[ARM]     [RUS]     [ENG]

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՆԻԿՈԼԱՅ ԵՆԻԿՈԼՈՊՈՎԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ալեքսանդր ԵՐԿԱՆՅԱՆ

 Վերջերս լրացավ անվանի ղարաբաղցի, համաշխարհային անուն ունեցող գիտնական-քիմիկոս, ակադեմիկոս Նիկոլայ Ենիկոլոպովի 95-ամյա հոբելյանը։ Նա վիթխարի ներդրում է ունեցել ԽՍՀՄ քիմիական գիտության ու քիմիական արդյունաբերության զարգացման գործում։

Նիկոլայ Սերգեևիչ Ենիկոլոպովը (Ենիկոլոպյան) ծնվել է 1924թ. մարտի 13-ին` Լեռնային Ղարաբաղի Կուսապատ գյուղում։ Մանկությունն անցել է դժվարին պայմաններում։ Հոր աքսորվելուց հետո մայրը երեք դուստրերին ու որդուն դժվարությամբ մեծացրեց։ Հակառակ բոլոր դժվարություններին` պատանին գիտության ծարավ ուներ։ Երբ ավարտեց միջնակարգը, ընտանիքը տեղափոխվեց Երևան։ 1940թ. Ենիկոլոպովն ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիատեխնոլոգիական ֆակուլտետը։ 40-ական թվականներին ողջ աշխարհից սկսեցին Հայաստան գալ հայ գիտնականներ, ովքեր էլ թափ հաղորդեցին երկրում գիտության զարգացմանը։ Իր առաջին գիտական քայլերը Ենիկոլոպովն արեց հայկական ֆիզիկաքիմիական դպրոցի հիմնադիր, հրաշալի գիտնական, պրոֆեսոր Լևոն Ալեքսանդրի Ռոտինյանի ղեկավարության ներքո, ով նախկինում դասավանդում էր Բեռլինի համալսարանում։ Նրա խորհրդով Նիկոլայը 1946թ. մեկնեց Մոսկվա։
1946-1949թթ. Նիկոլայ Ենիկոլոպովը ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի հայտնի ինստիտուտի ասպիրանտ էր, որտեղ ապագա Նոբելյան մրցանակի դափնեկիր ակադեմիկոս Նիկոլայ Սեմյոնովի ու պրոֆեսոր Արամ Նալբանդյանի ղեկավարությամբ գիտական հետազոտություներ էր իրականացնում և 1946թ. 25 տարեկանում պաշտպանեց ՙԱծխածնի օքսիդի ցածրջերմաստիճանային օքսիդացման մեխանիզմը՚ թեմայով թեկնածուական ատենախոսությունը։ 1960թ. պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը՝ ՙԱծխաջրածինների օքսիդացման բարդ շղթայական ռեակցիաների կինետիկական առանձնահատկությունները՚ թեմայով։ 1961թ. Ենիկոլոպովը Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիուտի պրոֆեսոր էր։ 1966թ. նա ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, իսկ 1976թ.` ԽՍՀՄ ԳԱ գործող անդամ (ակադեմիկոս)։
Նիկոլայ Ենիկոլոպովի գիտական ու կազմակերպական կյանքն ավելի քան 40 տարիների ընթացքում կապված էր ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիուտի հետ։ 1985-ին նա դառնում է ԽՍՀՄ ԳԱ սինթետիկ պոլիմերային նյութերի ինստիտուտի հիմնադիրն ու նրա տնօրենը՝ ընդհուպ մինչ 1993թ. նրա մահը։ Ավելի ուշ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության որոշմամբ 1998թ. ինստիտուտին շնորհվեց ականավոր գիտնականի անունը։
Ակադեմիկոս Ենիկոլոպովն ավելի քան 1000 գիտական աշխատությունների, այդ թվում 9 մենագրությունների, 30 հայտնագործությունների ու գյուտերի հեղինակ է։ Նրա աշխատանքներից շատերը թարգմանվել ու հրատարակվել են օտար լեզուներով։ Իր չափազանց կարևոր գիտական գործունեության ու մեծ ձեռքբերումների համար Նիկոլայ Ենիկոլոպովը պարգևատրվել է ԽՍՀՄ մի շարք բարձր շքանշաններով։ Ենիկոլոպովի գիտական գործունեության միջազգային ճանաչման վկայությունը Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ ընտրվելու փաստն է։
