ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑԵԼ ԵՆ

 Սեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է

 Վերջին մեկուկես տասնամյակում սեպտեմբերի 29-ը նշվում է որպես Սրտի համաշխարհային օր: Առաջին անգամ այն նշվել է 1999թ.՝ Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ, որին միացել ու աջակցել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ՅՈՒՆԵՍԿՕ-ն, այլ կազմակերպություններ: Օրվա նպատակն է քարոզել ակտիվ ու առողջ ապրելակերպ: Աշխարհում ամեն տարի սրտանոթային հիվանդությունների պատճառով մահանում է շուրջ 17,3 մլն մարդ։ Ըստ կանխատեսումների՝ արդեն 2030-ին այդ թիվը կհասնի տարեկան 23 միլիոնի: Սրտի համաշխարհային ֆեդերացիան տեղեկացնում է, որ սրտանոթային հիվանդություններից և ինսուլտից վաղաժամ մահերի առնվազն 80%-ից հնարավոր կլինի խուսափել, եթե վերահսկվեն հիմնական ռիսկի գործոնները, այսինքն՝ պետք է հրաժարվել ծխախոտից, հետևել առողջ սննդակարգին, վերահսկել զարկերակային ճնշումը և վարել ֆիզիկական ակտիվ կյանք (քայլել, վազել, հեծանիվ վարել)։ ԱՀԿ-ն անդամ երկրներին կոչ է անում միջոցներ ձեռնարկել աղի չարաշահման դեմ, ինչը կնպաստի ինսուլտի և սրտային հիվանդությունների նվազեցմանը: Սովորաբար սրտանոթային հիվանդությունները համարվում են տարեց մարդկանց կամ տղամարդկանց հիվանդություններ, մինչդեռ վիճակագրությունը ցույց է տալիս, որ չնայած կանայք թերագնահատում են իրենց սրտանոթային հիվանդությունների ռիսկը, այնուամենայնիվ, տարեկան 17,3 միլիոն մահացության կեսը բաժին է ընկնում հենց նրանց: Ռիսկային խմբում են նաև այն երեխաները, ում ծնողները կամ խնամակալները պատշաճ ուշադրություն չեն դարձնում նրանց առողջ կենսակերպին: ԼՂՀ առողջապահության նախարարության արտահաստիքային գլխավոր սրտաբան Կարինե Աթայանի պարզաբանմամբ՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում և Արցախում արյան շրջանառության համակարգի հիվանդությունների աճը շարունակում է մնալ առողջապահության համակարգի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներից մեկը: Դիտարկելով բնակչության մահացության հիմնական պատճառները՝ մասնագետները փաստել են, որ արյան շրջանառության հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը կազմում են 48%: Ընդ որում, մահացության բարձր ցուցանիշները պայմանավորված են սրտանոթային հիվանդությունների ուշ հայտնաբերմամբ և դրանց զարգացման ռիսկի գործոնների բարձր տարածվածությամբ: Հենց ծխախոտի օգտագործումը, զարկերակային բարձր ճնշումը, ֆիզիկական թերակտիվությունը և նման այլ գործոններն էլ նպաստում են այդ հիվանդությունների զարգացմանը: Շատ կարևոր է նաև ազատվել ավելորդ քաշից: Այս խնդիրն անհանգստացնում է մեր բնակչության շուրջ 60%-ին: Կ. Աթայանը պակաս կարևոր չհամարեց նաև զարկերակային ճնշման ռիսկի գործոնի վերահսկումը, որը հատկապես մեր բնակչության շրջանում ամենավտանգավորներից մեկն է։ ՙԶարկերակային ճնշման վերահսկումն անտեսելը հանցագործություն է։ Նույնիսկ համապատասխան դեղորայքը պետք է ընդունել անհրաժեշտ դեղաչափով, որոնք շրջանցելը հանգեցնում է բարդությունների, ցավոք՝ նաև երիտասարդների շրջանում։ Զարկերակային ճնշման խախտումը մարդու անտեսանելի թշնամին է։ Այն արդեն նկատվում է ինֆարկտի և ինսուլտի դեպքում՚,-նշեց գլխավոր սրտաբանը։ Ցանկալի է խուսափել տապակած, աղի, կծու, թթու կերակուրներից, չափավորել սպիտակ հացի, խմորեղենի, մակարոնեղենի օգտագործումը, որոնց մեջ ալյուրը մեծ տոկոս է կազմում, փոխարենը ուտել ձուկ և բանջարեղեն: Առողջ սննդի մասին պետք է մտածել ոչ միայն հիվանդանոցում հայտնվելուց հետո, առողջական ծայրահեղ վիճակում, այլև՝ ընդհանրապես։ Այս հիմնախնդրի լուծման նպատակով արյան շրջանառության համակարգի հիվանդությունների բեռը նվազեցնելու համար ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է ՙՈչ վարակիչ հիվանդությունների կառավարում և կանխարգելում՚ ուղեցույց, և իրականացվել են սկրինինգային հետազոտություններ այդ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնները վաղ հայտնաբերելու նպատակով, ինչը ենթադրում է նպաստել առողջության ցուցանիշների բարելավմանը: Մեր հանրապետությունում նույնպես անցյալ տարի անց են կացվել նման հետազոտություններ, որոնց արդյունքները փաստել են վիճակագրական նույն տվյալները, ինչ եղել է ՀՀ-ում։ Կ. Աթայանը Արցախի առողջապահության համակարգի համար կարևոր ձեռքբերում համարեց ԼՂՀ ԱՆ հանրապետական բժշկական կենտրոնում անգիոգրաֆիկ բաժանմունքի բացումը, որի շնորհիվ կանխվել են սրտանոթային մի շարք հիվանդություններ ու բարդություններ, փրկվել մարդկային կյանքեր։ ժամանակակից սարքավորումներով հագեցած անհետաձգելի բուժօգնության և անգիոգրաֆիկ բաժանմունքների մասնագետներն շտապ բուժօգնություն են ցուցաբերել կյանքի և մահվան պայքարի մեջ հայտնված մարդկանց Ժամանակին հետազոտվել և ստենտավորվել են սրտանոթային խնդիրներով տասնյակ հիվանդներ. արդյունքում կանխվել են ինֆարկտներ ու մի շարք բարդություններ։ Արյան շրջանառության համակարգի հիվանդությունների կառուցվածքում առավել տարածված են հիպերտենզիան, սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտամկանի սուր ինֆարկտը և ուղեղի անոթային հիվանդությունները: Հայ սրտաբանները նշում են, որ Հայաստանում վերջին տարիներին նկատվում է սրտանոթային հիվանդությունների երիտասարդացում, ուստի նրանք խորհուրդ են տալիս տարին գոնե մեկ անգամ բուժզզնում անցնել, ինչը հնարավորություն կտա վաղ շրջանում կանխել հիվանդության զարգացումը: Աշխարհի սրտաբանները պնդում են, որ պետք է հոգ տանել սրտի մասին, եթե անգամ այն անհանգստություն չի պատճառում։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