comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Logo
Print this page

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Համաձայն սոցիոլոգիական հարցումների, թեմային առնչվող պատկերն անորոշ է ու մռայլ. երիտասարդներն ուղղակիորեն հրաժարվում են ամուսնությունից։ Թվում է՝ սարսափելի ոչինչ չկա։ Իրականում, սակայն, այն խիստ բացասաբար է անդրադառնում ինչպես հայ երիտասարդության, այնպես էլ մեր երկրի ապագայի վրա։

 Փորձեցինք պարզել, թե ինչու են մեր օրերում հայ երիտասարդները խուսափում ամուսնանալուց և գտանք մի շարք պատճառներ, որոնք խոչընդոտում են այդքան կարևոր որոշման կայացմանը։ Դրանցից են՝ 

Ֆինանսական խնդիրներ. այսօր հայ երիտասարդներից շատերն այն կարծիքին են, որ պետք է ամուսնանալ միայն այն ժամանակ, երբ ունես կայուն եկամուտ կամ սեփական բիզնես։
Հարմար թեկնածուի բացակայությունը. երիտասարդների շրջապատը լեցուն է հակառակ սեռի ներկայացուցիչներով, բայց նրանցից և ոչ մեկն ամբողջությամբ չի համապատասխանում իրենց ստեղծած կերպարին. մեկի արտաքինն այն չէ, մյուսի բնավորությունը, իսկ երրորդի պարագայում տարբեր են աշխարհայացքները։ Նրանք փորձում են գտնել իրենց երկրորդ կեսին։ Անընդհատ փնտրում են, սակայն ապարդյուն։
Բնակարանային խնդիրներ. նորապսակների մեծ մասն ամուսնանալուց հետո սկսում է ապրել տղայի ծնողների հետ։ Եթե նրանց բնակարանային պայմանները հարմար չեն կամ ընտանիքում որոշակի տարաձայնություններ կան (հիմնականում հարսի և սկեսուրի միջև), տղան ստիպված է լինում բնակարան վարձել կամ տնփեսա դառնալ։ Հենց այս հանգամանքն է, որ սարսափեցնում է երիտասարդներին։ Նրանք ձգտում են առանձին ապրել՝ կոնֆլիկտային իրավիճակներից հնարավորինս խուսափելու համար։ Սակայն ինչպե՞ս, եթե բնակարան գնելու կամ վարձելու հնարավորություն չկա։ Հեռատես են այսօր մեր երիտասարդները։
Միջամտող ծնողներ. վաղուց ընդունված սովորույթ, երբ ծնողներն են իրենց վճռական խոսքն ասում ընտրություն կատարելու վերաբերյալ։
Քաղաքացիական ամուսնություն. երիտասարդների մեծ մասի կարծիքով այն միայն ձևական բնույթ է կրում։ Հնարավոր է երջանիկ ապրել ու երեխաներ ունենալ առանց օրինական փաստաթղթերի։ Մեր օրերում հարսանիքները վերածվել են ՙանհատական բենեֆիսների՚, որոնք ավարտվում են ոչ երկարատև ամուսնությամբ։
Հոգեբանական խնդիրներ. նախկինում ունեցած անհաջող փորձ, որն իր խոր հետքն է թողել երիտասարդի հոգում։
Պատասխանատվության վախ. Այն մտքին, թե ամուսնությունը կատակ չէ, երիտասարդներից շատերը շատ լուրջ են վերաբերում։ Նրանք հասկանում են, որ ամուսնությունը չի սահմանափակվում գեղեցիկ հարսանիքով։ Այն իր հետևից բերում է պարտականությունների շարք, որոնք պատասխանատվության մեծ զգացում են պահանջում։ Գիտակցելով, որ դեռ պատրաստ չեն այդ ամենին, նրանք ուղղակի խուսափում են ամուսնությունից։
Տա Աստված, որ առաջիկայում հաղթահարվեն այս խնդիրները, ձևավորվեն բազմաթիվ ամուր ու համերաշխ ընտանիքներ։

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.