comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍ

ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍ

Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առիթով ՙԱմարաս՚ շրջանային թերթի խմբագրակազմը ձեռնամուխ է եղել մի հետաքրքիր նախաձեռնության` իր ընթերցողներին ներկայացնել Շարժման ակունքներում կանգնած մարդկանց հուշերն ու պատմությունները:

Միևնույն ժամանակ թերթի ֆեյսբուքյան էջում ստեղծել են ալբոմ՝ ՙԱրցախյան շարժում և Ազատամարտ՚ խորագրով, տեղադրել նկարներ, որոնցում Մարտունու շրջանի ակտիվիստներն ու ազատամարտիկներն են: Այդ գործում թերթին աջակցեցին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջբաժնի նախկին պետ Ջիվան Ղահրամանյանը, քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, Շարժման ակտիվիստ Կամո Սաֆարյանը, Արցախի պատմաերկրագիտական թանգարանի Մարտունու մասնաճյուղի աշխատակիցները, Քաշաթաղի շրջանային ՙՄերան՚ թերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը, ովքեր տրամադրեցին իրենց ձեռքի տակ եղած լուսանկարները:

Հանգամանքների բերումով ստացվեց այնպես, որ Ֆեյսբուք սոցցանցի ՙԱրցախի Մարտունու շրջանից՚ էջի օգտատեր, Մարտունի քաղաքի բնակիչ Հովիկ Սարգսյանը նույնպես սկսեց հրապարակել Շարժման և Ազատամարտի տարիներից նկարներ, որոնցից շատերը մենք էինք հրապարակել: Հետաքրքրվեցինք, պարզվեց, որ նա ունի նկարների հավաքածու, որն անձամբ է հավաքել ու հետագայում տրամադրել նաև տարբեր մարդկանց։
Մենք հանդիպեցինք ու զրուցեցիք նրա հետ: Արցախյան գոյապայքարի տարիներից պահպանված մենք ունենք շատ քիչ լուսանկարներ ու տեսաժապավեններ, որոնք Շարժման տարեգրության կարևոր մասն են կազմում, տեղեկություն տալիս ժամանակաշրջանի մասին և մշտարթուն պահում ականատեսների հիշողությունները: Տարբեր բարդ իրավիճակներում արված լուսանկարներում կամ տեսաժապավեններում Ազատամարտի յուրաքանչյուր մասնակից իրեն է փնտրում, վերապրում անցյալը, հիշում մեծ ջանքերի գնով կերտած հաղթանակի փառավոր ճանապարհը: Երիտասարդ սերնդի ներկայացուցիչներս փնտրում ենք մեր հարազատներին ու մերձավորներին, իսկ սրբություն դարձած այն լուսանկարները, որոնցում անմահացած հերոսներն են, կարոտի ծարավը հագեցնելու աղբյուր են հարազատների համար: Հենց այս պատճառով էլ Հովիկի մոտ միտք ծագեց ստեղծել մի հավաքածու և ներկայացնել անկախությունը կերտողներին:
Մեր հանդիպման ժամանակ Հովիկը մանրամասնեց, թե կոնկրետ ինչն առիթ հանդիսացավ նկարները հավաքելու համար` ՙՄի անգամ Արցախի հանրային հեռուստատեսությամբ դիտեցի տեսագրություն, որտեղ կային իմ նահատակ հորեղբայր Արթուր Սարգսյանը և մորեղբայր Խաչիկ Ղևոնդյանը, և սկսեցի հետաքրքրվել ու փնտրել այդ տեսագրությունը, որը, ցավոք, մինչ այժմ չեմ գտել: Դիմեցի տարբեր մարդկանց, ովքեր զբաղվել էին այդ գործով Գոյապայքարի տարիներին, ովքեր ունեին տեսագրություններ: Այդ փնտրտուքի ժամանակ հանդիպեցի նաև լուսանկարների, ու քանի որ, որպես լուսանկարիչ, աշխատում էի Մարտունու ՙPhoto Konica՚-ում, որոշեցի հավաքել ու ինձ համար արխիվ ստեղծել՚,- ասում է նա:
Զրուցակիցս բացում է թղթապանակը, հանում սև ու սպիտակ լուսանկարներ, ուր արտացոլված է Գոյապայքարի ընթացքը՝ վերելքներով ու վայրէջքներով, ողբերգական իրադարձություններով ու լուսավոր հաղթանակներով, որոնցից յուրաքանչյուրն իր համարժեք երանգներն ունի:
Թե քանի նկար ունի արխիվում, դժվարանում է պատասխանել։ ՙՀինգ հարյուրի շեմը վաղուց անցել է՚,- ասում է նա:
Տպագրված նկարները քիչ թիվ են կազմում, հիմնականում հավաքված են թվային տեսքով: Ցավով է նշում, որ 150 լուսանկար իրենից վերցրել ու չեն վերադարձրել:
-Նպատակս այն է, որ նկարները լինեն մի այնպիսի տեղ, որ ապագա սերունդները հնարավորություն ունենան տեսնել, գնահատել հայրենիքի նվիրյալ զավակների արյան գնով ձեռք բերված գործերը: Առայժմ չեմ կարող իրականացնել, որովհետև նկարներն ամբողջությամբ թվայնացնելու և տպագրելու համար ժամանակ ու միջոցներ են պետք:
Հավաքածու ստեղծելու ընթացքը նրա համար դյուրին չի եղել. ՙԼուսանկարների ձեռքբերման հարցում օգնել են շատ-շատերը՝ տարբեր շրջանների ու գյուղերի բնակիչներ: Եղել են դեպքեր, երբ լուսանկարների համար վճարել եմ, որովհետև կարծում էին, թե դրանք վաճառելու նպատակով եմ վերցնում՚,- նշում է Հովիկը:
Երեք երեխաների հայր, 36-ամյա Հովիկը շարունակում է համալրել լուսանկարների հավաքածուն՝ սեփական երեխաների արիության դասը կազմակերպում հենց այդ արժեքավոր և բացառիկ կադրերի միջոցով:

Անուշ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ
ք. Մարտունի