comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Ծննդով Երևանից, մասնագիտությամբ` մեքենաշինարար Արա Հարությունյանի գալուստը Մարտունու շրջանի Նորշեն համայնք (իսկ դա 2017թ. սեպտեմբերի 17-ին էր), իսկական նվեր էր տեղաբնակների համար։ Նշանակվելով ֆիզիկայի ուսուցիչ Նորշենի Լեոնիդ Հուրունցի անվան դպրոցում՝ նա իր ծրագրերով դրեց հայրենանվեր գործունեության հիմքը։

 ՙAwesome՚ մրցույթում Արան հաղթեց ու շահած դրամաշնորհով Նորշենում հիմնեց մեթոդական լաբորատորիա` զինելով անհրաժեշտ պարագաներով, որոնք օգտագործվում են ֆիզիկայի դասաժամերին։ Աշակերտները մշակված մեխանիզմի օգնությամբ տեսնում են, թե ինչ գնահատական են ստանում, խաղերի միջոցով ավելի լավ են յուրացնում առարկան։

ՙԱրմաթ՚ լաբորատորիան մեկ տարի է՝ հաջողությամբ գործում է՝ Նորշենի և հարակից գյուղերի երեխաներին ծանոթացնելով ինժեներության, ծրագրավորման, եռաչափ մոդելավորման նրբություններին։ Դրական արդյունքները երկար սպասել չեն տալիս. նրանք կյանքի են կոչում գաղափարներ, որոնք զարմացնում են շատերին։ ՙՃանաչիր մարմինդ՚ նախագիծն այդ շարքից է։ Գաղափարն արժանացել է ՙAwesome Foundation Yerevan՚-ի խրախուսական մրցանակին` 1000 դոլար դրամաշնորհի։
Ըստ Արա Հարությունյանի` արցախցի երեխաները հետաքրքիր մտքերի պակաս չունեն. սա նրանց արդեն երկրորդ մրցանակն է։ ՙՃանաչի՜ր մարմինդ՚ նախագիծն առնչվում է կենսաբանությանն ու ֆիզիկային. այն մարդու պատկերով թափանցիկ մանեկեն է, որտեղ հստակ երևում են մարդու օրգանները։ Մանեկենը յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն է տալիս սովորել օրգանների անունն ու տեղը։ Սա դիդակտիկ նյութ է, որն օգնում է երեխաների կրթական գործընթացին` ավելի դյուրին դարձնելով թեմայի ընկալումը։
ՙԱրմաթ՚ ինժեներական ՙԱղվես՚ և ՙԿրիա՚ ծրագրերում ներգրավված է 3-րդից մինչև 12-րդ դասարանների 30 աշակերտ։ ՙԿրիա՚ ծրագիրն ամբողջությամբ անգլերեն է, իսկ դպրոցում անգլերենի իմացությունը թույլ հիմքերի վրա էր գտնվում։ Երեխաները հաղթահարեցին այդ դժվարությունը, հիմա հաճույքով են հաճախում դասերին, որովհետև, ինչպես նրանք են նշում, խմբակի դասերին գիտելիքներ են ստանում, որ, թերևս, ոչ մի առարկայի դասավանդման ժամանակ չէին կարող ձեռք բերել` եռաչափ մոդելավորում, ծրագրավորում, ռոբոտի կառավարում։ Դրանք կօգնեն աշակերտներին նաև հետագա ճիշտ մասնագիտության ընտրության հարցում։
Արա Հարությունյանի աշակերտներից մասնակցել են Հայաստանում ու Արցախում կազմակերպված տեխնոլոգիական ճամբարների և միջոցառումների, առաջնակարգ տեղեր գրավել մրցույթներում։ Նրանց մտահղացումները հետագայում կարող են դառնալ բիզնես-ծրագրեր։
Նա համոզված է, որ ինժեներական խմբակում սովորելը կօգնի իր սաներին աշխատանքում: ՙԱյս գիտելիքները լրացուցիչ հմտություններ են տալիս, որոնք կօգնեն լինել ավելի հնարամիտ, արագ մտածել, հեշտ կառուցել ու լուծել առաջացած խնդիրները՚,- ասում է նա։
