[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԲ ԳԱՂՏՆԻՔԸ ՍԵՐՆ Է

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 Ի՞նչ է գեղեցիկը. համաչափն ու ներդաշնա՞կը, թե՞ օգտակարն ու անհրաժեշտը, մարդու ոգի՞ն, թե՞ շատ նյութական մի բան։ Երևի գեղեցիկը ձևով ու բովանդակությամբ ներդաշնակ, հիացմունք առաջացնող երևույթ է։ Իրականում ո՞րն է գեղեցիկի ընդհանուր չափանիշը, արդյո՞ք այն գոյություն ունի... Գուցե՞ գաղտնիքը սիրո մեջ է. չէ՞ որ գեղեցիկ է ամեն բան, ինչին սիրով ես նայում։

Սերն առեղծվածային զգացմունք է, մարդկային երջանկության աղբյուր։ Չկա առավել հաճելի զգացողություն, քան սիրելն ու սիրվելը։
Առջևում սիրո տոնն է՝ Սուրբ Սարգիսը։ Նա երիտասարդների արագահաս բարեխոսն ու սիրո երազանքն իրականացնող Սուրբն է։ Ս. Սարգսի տոնը մեծ ժողովրդականություն վայելող եկեղեցական տոներից է, որի հետ կապվում են մի շարք ավանդույթներ։ Մասնավորապես՝ Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազհայտնությունը։ Ընտրյալին տեսնելը հավատքի արդյունքում կատարվող հրաշքն է։ Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Սուրբ Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին։ Ըստ ավանդության՝ Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի և փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա սիրահարի երազանքը։ Տոնի առթիվ սիրահար երիտասարդները միմյանց բացիկներ, ծաղիկներ և քաղցրավենիք են նվիրում։
ՙՍովորաբար բոլոր սրբերն իրենց կենցաղավարությամբ, առ Աստված ունեցած իրենց նվիրումով օրինակ են հանդիսանում մեզ համար։ Եկեղեցին զորանում է սրբերով։ Նրանց շարքին է դասվում Ս. Սարգիս զորավարը։ Իր աղոթասիրության, գթասրտության, արիության և մարտերում տարած հաղթանակների շնորհիվ քրիստոնյա զորավարը մեծ անուն էր հանել և հիշատակվում է որպես արագահաս բարեխոս։ Իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ զինվորների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է։ Պատահական չէ, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոց վարդապետը հետագայում նրա մասունքները տեղափոխել է Հայաստան և Գագա լեռան գագաթին սրբի անվամբ խաչ կանգնեցրել՚,¬ պարզաբանում է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը։
Այս տարի Ս. Սարգսի տոնը կնշվի փետրվարի 16-ին։
Սիրենք ու ջերմություն տարածենք ամեն օր։ Չէ՞ որ սերը հրաշքներ է գործում։