comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՊԱՆԾԱԼԻ ՄԱՅԻՍ
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՆԾԱԼԻ ՄԱՅԻՍ

Լիանա ՄՈՎՍԵՍՅԱՆ

ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի


Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:

Հովհ. Շիրազ

Հայ ժողովրդի համար մայիսը յուրահատուկ է: Մեր բոլոր հաղթանակները կարծես շաղկապվել են գարնան զարթոնքի հետ: Հին ու հայտնի ճշմարտություն է` պատմությունը սիրում է կրկնվել… Սկսենք ամենասկզբից:
451թ., մայիսի 26, Ավարայրի ճակատամարտ: Հաղթանակ, որը հաստատեց հայի չձուլվելու կամքը: Դարեր շարունակ հային սպառնացել է ինքնությունը կորցնելու ահասարսուռ վտանգը: Բայց, ինչպես ասում են` միասնականության արդյունքը հաղթանակն է: Մենք կարողացել ենք դուրս գալ աjդ փորձությունից և հայտարարել՝ հայ ենք ու քրիստոնյա…
1918թ., մայիսի 22-28. Սարդարապատի ճակատամարտ, հետո՝ Բաշ-Ապարան ու Ղարաքիլիսա: Հաղթանակներ, որոնք հաստատեցին մեր ապրելու և հարատևելու իրավունքը: Այս հաղթանակները ձախողեցին հային իսպառ ջնջելու երիտթուրքական ծրագրերը: Հայկական կանոնավոր ուժերին ու կամավորականներին հաջողվեց կենաց ու մահու ճակատամարտերում անհավանական հաղթանակներ տանել թուրք հրոսակների դեմ և ասել. ՙՀայ եմ, պետք է հարատևեմ՚: 1918թ. մայիսի 28, Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օր: Ազգային հաղթանակ, որը հային տվեց ազատության իրավունք: Մայիսյան հաղթանակները հնարավորություն տվեցին հայերին վերականգնելու կորցրած անկախությունը: Հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած բազմաթիվ պատերազմներից հետո ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Պետական հիմնասյուների բացակայության պայմաններում մենք կարողացանք տեղ զբաղեցնել աշխարհի բզկտվող քարտեզում ՝ ապացուցելով, որ ազատ ապրելու իրավունքը նաև մերն է:
1945թ., մայիսի 9, Մեծ Հաղթանակի օր: Այս անգամ ևս հաղթանակը փառահեղ էր: Խորհրդային Միության կազմում գտնվող ազգերի՝ այդ թվում և հայերի համատեղ ջանքերով կարողացանք փայլուն հաղթանակ տանել, ասելով՝ մենք դեմ ենք ֆաշիզմին:
1992թ., մայիսի 9: Շուշիի ազատագրման օր: Հաղթանակ, որը հաստատեց. հայի ուժն ու կամքն անկոտրուն են: Շուշիի ազատագրումն Արցախյան պատերազմի շրջադարձային փուլն էր: Սա, թերևս, մեր հաղթանակների բարձրակետն էր: Մեր Ազատամարտում հայ ժողովուրդը մեծ գին վճարեց, հազարավոր հայորդիների արյուն թափվեց հայրենիքը պաշտպանելու և այն թշնամուն չզիջելու համար: Շուշիում կերտվեց այն հաղթանակը, որը հայի գենի մեջ էլ ավելի ամրապնդեց հանուն ազգի ու հայրենիքի անգամ կյանքը վտանգելու գաղափարը:
Արցախյան պատերազմի թոհուբոհում կազմավորվեց Արցախի Պաշտպանության բանակը, որը դարձավ այսօրվա անկախ Արցախի հենասյունը:
Ազգային Բանակ՝ մեր գոյության միակ երաշխիքը, մեր հպարտությունն ու փառքը:
Մեր հաղթանակների քայլերթը շարունակական է: Ազգ-բանակ միասնությամբ կընդունենք մերօրյա մարտահրավերները, և հավերժ եռագույնը կծածանվի: Մեր երկիրն անառիկ սահմաններ ունի, իսկ մեր ժողովուրդը՝ խաղաղ ապրելու անսասան կամք, որի համար ցանկացած պահի պատրաստ ենք բռունցքվելու, մի մարմին ու մի հոգի դառնալու և հաղթելու, վկան՝ Ապրիլյան քառօրյա պատերազմը: