comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԻ ՀՈՒՇԱՔԱՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻ ՀՈՒՇԱՔԱՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 (Հուշի պատառիկ)

Մայր Հայաստանին վերամիավորվելու` արցախցիների փետրվարյան խաղաղ ցույցերը ազերիները իշխանությունների թողտվությամբ պատասխանեցին հայերի ջարդերով: Փետրվարի 22-ին ասկերանցիները կասեցրին նրանց ներխուժումը` տալով արժանի հակահարված: Գորբաչովը հանդես եկավ սթափության կոչով, ինչին ազերիները պատասխանեցին սումգայիթյան կոտորածներով:
Այդ օրերին Արցախում կատարվող իրադարձություններից մի փոքրիկ հուշ է ներկայացնում Շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանը:

-Սումգայիթում կատարված ողբերգության մասին լուրերը մեզ մոտ անմիջապես չհասան: Զանգվածային լրատվամիջոցներում այդ մասին տեղեկատվություն չկար: Բայց աստիճանաբար սկսեցինք իմանալ: Հայաստանում էլ կոմկուսը փորձեց կասեցնել Շարժումը, բայց չկարողացավ:
Մարտի 1-ին գնացի Ստեփանակերտ` հերթական հանրահավաքի մասին պայմանավորվելու: Շտաբի անդամները ՙԽորհրդային Ղարաբաղ՚ թերթի խմբագրության առաջին հարկում էին նստում: Այնտեղ հանդիպեցի Գուրգեն Գաբրիելյանին, հարցրի հանրահավաքի մասին, ասաց` չգիտի, Մանուչարովը կիմանա: Բարձրացա նրա մոտ, որը խմբագրի սենյակում էր: Հարցիս պատասխանեց, որ այդ օրը հանրահավաք լինելու է, բայց մի գործ կա, պիտի վերջացնեն` հետո, Առնոլդ Աբրահամյանի մոտ ( իր ղեկավարած շինանյութերի կոմբինատի գլխավոր ինժեներն էր), մի տեքստ կա, գնամ կարդամ, ինքը շուտով կգա:
Այդպես էլ անում եմ: Դա Գորբաչովին հղված մի հեռագիր էր, որտեղ նշված էր. ՙՀարգելի Միխայիլ Սերգեևիչ, մարտի 2-ին` Ձեր ծննդյան օրվա առթիվ, դադարեցնում ենք գործադուլը և հանրահավաքները՚: Ասացի` Լենինին ուղարկված Գայի հեռագիրն է հիշեցնում, երբ գրել է, որ նրա հայրենի Սիմբիրսկի գրավումը պատասխանն է նրա մեկ վերքի, իսկ երկրորդը Սամարան կլինի: Հեռագիրը տանք, էլի, կարող է մի արդյունք տալ, ասացի: Մանուչարովի խոսքով` հեռագրի տեքստը երեկոյան կներկայացվի հանրահավաքի մասնակիցներին և հավանություն ստանալու դեպքում` կուղարկեն:
Քանի որ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհը շատ վտանգավոր էր դարձել (թուրքերը քարկոծում էին մեքենաները, ջարդում), Մանուչարովին ասացի` քանի ցերեկ է, գնամ, անհետաձգելի գործեր ունեմ:
Գնացի: Երեկոյան զանգեցի Մանուչարովին և իմացա, որ հրապարակում, ոտքի վրա կազմակերպություն են ստեղծել` ՙԿռունկ՚-ը: Ճիշտն ասած` առաջին պահին վիրավորվեցի, որ ինձ տեղյակ չի պահել, բայց հետո մտածեցի, որ ճիշտը դա է, Շարժումն աստիճանաբար իր ձեռքն է վերցնում: Մեզանից միայն ընդգրկվել էր Հենրիկ Զաքարյանը` սովխոզտեխնիկումի տնօրենի տեղակալը սովորողների գծով: Գյուղատնտեսական տեխնիկումն այն ժամանակ Ասկերանի շրջանի` Բալուջայի կազմում էր: Դրանից հետո Կոմիտաս Դանիելյանին էլ, որպես Ասկերանի ներկայացուցիչ, ընտրեցին` չիմանալով, որ Հենրիկն արդեն կա:
Մանուչարովն ինձ ասաց, որ միջոցառում են նախատեսում Սումգայիթին նվիրված, հուշարձան են պատրաստում անմեղ զոհերի հիշատակին, գնանք տեսնենք: Գնացինք: Տեսա այդ քարը հղկողին, որը ասկերանցի Ալեքսանդր Բարսեղյանն էր: Զարմացա, շինանյութերի կոմբինատում ղեկավար աշխատողներից էր, բրիգադավար էր, բայց ինքն էր աշխատում քարի հետ: Երեք հատ փոքր քարեր էին: Մանուչարովին հարցրի, թե ինչու են քարերն այդքան փոքր: Պատասխանեց, որ ձմեռ է, քարհանք գնալը հնարավոր չէ, փորձել են, մեքենաներից մեկը գլորվել է ձորը: Երեք հատ տարբեր չափսի քարեր են, որ խորհրդանշում են, թե կոտորել են և՜ փոքրերին, և՜ մեծերին: Ասացի` լավ է մտածված: Չգիտեմ` ով է հեղինակը, բայց լավ է մտածված: Ճիշտն ասած` այնտեղ հեղինակային մի առանձին բան էլ չկար, երեք քարեր են, ուղղակի այդ գաղափարը մեջը դնելն էր ուշագրավը, որի մտահղացումը երևի հենց Ալեքսանդր Բարսեղյանինն էր: Նա շատ հայրենասեր մարդ էր, անգիր գիտեր Շիրազի ՙՂարաբաղի ողբը՚ և տարբեր տեղեր արտասանում էր: Միշտ զարմացել եմ, թե այդ քարագործ մարդը ոնց կարող է այդքանը հիշել: Ընդհանրապես, եթե տան մեծերը հայրենասեր են, ժառանգներն էլ են նույնը լինում: Նրա որդիներից էդմոնը, առաջիններից է նվիրվել Արցախյան պայքարին և զոհվել պատերազմում, մեծ հայրենասեր էր, եղբայրը` Սասունը, նույնպես այդպիսին է, նա էլ է մասնակցել մեր պատերազմին: Ալեքսանդրն էլ, թեպետ տարիքն առած մարդ էր, մասնակցել է մեր ինքնապաշտպանությանը:
Ես դրանից հետո մեկ էլ մարտի 8-ին եմ եկել Ստեփանակերտ: Կարծում էի` մեր ժողովուրդը հուսալքված կլինի Սումգայիթից հետո, բայց, լսելով նրանց ելույթները հանրահավաքներում` ես էլ շատ ոգևորվեցի, նոր լիցք ստացա: Հանրահավաքները շարունակվում էին` չնայած ահաբեկչությանը: Սումգայիթի կոտորածների անմեղ զոհերի հուշաքարը մեկ շաբաթ անց` մարտի 8-ին, տեղադրված էր հուշահամալիրում: Մարդիկ գիշեր-ցերեկ աշխատել և հասցրել էին: Այդ օրն այդտեղ մեծ հանրահավաք էր…