ՄԱՅՐԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՈՒ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ...
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հարցազրույց ՙՄայր Հայաստան XXI՚ սոցիալ-մշակութային ՀԿ նախագահ
Գայանե ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ։
-Տիկին Գայանե, ձեր հռչակագրում որպես բնաբան եք ընտրել ՙԱշխարհի մայրեր, անկախ ազգից ու կրոնից, միացեք ընդդեմ պատերազմների և բռնությունների՚ խոսքերը: Կբացե՞ք փակագծերը։
-Մենք ապրում ենք ոչ սովորական ժամանակներում, և փաստացի ոչ մի երկիր ապահովագրված չէ էքստրեմալ իրավիճակներից։ Բոլոր մեծ ու փոքր խնդիրները կապված են բնապահպանության, համաճարակների, ահաբեկչության և պատերազմների հետ։ Այս բոլոր, մեղմ ասած, սպառնալիքները անմիջապես ազդում են մարդկության ներկայի և, ինչու չէ, ապագայի վրա, իսկ ամենից առաջ և ամենից շատ մարդկության ամենաանպաշտպան էակներին՝ երեխաներին։ Թեև փրկարարական աշխատանքների ժամանակ առաջին հերթին ուշադրություն է դարձվում կանանց և երեխաներին, իրականում դրանք միայն կանխարգելիչ միջոցներ են։ Որքան էլ ցավալի է, պիտի փաստենք, որ մեր երեխաները լիարժեք պաշտպանված չեն ագրեսիաներից, բռնություններից, նվաճողական գործողություններից... Եվ ո՞վ, եթե ոչ մայրերը պիտի համախմբվեն ու միասնական ուժերով պայքարեն նման արհավիրքների դեմ։ Իսկ նրանք, ովքեր այսօր թվում է, թե պաշտպանված են, վաղը կարող են հայտնվել նմանատիպ խնդիրների էպիկենտրոնում։ Կա միայն մեկ ելք՝ հնարավորինս նվազագույնի հասցնել կորուստները։ Քանի որ մենք խոսում ենք և մտահոգված ենք մարդկության ապագայով՝ հանձին մեր զավակների, ուրեմն, տրամաբանական է, որ հատկապես մայրերն սկսեն այս գործընթացը։
-Որո՞նք են այն առաջնահերթ խնդիրները, որոնց շուրջ արդեն աշխատում եք և ինչպիսի՞ հեռագնա նպատակներ ունեք։
-Մի փոքր հեռվից սկսեմ... Կովկասում ապրող ժողովուրդների մոտ կա մի հրաշալի ավանդույթ. մայրը (նշանակություն չունի` ինչ ազգության) կանգնում է երկու կռվող կողմերի մեջտեղում և գետնին է նետում իր գլխաշորը։ Դա թշնամությանը վերջ տալու, այն դադարեցնելու խորհրդանիշ է, մոր պահանջ, որպեսզի տղամարդիկ գտնեն փոխզիջման տարբերակներ։
Մեր կազմակերպության նպատակներից մեկն էլ այն է, որ ՙմայրական գլխաշորը՚ վերածվի ժամանակակից գործիքի՝ ընդդեմ բռնությունների և պատերազմների։ Ռազմագերիները գտնվում են Ժնևի Կոնվենցիայի պաշտպանության տակ, մենք պահանջում ենք, որ երեխաները գտնվեն Մայրական Կոնվենցիայի պաշտպանության տակ, որի ստեղծման համար էլ աշխարհի բոլոր մայրերին կոչ ենք անում միանալ Մայրերի համաշխարհային շարժմանը։ Երեխաները անգնահատելի արժեք են մոր համար և ոչ միայն... Մեր հիմնական նպատակն է աշխարհի մայրերի հետ միասին կանխել բռնություններն ու պատերազմները։ Սա մեզ համար կարևորագույն խնդիր է։
-Եվ ո՞րն է կազմակերպության հիմնական առաքելությունը։
-Կան շատ կազմակերպություններ` ՙԲժիշկներ առանց սահմանի՚ , ՙԽաղաղասերներ՚, ՙԽաղաղապահներ՚ և այլն, որոնք կատարում են մարդասիրական առաքելություն։ Սակայն զինված ընդհարումների ժամանակ տեղանքում շարունակում են ապրել երեխաներ ու կանայք, որոնք փախչելու, թաքնվելու տեղ ու հնարավորություն չունեն։ Այդ ողբերգական իրավիճակը ծանոթ է շատ ժողովուրդների` Գենոցիդ, Հոլոքոստ, Սոմալի, Կամբոջա, արաբական աշխարհ... դժբախտաբար այս ցուցակը չի կրճատվում, միայն փոխվում են աշխարհագրական անվանումները։ Դժվար է գերագնահատել միջազգային կազմակերպությունների դերը երեխաների փրկության գործում։ Փրկված երեխաներից շատերը դառնում են շնորհալի, արժանավոր քաղաքացիներ այն երկրներում, որոնք նրանց համար դառնում են երկրորդ հայրենիք։ Մենք՝ հայերս, շնորհակալ ենք բոլոր այն ազգերին, ովքեր փրկեցին հայ որբերին։ Այսօր, մեր թիկունքում ունենալով ազատ, անկախ հանրապետություն, աշխարհի հետ հաղորդակցվում ենք ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում։ Ստեղծելով ՙՄայրական համաշխարհային օգնության ցանց՚, ինչը մեր գերնպատակն է, ակտիվ մասնակցություն կցուցաբերենք կոնֆլիկտային իրադարձությունների օջախները մեղմելու համար։