Հայտնի գիտնականը գիտական հարուստ ժառանգություն է թողել։ Սինթետիկ պոլիմերային նյութերի ինստիտուտի` ակադեմիկոս Ենիկոլոպովի կողմից ձևակերպված հիմնական ուղղությունները հետագա զարգացում ստացան ու մինչ օրս չեն կորցրել իրենց արդիականությունը։ Ապրելով Մոսկվայում, Ենիկոլոպովը երբեք չկորցրեց կապն իր պատմական հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի հետ։ Իր գիտական գործունեության մեջ նա անխզելիորեն կապված էր Հայաստանի հետ, ակտիվորեն մասնակցում էր քիմիական գիտության ու արդյունաբերության զարգացման գործին՝ Հայաստանում ստեղծելով գիտական կենտրոններ, ամբիոններ ու լաբորատորիաներ, հանրապետության համար պատրաստելով բարձրակարգ գիտական կադրեր։ Ակադեմիկոս Ենիկոլոպովը կանոնավոր կերպով այցելում էր հայրենիք` Հայաստանի գիտությունների ակադեմիայում և Երևանի ինստիտուտներում դասախոսություններ կարդալու համար։
Բոլորը, ովքեր ծանոթ էին Նիկոլայ Սերգեևիչին, հիշում են նրան որպես բացառիկ հմայքով օժտված անձնավորություն։ Գիտնականը հրաշալիորեն տիրապետում էր խոսքին, կարողանում էր հեշտ ու մատչելի բացատրել։ Սիրում էր հյուրերի համար կազմակերպել ջերմ ընդունելություն, ուրախ սեղաններ` ընկերների շրջապատում, օժտված էր հումորի գերազանց զգացումով։
Երբ 1988-ին բուռն իրադարձություններ էին տեղի ունենում իր հարազատ Լեռնային Ղարաբաղում, Նիկոլայ Ենիկոլոպովն իր ողջ էությամբ հայրենակիցների հետ էր։ Երբ ստեղծվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված կառավարական հանձնաժողով, գիտնականն ակտիվորեն ներգրավվեց նրա աշխատանքում` ձգտելով օգնել հարազատ երկրամասին։ Այն ամենը, ինչը կապված էր Արցախի հետ, թանկ էր նրա համար։ Տանը ղարաբաղյան քարերի հավաքածու էր պահում։
Նույն ակտիվությամբ ակադեմիկոս Ենիկոլոպովն արձագանքեց 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժին։ Նա ավերիչ երկրաշարժից տուժածների օգնության համար ձևավորված միութենական հանձնաժողովի անդամ էր։
Գիտնականին առավելապես մտահոգում էր Երևանի ՙՆաիրիտ՚ գործարանի հարցը։ Նիկոլայ Սերգեևիչը ՙՆաիրիտը՚ համարում էր հայ ժողովրդի կարևորագույն ձեռքբերում։ ԽՍՀՄ փլուզումից հետո նա Հայաստանի կառավարությանը զգուշացրեց ձեռնարկությունների ու գործարանների փակման շուրջ հապշտապ որոշումներ չկայացնել, որոնք ազգային արդյունաբերության հիմքն էին։
Այնպես որ, Նիկոլայ Ենիկոլոպովը բարի հիշատակ թողեց և հարազատ երկրում։ Ենիկոլոպովի անունը հայերիս համար հպարտանալու առիթ է։ Այս ականավոր գիտնականը, մեծատառով մարդն ու հայրենասերն իր մեջ համադրում էր Հայաստանի, Արցախի ու Ռուսաստանի հանդեպ սերը։ Նա ամեն կերպ պաշտպանում ու ամրապնդում էր ավանդական բարիդրացիական ու փոխշահավետ գիտական կապերը Հայաստանի ու Ռուսաստանի միջև, հայ և ռուս ժողովուրդների հոգևոր ու մշակութային կապերը:
Նիկոլայ Սերգեևիչ Ենիկոլոպովն անժամանակ կյանքից հեռացավ 1993թ. հունվարի 22-ին՝ 68 տարեկանում՝ գերմանական Հայդելբերգ քաղաքում։ Հայտնի գիտնականը հանգչում է Մոսկվայի Նովոդևիչևյան գերեզմանատանը՝ ԽՍՀՄ և Ռուսաստանի ամենահայտնի մարդկանց կողքին։
Հայտնի գիտնականի մասին Ռուսաստանում ու Հայաստանում նկարահանվել են փաստավավերագրական ֆիլմեր։ 2000թ. Հայաստանում մարվել է հայազգի ամենաճանաչված գիտնականներին նվիրված նամականիշների շարքը։ Եվ ինը նամականիշներից մեկը նվիրված էր Նիկոլայ Սերգեևիչին։ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում գերազանցիկների համար սահմանված է Նիկոլայ Ենիկոլոպովի անվան կրթաթոշակ, իսկ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում Ենիկոլոպովի անվան փողոց կա։ Բայց դա, իհարկե, բավարար չէ, և անվանի գիտնականի անհատականության տիտանական մասշտաբը պետք է գնահատվի հավուր պատշաճի։


www.russia-armenia.info

Ալեքսանդր ԵՐԿԱՆՅԱՆ