comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԱՏԱՂԻՍԻ ՆՈՐ ՕՐԸ...
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՏԱՂԻՍԻ ՆՈՐ ՕՐԸ...

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Բազում փորձությունների դիմակայած Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղն առավել շատ զինվորական ավան է հիշեցնում։ Մեր փորձերը` մտնել գյուղում տեղակայված զորամասի տարածք, ապարդյուն են անցնում։ Հրամանատարական կազմն առաջնագծում է, իսկ ավելի ցածր օղակներում նախապատրաստական եռուն աշխատանքներ են ընթանում. հաջորդ օրը նրանց մոտ Երդման հանդիսավոր արարողություն է։ Մեզ մնում էր ենթարկվել բանակային կարգուկանոնին ու հայացքով շոյելով գյուղի նորակառույցները` բռնել համայնքապետարանի ճանապարհը։ 

Գյուղապետ Զավեն Ավանեսյանը տեղում չէր, գյուղի հոգսերով գյուղավերև էր բարձրացել, որ վերին թաղամասի ոռոգման ջրի հարցը լուծի։ Մատաղիսի համայնքի քարտուղար Սվետլանա Ստեփանյանից տեղեկանում ենք, որ գյուղի խմելու ջրի հարցը լուծված է, բնակիչները լրիվությամբ ապահովված են։ Գյուղի միջնամասում գտնվող նորակառույց 16 տների բնակիչներն էլ ոռոգման ջրի խնդիր ունեն։ Խնդիրն առկա է, օրակարգային, մնում է ընթացքավորել։ Համայնքի ղեկավարը փորձում է վերանորոգել ջրմաբարն ու ջրագծերը ու օր առաջ ջուրը հասցնել կարիքավորներին։
Երկար տարիներ (նաև` խորհրդային շրջանում) քարտուղար աշխատած տիկին Սվետլանան հերթով ներկայացնում է գյուղի գլխով անցածը, նրա հոգսերը, խնդիրներն ու ձեռքբերումները... 1992 թվականի հունիսի 16-ին թողել են գյուղը և կրկին տուն վերադարձել 1994թ. օգոստոսին։ Ամուսինը՝ Սուրենը, առաջիններից մեկն է գյուղ եկել և մասնակից դարձել վերաբնակեցման գործընթացին։
Այսօր Մատաղիսը 581 բնակիչ ունի, որոնցից 257-ը ժամանկավոր են հաստատվել գյուղում։ Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, մանկապարտեզ։ Մանկապարտեզը շատ փոքր է, նախատեսվում է ավելի մեծ ու տիպային մանկապարտեզ կառուցել և անպայման ապաստարանով։ Տիկին Սվետլանան ամենօրյա շփումների մեջ է գյուղի բնակչության հետ, լավ տեղյակ է նրանցից յուրաքանչյուրի հոգս ու խնդրին։ Տեղյակ է, թե ով ինչպես է ապրում, առավել շատ ինչի կարիք ունի։ Համայնքապետարանում ձգտում են հնարավորինս կարեկից լինել բնակիչներին։ Գալիս տեղեկանք են վերցնում, հետն էլ կիսվում իրենց առօրյայով, հոգս ու խնդիրներով։ Ըստ քարտուղարի` բնակիչները հիմնականում ապահովված են աշխատատեղերով։ Զորամասում, դպրոցում, մանկապարտեզում, զույգ հէկերում մարդիկ վաստակում են իրենց ապրուստի միջոցները։ Այնպես, որ եթե կա վաստակելու ցանկություն, աշխատատեղը գյուղի համար այլևս խնդիր չէ։ Գյուղում աշխատում են բազմաթիվ շինարարներ, որոնք նոր տեսք ու շունչ են հաղորդում սահմանամերձ համայնքին։ ՙՄենք ընտանիքով բոլորս էլ աշխատում ենք, ասում է համայնքապետարանի քարտուղարը, և այդպես շատ-շատերը։
Գյուղի համար խնդիր է մնում երիտասարդ, նորաստեղծ ընտանիքների բնակավորման հարցը։ Եթե բնակարանաշինությունն էլ նոր ու լայն թափ ստանա, մեր գյուղի հետևից հասնող չի լինի, անկեղծանումէ տիկին Սվետլանան՚։
Գյուղացիները տներում մշտական ջուր ունեն, ոռոգման ջրի հարցն էլ մեծամասնության համար լուծված է։ Անասնապահությամբ են զբաղվում, միայն թե տարին այնքան էլ բարենպաստ չէր. խոզերի, ընտանի թռչունների մեծաքանակ անկում արձանագրվեց։ Մի քանի անասուններ էլ հանդերում ականի վրա են պայթել, բայց փոխհատուցում այդպես էլ չստացան։
Գյուղացին ինքը ստեղծող-արարող է, բայց պետությունն էլ նրան թիկունք պիտի կանգնի, որ գյուղացին շատ արտադրի, ավելցուկը շուկա հանի, մի քանիսին էլ ինքը կերակրի։
Ողջ գյուղը հարգանքով է վերաբերում սպաներին ու նրանց ընտանիքի անդամներին, մեր պահապան հրեշտակներն են՝ ասում են, թող նրանց մատն անգամ փուշ չընկնի։
Անզեն աչքով էլ տեսանելի է, թե ինչպես է Մատաղիսն օր օրի փոխվում, տարածում իր թևերը՝ լայնքով ու երկայնքով... Մատաղիսցիները վստահում են սահմանում կանգնած իրենց պաշտպաններին ու քարը քարին են դնում, հույսով, վաղվա օրվա հանդեպ հավատքով և վստահությամբ, որ հենց իրենք են ամուր պահելու իրենց պահապան զինվորի թիկունքը` չնայած թիկունք ու ճակատ հասկացությունն այս կողմերում, իրոք, հարաբերական է։ Հարաբերական է նաև խաղաղությունը։ Իսկ Մատաղիսի նոր օրը կերտվում է զորեղ հավատքով, քրտինքով, արմատներից պինդ կառչած՝ արարող ձեռքերով...