comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐ...
Logo
Print this page

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐ...

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Ստեփանակերտում յուրաքանչյուր փողոց ու տուն իր պատմությունն ունի, իսկ այդ տան յուրաքանչյուր բնակիչ՝ իր ՙոդիսականը՚...

 Ո՞վ կասի Մարտունի փողոցի հիմնարկեքը երբ է եղել. ոչ ոք չի հիշում, անգամ փողոցի ամենահին բնակիչները (ովքեր նույնիսկ իրենց կյանքի իններորդ տասնամյակն են թևակոխել) դժվարանում են վերհիշել, միայն գիտեն, որ փողոցն իրենցից տարիքով է։

Ստեփանակերտում կան փողոցներ, որոնց ՙկողքով՚ են անցել տարիները, ու թե նոր լուծումներ են տրվել շենք-շինություններին, նոր ու թարմ ձեռքով զգեստավորվել, միևնույն է, կողքից տեսանելի է հին փողոցը։ Դրանցից մեկն էլ Մարտունին է, իր նեղլիկ նրբանցքներ հիշեցնող, ծուռումուռ, իրար կցմցած կառուցապատումներով, հնությամբ բուրող թանգարանային նմուշներով: Հին հայկական ոճ ու ճաշակով թաղամասեր... Փողոցի ամենատարեց բնակիչներն են Արամայիսը, Ասյան, Ռոզալիան, Սեդան։ Փողոցի հիշարժան կառույցներից են Հանրապետական (քաղաքային) զինկոմիսարիատի շենքը, Ալեքսանդր Մյասնիկյանի (Մարտունու) կիսանդրին։ Այդ փողոցի վրա էին գտնվում մայրաքաղաքի թիվ 1 մանկապարտեզը, Ստեփանակերտի հրշեջ ծառայությունը, որոնք այսօր չկան, կամ շինություններն այլ նպատակի են ծառայում։
Առաջինը, ում հանդիպեցինք Մարտունի փողոցում` Արթուր Եգանյանն էր. կանգնել էր ու ասես փողոցի անցուդարձն էր հսկում։ Իմ տնտղող հայացքը տեսնելով, մոտեցավ։ Միակ բանը, որ հաջողեցինք իմանալ Արթուրից, այն է, որ 1968թ. աչքը բացել է այդ փողոցում և մտադրություն չունի որևէ այլ տեղ ապրելու, ու մեզ խորհուրդ տվեց փողոցի ամենատարեցներից տեղեկանալ նրա պատմությանը։ 91-ամյա Ասրի Աբրահամյանը Մարտունի փողոցում ապրում է 1958 թվականից։
Պատանի էր, Մարտակերտի շրջանի Չափար գյուղից ընտանիքով տեղափոխվեցին ադրբեջանական Ժդանով քաղաք։ Ճանապարհին մայրը հիվանդացավ ու մահացավ, ընտանիքի հոգսն ընկավ հոր ուսերին։ Էլեկտրազոդողի մասնագիտությունը սովորեց, տուն-տեղ դրեց, ամուսնացավ, չորս դուստր ունեցավ: Երբ Մարտունի 47 հասցեում տուն առան, գյուղատիպ լքված փողոց էր, տարիների հետ մաքրվեց, տեսքի եկավ։ Մեծ ընտանիքը ծվարեց միհարկանի, կոմունալ հարմարություններից զուրկ տան երկու փոքրիկ սենյակում։ Ասրի պապի կարծիքով` տունը շատ հին է, հավանաբար, 1800-ական թվականներին կառուցված։ Տունը չի կարողացել կարգի բերել, աղջիկներին ուսման է տվել, ամուսնացրել, փա՛ռք Աստծո, բոլորն էլ տնավորվել են, լավ, խելոք թոռնիկներ ունի։ Տարիների հետ ուժերը նվազել են, հարևանությամբ գեղեցիկ տներ կան, նայում, հիանում է, ուժը չի պատում, թե չէ, շատ է հավանում այդ նորակառույցները, հատկապես երբ կից հողամաս էլ կա, ու կարող ես այգի գցել։ Ասրի պապի կարծիքով` մարդիկ հիմա ավելի լավ են ապրում, մի ժամանակ Ստեփանակերտում մատների վրա կարելի էր հաշվել, թե քանի սեփական ավտոմեքենա ունեցող