Ա. Հարությունյանը Նորշենում է ՙԴասավանդի՜ր, Հայաստան՚ ծրագրի շրջանակներում։ ՙԾրագրին միացել եմ, որովհետև ցանկացել եմ ապրել փոքր համայնքում, ուսումնասիրել, ծանոթանալ տեղի խնդիրներին, հնարավորինս լուծել դրանք, ամեն ինչ սկսել հիմքից։ Նախքան ծրագրին միանալը հանդիպեցի և հեռահար նպատակիս մասին հայտնեցի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԱՏՁՄ/ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին։ Նա ինձ առաջարկեց մեկնել Տավուշի մարզ՝ հաշվի առնելով, որ այնտեղ ամուր հիմքեր կան, առկա է լաբորատորիա։ Ես հրաժարվեցի, և քանի որ այդ ժամանակ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Նորշեն գյուղի դպրոցն ուներ ֆիզիկայի մասնագետի պահանջարկ, գործուղվեցի Նորշեն՚,- պատմում է զրուցակիցս։
Եվ երիտասարդ ուսուցչի առաջին գործը եղավ գյուղի երեխաներին ազգային պարեր սովորեցնելը։ ՙՄատաղ սերունդը պարտադիր պետք է կարողանա ազգային պարեր պարել, որովհետև պարտավոր է լինել իր բազմադարյա մշակույթի կրողը՚,-ասում է նա: Երիտասարդ ուսուցչի համար պարը նաև նախասիրություն է, որով զբաղվում է 2014 թվականից սկսած։ ՙՄոնթե՚ պարի խմբում դպրոցի բոլոր աշակերտներն են ընդգրկված։ Խումբը հասցրել է ելույթ ունենալ Ստեփանակերտի ծերանոցում, մասնակցել և մրցանակային տեղեր զբաղեցնել ՙՄշակութային խաչմերուկ՚ մրցույթ-փառատոնի շրջանային և հանրապետական փուլերում։
Ուսուցիչը հպարտ է իր աշակերտներով, ասում է՝ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ռոբոտաշինության թիմը մի քանի հաղթանակ է գրանցել։ ՙՈւսուցումը սկսել ենք ծրագրավորումից, այնուհետև անցել՝ ռոբոտներին, ծրագրավորում ենք ռոբոտին, որ ազատ տեղաշարժվի, շրջադարձեր անի և այլն՚,- բացատրեց՝ մեզ՝ ծանոթացնելով լաբորատորիայի սարքավորումներին։
Բացի դասերից, նա նաև երեխաների ժամանցն է կազմակերպում. միասին արշավների են գնում Հայաստանի և Արցախի տեսարժան վայրեր։ Հիմա էլ մտադիր է ակումբում պայմաններ ստեղծել՝ զարգացնելու աշակերտների մտավոր ներուժը։ Աշխատում է նոր գրքերի անկյուն ստեղծելու ուղղությամբ, գրքերն անձամբ է ձեռք բերում։ Այստեղ աշակերտները հնարավորություն կունենան միասին ընթերցանությամբ զբաղվել, խաղալ։
Ինժեներ-նախագծող Ա. Հարությունյանը որոշել է Նորշենը Արցախի տեխնոլոգիական կենտրոն դարձնել։ Նրա նվիրված աշխատանքի վերջնական նպատակն է հասնել նրան, որ երեխաները կյանքում գտնեն իրենց տեղը, կարողանան վաստակել, իրենց ուժերով պատվերներ կատարել` ունենալով սեփական փոքրիկ տեխնոլոգիական բիզնես։
Հինգ ամիս է մնացել Արայի պայմանագրի ժամկետը լրանալուն, կարծում է՝ կհասցնի իրականացնել բոլոր ծրագրերը։ Դեռ վերջնական որոշում չունի՝ տեղափոխվելու՞ է Երևան, թե՞ ոչ, բայց նշեց, որ իր ապագան Արցախում տեսնում է և ուր էլ լինի՝ չի կտրելու կապը Նորշենի և իր սաների հետ։

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ
ք. Մարտունի