-Ի՞նչ մեթոդներով եք առաջնորդվելու, և ո՞րն է լինելու հիմնական գործիքակազմը։
-Համացանցի, հանդիպումների, ֆորումների միջոցով աշխարհում տարածելու ենք մեր գաղափարները, իսկ մեր հիմնական շեշտադրումներից մեկն էլ այն է, որ ցանացած երեխա բացարձակ արժեք է և թանկ յուրաքանչյուրիս համար` ինչ գույնի, կրոնի, նախասիրության էլ որ պատկանելիս լինի։ Կստեղծենք նմանատիպ կազմակերպություններ տարբեր երկրներում։ Կմշակենք ՙՄայրերի պաշտպանության միջազգային կոնվենցիա՚, միևնույն ժամանակ կյանքի կկոչեն մի մեխանիզմ` Կոնվենցիայի միջոցով կոնֆլիկտային գոտում բացելու ՙԿյանքի ճանապարհ՚՝ երեխաների փրկության համար։ Կունենանք հստակ ծրագրեր, երեխաներին տեղավորող համապատասխան կազմակերպություններ, գիշերօթիկներ, ընտանիքներ, ընդհուպ երկրներ։ Կմշակենք ծրագրեր բժշկական օգնության և ժամանակավոր դասընթացներ՝ փրկված երեխաների համար։ Ինտերնետում կտեղադրենք հատուկ ծրագիր՝ հարազատների որոնման համար։ Կնախաձեռնենք հանդիպումներ տարբեր երկրների մայրերի և կոնֆլիկտի մեջ գտնվող մայրերի միջև՝ առողջ երկխոսություն ունենալու համար։ Մեր առջև դրված խնդիրները չափազանց շատ են ու դժվար... Հողագունդը բաժանված է աշխարհաքաղաքական տարբեր խմբերի ու խմբավորումների, տիրական են տարբեր հավատքներն ու բարոյական չափանիշները, սակայն աշխարհում կա մի մեծություն՝ ընդունելի բոլորի համար, դա ՄԱՅՐՆ է։ Մենք հուսով ենք, որ աշխարհի մայրերի միահամուռ ջանքերով կստանանք Սիներգիի էֆեկտը։ Ես հասցրել եմ լինել աշխարհի 54 երկրներում, Արցախ այցելում եմ վեցերորդ անգամ, և հանուն մեր նպատակների պատրաստ եմ ՙչափել՚ ողջ աշխարհը։
-Ինչո՞ւ որոշեցիք հենց Արցախից սկսել առաջին քայլը...
-Գաղափարները հենց այնպես չեն ծնվում, դրանք ծնվում են կյանքի, ժամանակի թելադրանքով՝ պայմանավորված պատմությամբ... Երբ ականատես ենք լինում չարդարացված պատերազմների, ամեն անգամ ես մտածում եմ. իսկ ի՞նչ ենք անում մենք, ինչո՞ւ են լռում մայրերը, մենք ծնում, կյանք ենք տալիս մեր զավակներին: Ի վերջո, մայր կոչումը բարձր է, բարձր ամեն ինչից։ Եվ, անկախ հավատքից, քաղաքական հայացքներից, մայրը մնում է մայր... Իմ ցանկությունն է, որ բոլոր մայրերը միանան, համախմբվեն բոլոր արհավիրքներին ու բռնություններին դիմակայելու գործում։ Եվ մենք ունենք դրա իրավունքը, ունենք կամք դիմադրելու, դիմակայելու ու հաղթելու։ Չկարծեք, թե ադրբեջանցի մայրերը քիչ են լացում կամ քիչ են տուժել այս առճակատումներից, ահա թե ինչու մենք դիմում ենք առհասարակ բոլոր մայրերին համախմբվելու։ Իսկ ինչո՞ւ Արցախից. որովհետև Արցախում մայրերի վերքը, ցավը դեռ թարմ են, նրանք կորցրել են իրենց զավակներին, եղբայրներին ու հայրերին, ու խաղաղությունն այստեղ դեռ փխրուն է։
-Արցախ այցի շրջանակներում հանդիպեցիք հանրապետության Նախագահի հետ, ինչպե՞ս է նա արձագանքել ձեր նախաձեռնությանը։
-Եթե անկեղծ լինեմ` նրա վերաբերմունքն ինձ չի զարմացնում, որովհետև նա միայն արժանապատիվ Նախագահ չէ, այլև վառ անհատականություն, և ես կրկին հիացած եմ մոր հանդեպ նրա վերաբերմունքից... Նա արժանի հայորդի է, արժանավոր զավակն իր երկրի։ Նա մեզ ընդունել է ինչպես հարազատ մորը կընդուներ, մեր ցավը, մտահոգությունները նա իրենը դարձրեց, մենք չէինք էլ կասկածում նրա աջակցության վրա, ու նախագահական նստավայրից հեռացանք ուղղակի հիացած։
Իսկ Արցախի կանանց մասին կասեմ, որ նրանք մեզանից մի քայլ առաջ են, նրանք շատ ակտիվ են և ունեն անսպառ եռանդ նվիրվելու, ծառայելու հայրենիքին, և իմ ցանկությունն է, որ նրանց ուժը միշտ այդպես անսպառ լինի... Իսկ մենք միասին կարող ենք հասնել մեծ արդյունքների։