կա, հիմա անհաշիվ է. տուն կա` 3-4-ը ունի, դրանց ձենից քուն ու դադար չունեն։ Բայց դե չի թաքցնում` ՙսովետների՚ ժամանակներն է կարոտում։ Տասներկու թոռ ու ծոռ ունի` թող ինչ իրենք չեն տեսել, նրանք տեսնեն։ Ասրի պապը վստահ է, որ մի օր իրենց փողոցն էլ նոր տեսք ու շունչ կստանա. կենտրոնական փողոցներից է, չեն անտեսի։ Նա շատ է ուզում գնալ ու շրջել Ստեփանակերտի փողոցներով, բայց ոտքերը չեն ենթարկվում։ Գլխովն ինչեր ասես, որ չեն անցել, բայց կյանքից չի հոգնել ու չի դժգոհում, 46 հազար դրամ թոշակ է ստանում, պատրաստ է կեսն էլ տալ բանակին, միայն թե խաղաղություն լինի։
Ծեծում ենք Մարտունի փողոցի թիվ 53 տան դուռը։ Տանտիրուհին` Ժաննա Մկրտչյանը, սիրով ներս է հրավիրում։ Նոր շունչ, նոր լուծումներ ստացած հին տունը թարմությամբ էր շնչում։ Բազմավաստակ մանկավարժը, ով երկար տարիներ ծառայել է նաև Պաշտպանության բանակում, իր երկրին ու հողին սիրահարված, իր արմատներին ամուր կառչած արցախուհի է։ Օջախի հարգն իմացող տիկինն ամուսնու օջախի, նրա ծնողների հանդեպ խորը ակնածանք ունի։ Մարտունի 53 հասցեում վարձով էին ապրում, հետո Թումանյան փողոցից տուն ստացան։ Սկեսրայրը՝ Առաքելը, ով ողջ մարզում հայտնի է որպես Նալբանդ Առաքել, մարզի առաջին պայտառներից էր։ Առաքելն ու Պերճանուշը յոթ զավակ են ունեցալ։ 1967-ից տիկին Ժաննան ապրում է Մարտունի փողոցում, տունը խարխուլ էր։ Ամեն անգամ, երբ անձրև էր գալիս, նա բարձրանում էր տանիք, որպեսզի ջուրը հավաքի. ինչքան հիշում է տանիքը միշտ կաթում էր։ Հիմա, փա՛ռք Աստծո, դուստրը՝ Ելենան, տունը հիմնանորոգել է։ 43 տարի է` տիկին Ժաննան ի ծնե հաշմանդամ աղջկան է խնամում, շատ հոգս ու ցավ է տեսել, բայց կյանքին նայում է պայծառ հայացքով: Մարտունի փողոցում անցկացրած տարիներից շատ ջերմ հիշողություններ ունի հոգում ամբարած։ Ամուսինը՝ Արմենակը, բյուրեղյա մաքրությամբ անձնավորություն էր, երկար տարիներ ղեկավարել է Բույսերի պաշտպանության մարզային կայանը։ Կյանքի վերջին տարիներին գամված էր ձեռնասայլակին՝ անդամահատված ոտքերով։ Փոքրիկ տնամերձ հողակտոր ունեն, մշակում է, կողքից եկամուտ ստանում։
Տիկին Ժաննան մեկ առ մեկ հիշում է հարևաններին՝ Արաքսյային, Մանյային, Մայրանգյուլին. իրար հետ շատ համերաշխ էին, մեկ ընտանիքի պես, իրար նախանձել, վատաբանել չկար, միշտ իրար հարեհաս էին։ Մեծ բակ էր, հավաքվում` ինչ ունեին, չունեին, մեջտեղ էին հանում, ու մինչև կեսգիշեր նստում էին։ Թե մեկի տանը գործ կար անելու, հավաքվում, օգնում էին։
Ավտոտնակներ, կցակառույցներ չկային, թաղի երեխաներն իրենց սիրած խաղերն ունեին։ Թե մեկի ատամհատիկն էր, դրսում էին անում, որ բոլորը մասնակից լինեն։ Ոչ մի ցանկապատ չկար, հիմա է, որ կես-կես են անում ու մի մետր հողի համար վեճ ու կռիվ սարքում։
