դպրոցում աշխատեց որպես ուսմասվար, իսկ շախմատի դպրոցում՝ որպես մարզիչ։ Հենց շախմատի դպրոցում աշխատելու տարիներին Սամվելը ծանոթացավ ապագա կնոջ` Նունեի հետ։

Հայրենի գյուղի կանչը Սամվելը լսեց, երբ ինքնապաշտպանական ջոկատների ստեղծումը դարձավ անհրաժեշտություն։ Նա վերադարձավ գյուղ և առաջնորդեց ինքնանպաշտպանական ջոկատը։

Ռազմական գործողությունների ժամանակ, երբ զգացվեց հրետանային զորքերի մասնագետների պակասը, նա սկսեց խորացնել Խորհրդային բանակում ձեռք բերած գիտելիքները՝ Արցախի ՊԲ հրետանու պետ Ժորա Գասպարյանի /հայտնի գրադ Ժորա/ ղեկավարությամբ։ Սամվելը շատ արագ ու խորը տիրապետեց հրետանու նրբություններին։ Ժորա Գասպարյանի խոստովանությամբ՝ <<Մի թերություն ուներ՝ չափից դուրս համեստ էր>>։ Մեկ ամիս անց արդեն Սամվելն էր տղաներին սովորեցնում հրետանավորի մասնագիտությունը։ Մարտերից հետո  գիտելիքները խորացնում էր մասնագիտական գրքերով։ Կարճ ժամանակահատվածում Սամվել Սաֆարյանը մարտկոցի հրետանավորից դարձավ հրետանային բրիգադի հրամանատար։ Նրա շնորհիվ ոչնչացվել են թշնամու բազմաթիվ կրակակետեր։ Պատահական չէ, որ Ս. Սաֆարյանին <<հրետանու ուղեղ>> էին անվանում։ Ժորա Գասպարյանը գտնում է, որ նա մեծ ապագա ուներ. <<Սամվելը շատ կարճ ժամանակում ոչ միայն տիրապետեց հրետանավորի մասնագիտությանը, այլ նաև մտածում էր, թե ինչպես կարելի է օգտագործել համակարգչի հնարավորությունները հրետանու վրա։ Այն ժամանակ դա ինձ համար աներևակայելի բան էր>>։

1993-ի օգոստոսին՝ մեքենան, որի մեջ գտնվում էր նաև Սամվել Սաֆարյանը, ականի պայթյունից վնասվեց̡ և  վիրավորվեց Սամվելը։ Նունե Սաֆարյանի խոսքով՝ հույս չկար, որ կապաքինվի։ Մի քանի օր անգիտակից վիճակում էր։ Երրորդ օրը  սկսեց շարժվել, աչքերը բացեց, բայց  կնոջն ու աղջկան չճանաչեց։  Միակ մարդը, ում ճանաչեց` Ժորա Գասպարյանն էր։ Ապաքինվելուց հետո` երբ գավազանի  օգնությամբ սկսեց քայլել,  ընկերնրին հորդորեց իրեն տանել ռազմաճակատ։ Արցախում ամենուր թեժ մարտեր էին ընթանում, և նրա կարիքը շատ էր զգացվում դիրքերում։ Նա մասնակցեց Ասկերանի, Մարտունու, Հադրութի, Մարտակերտի շրջաններում ծավալված մարտական գործողություններին։

1994-ի մարտի 18-ին ընկերների հետ հետախուզության գնաց Օմար։ Նոր դիրքեր ընտրելու համար չորս հոգով դուրս էին եկել մեքենայից և նշումներ էին անում քարտեզի վրա,  արկերից մեկը պայթեց նրանց կողքին։ Սամվել Սաֆարյանի հետ զոհվեցին նաև Սուրեն Անտոնյանն ու Կամո Հայրապետյանը։

Այդ գիշեր դստեր սիրտը զգաց հոր մահը՝ արթնանալով քնից, լացակումած ասաց. <<Պապային թուրքերը սպանել են>>։

Սամվել Սաֆարյանի կրտսեր դուստրը` Սաթենիկը, ծնվել է հոր մահից 9 ամիս անց։ Հայրը նույնիսկ չի էլ իմացել, որ կինը հղի է և պետք է երկրորդ երեխան ունենա։ Նունեն ամուսնու մահից հետո է միայն իմացել իր հղիության մասին։

Պաշտպանության բանակն ու շախմատի ֆեդերացիան Սամվել Սաֆարյանի հիշատակին ամեն տարի մրցաշար են անցկացվում։ Նրա անունն է կրում Ավդուռ գյուղի դպրոցը։

Միայն  սահմաններն ամուր պահելով կարող ենք մխիթարել մեր հերոսացած տղաների հոգիները։