Նալբանդ Առաքելի շինած տներից միայն մեկի պատն է քարուկրից, մնացածը ծղոտի ու ցեխի խառնուրդ էր։ Տիկին Ժաննան պահում է կեսուրի իլիկը, ճախարակը, սանդը, երկանքը` որպես հին ու անդարձ օրերի հուշ ու հիշողություն։ Միայն ՙԶինգեր՚ կարի մեքենան է հանձնել Շուշիի պատմության թանգարան։ Նա աչքի լույսի պես է պահում սկեսրայրի զնդանը։ Զրուցակիցս վերհիշում է, թե ինչպես էր առավոտյան 5-ին արթնանում, աղջկան կամ որդիներից մեկին հետն առնում ու գնում Հարավ։ Պայտում էր գյուղի բոլոր ձիերին, այնտեղից գալիս հասնում էր Ղայբալու, հաջորդ օրը այլ գյուղեր մեկնում, ու այդպես շարունակ։ Իսկ Մարտունի փողոցում միշտ հերթ էր, տան չորսբոլորը նստած ու կանգնած ձիեր էին։ Զրուցակցիս համար այդ պատկերն այսօր էլ թարմ է։ Հետաքրքրականն այն է, որ նրան առավել շատ օգնում էին ոչ թե որդիները, այլ դուստրերը՝ Մարոն ու Նինան։ Տիկին Ժաննան չի մոռանում, թե ինչպես էր սկեսուրը կաշվե մեծ պայուսակի մեջ դասավորում փողերն ու տանում պետության հարկերը մուծելու։ Իսկ նրանց փող պետք չէր. սկեսրայրը հաճախորդներին խնդրում էր փող չտալ, վճարել մթերքով, այսօրվա պես շուկան մթերքներով լիքը չէր։ Փողն արժեք չուներ, իսկ ամենահասարակ բաներն անգամ գնում Աղդամից էին բերում։ Հետո երբ հարկերը գնալով շատացրին, Նալբանդ Առաքելը, ով ապրեց 92 տարի, այլևս ձեռքը չէր բռնում գործ անելու։
Իսկ 1982թ. Մարտունի փողոց հարս եկած Սվետլանա Ալեքսանյանը հիշում է, թե ինչպես է սկեսուրն իրեն ասել` օժիտ մի բեր, շուտով տուն ենք ստանալու, միանգամից այնտեղ կտանես։ Սկեսուրը` տիկին Մարսելան, վաղուց հրաժեշտ է տվել կյանքին, մահացել է նաև Սվետլանայի ամուսինը։ Նա տարիներ ի վեր հուսացել է, որ գոնե որդիները տուն կստանան, բայց` ապարդյուն։ Նա արդեն 5 թոռ ունի, գո՞ւցե նրանց բախտը կժպտա, ի՞նչ իմանաս...
ԼՂՀ կառավարության 2005թ. ապրիլի 26-ի որոշման ու Ստեփանակերտ քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկի համաձայն` Մարտունի փողոցի 26, 45, 48, 59, 103 համարի տները առնված են պետական պահպանության տակ։
Մեզ հետ զրույցում զբոսաշրջության վարչության պատմական միջավայրի և հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժնի պետ Սլավա Սարգսյանն ասաց, որ համապատասխան փորձագիտական հանձնաժողովն է որոշում, թե որ հուշարձանն ունի պատմական և ճարտարապետական արժեք։ Դրանից զատ, հատուկ փորձագիտական հանձնաժողովն է որոշում, թե այս կամ այն օբյեկտը հուշարձա՞ն է, թե՞ ոչ։ Լինում են, երբ տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պահպանության տակ առնված շինությունները ոչնչանում, քայքայվում են, հնարավոր է, որ դրանք ժամանակի ընթացքում հանվեն ցուցակից։ Ս. Սարգսյանի հավաստմամբ` մեծ արժեք են ներկայացնում այն հուշարձանները, որոնք թվագրված են, ինչ վերաբերում է վերոնշյալ ցանկին, ապա այն, մասնագետների հայեցողությամբ, թարմացման կարիք ունի։ Կրկին դառնալով Մարտունի փողոցին, նշենք, որ դրանք բոլորն էլ բնակելի յուրատեսակ հուշարձան-տներ են, և բնակիչներն իրավունք չունեն դրանք արտաքին փոփոխությունների ենթարկել: Ներքին հարդարում թույլ է տրվում, իսկ արտաքին միջամտության դեպքում անհրաժեշտ է դիմել լիազորված մարմնին, տվյալ դեպքում` Ստեփանակերտի քաղաքապետարանին։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.