Log in

ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՆ ՄՆՈՒՄ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2016, 2017 թվականների, ինչպես նաև Երևանի ու Ստեփանակերտի քաղաքապետարանների համագործակցության ծրագրերի մասին է մեր հարցազրույցը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

 - Պարոն Գրիգորյան, 2016թ. նախատեսված ծրագրերը որքանո՞վ  է հաջողվել կյանքի կոչել՝ նկատի ունենալով ապրիլյան իրադարձությունների ազդեցությունը:

- Ապրիլյան պատերազմի օրերին մենք մեր ժողովրդի միասնությամբ վերստին ապացուցեցինք  Հայրենիքի, Արցախի ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, մեր արդար պայքարը վերջնական հանգրվանին հասցնելու վճռականությունը: Չնայած պատերազմի հետևանքով առաջացած դժվարություններին, 2016թ. իրագործվեցին մայրաքաղաքի փողոցների բարեկարգմանն ու կառուցապատմանը միտված ծավալուն աշխատանքներ, կյանքի կոչվեցին տարաբնույթ մի շարք ծրագրեր: Շահագործվեցին բնակելի նոր շենքեր, կրթամշակութային և կենսական նշանակության շինություններ, ծնունդ առան մանկական նոր խաղահրապարակներ: Հայազգի բարերար Սամվել Կարապետյանի նվիրատվությամբ ևս մի գողտրիկ, գեղագիտական ու ճարտարապետական հնարքներով անկյուն ավելացավ քաղաքում. Հանրապետական բժշկական կենտրոնի տարածքում հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց  նորակառույց պուրակը, որը հանգստի և ժամանցի հաճելի վայր է դարձել ստեփանակերտցիների համար:

Ջրամատակարարման ծրագրի իրագործմամբ  Ստեփանակերտում լուծվել է ռազմավարական նշանակության շատ  կարևոր խնդիր, ու այժմ քայլեր են ձեռնարկվում ջրի որակի բարելավման ուղղությամբ: Քաղաքապետարանի տեսադաշտից դուրս չեն մնում ծայրամասային փողոցների և թաղամասերի բարեկարգման ու ենթակառուցվածքների կատարելագործման, արտաքին լուսավորման, քաղաքի սանիտարական վիճակի բարելավման հարցերը: Պատահական չէ, որ օր օրի ավելի գեղեցիկ և բարեկարգ տեսք է  ստանում մայրաքաղաքը: Միևնույն ժամանակ պիտի խոստովանել, որ բարեփոխումները ոչ բոլոր ոլորտներում են ցանկալի արդյունքներ տվել ու դեռևս չլուծված են մնում բնակչության կենսական նշանակության մի շարք խնդիրներ: Այդ տեսանկյունից անելիքներ քիչ չունեն քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպություններն ու կառույցները, որոնց արդյունավետ գործունեությամբ է պայմանավորված բնակչության սոցիալական ու կենցաղային պայմանների բարելավումը: Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է առավել սրտացավ գտնվել շրջապատի նկատմամբ: Պիտի գիտակցել մի պարզ ճշմարտություն. Ստեփանակերտը բոլորիս հարազատ տունն է, և պարտավոր ենք մեր  ներդրումն ունենալ նրա զարգացման ու բարգավաճման գործում:

- Երևանի և Ստեփանակերտի միջև սկզբնավորված համագործակցության ծրագրի շրջանակներում տարեցտարի ընդլայնվում են կապերը, ծնունդ են առնում նոր գաղափարներ, մտահղացումներ: Կխնդրեինք մի փոքր մանրամասնել. գլխավորապես  ի՞նչպիսի   ոլորտներ  են ընդգրկում ծրագրվող աշխատանքները:- Ինչպես միշտ, այս տարի ևս համագործակցության ծրագիրը նշանավորվեց գործնական նոր քայլերով: Երևանի գործընկերներն ակտիվ աջակցություն են  ցուցաբերել քաղաքային տնտեսությանը` կառավարման ոլորտում, իրենց հարուստ փորձը հաղորդել  Ստեփանակերտի քաղապետարանի ստորաբաժանումներին` գործառույթների կատարելագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, եկամուտների հաշվառման և հավաքագրման, հարկային դաշտի ուսումնասիրման և այլ բնագավառներում: Հատկանշական է, որ համագործակցությունը չի սահմանափակվում երկու քաղաքապետարանների պատասխանատուների փոխայցելություններով։ Ստեփանակերտի հետ ամուր կապեր են  հաստատել նաև Երևանի վարչական  բոլոր 12  շրջանները: Միայն այն իրողությունը, որ այս տարի Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից տարբեր մակարդակներով շուրջ 40 պատվիրակություններ են այցելել Ստեփանակերտ, և Արցախի մայրաքաղաքից 30-ից ավելի պատվիրակություններ և աշխատանքային խմբեր են  հյուրընկալվել Երևանում, վկայում է կողմերի միջև հաստատված գործընկերային սերտ հարաբերությունների, արդյունավետ և կայուն փոխգործակցության մասին:

Տարեցտարի ընդլայնվում են սոցիալական, կրթամշակութային, զբոսաշրջության և մարզական ոլորտներում իրականացվող  ծրագրերը: Երևանի քաղաքապետարանի համապատասխան կառույցների  պատասխանատուների հետ հաճախ են Ստեփանակերտ այցելում տարբեր բուժհաստատությունների, կրթական համակարգի, մշակույթի, սպորտի և տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներ, իրենց աջակցությունը ցուցաբերում արցախցի գործընկերներին: Մասնավորապես, անգնահատելի է ՙՆորք-Մարաշ՚ բժշկական կենտրոնի, Երևանի շտապօգնության ծառայության և առողջապահական մյուս հիմնարկների մասնագետների կողմից իրականացվող  առաքելությունը, որոնք, պարբերաբար այցելելով Արցախ, անհրաժեշտ հետազոտություններ  և խորհրդատվություն են անցկացնում, անվճար բուժօգնություն ցույց տալիս հիվանդներին: Այս համատեքստում կարելի է դիտարկել նաև սոցիալական ծրագրերի շրջանակում Ստեփանակերտ քաղաքից զոհված և վիրավոր ազատամարտիկների ու սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող օժանդակությունը, ինչը, նյութականից բացի, նաև բարոյական նշանակություն ունի:

Ստեփանակերտցիների ուշադրությունից չեն կարող վրիպել Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի սաների կողմից քանդակված տուֆակերտ արձանիկները, որոնք տեղադրվել են մայրաքաղաքի գողտրիկ անկյուններում և մի առանձին հմայք  են հաղորդում շրջապատին: Քաղաքի օրվա կապակցությամբ այդ արձանիկների շարքը համալրվեց խորհրդանշական նոր քանդակներով` շարժելով անցորդների հետաքրքրությունը: Որպես երկու մայրաքաղաքների միջև կապերի ամրապնդման և անկաշկանդ հաղորդակցման միջոց կարելի է համարել մշակութային ու մարզական միջոցառումների համատեղումն ու արշավների կազմակերպումը, որոնք թույլ են տալիս ավելի հաճախակի դարձնել շփումներն ու լավ ճանաչել միմյանց, ամառային հանգիստն անցկացնել Արցախի գեղատեսիլ բնության գրկում, հաղորդակցվել պատմամշակութային  հուշարձաններին, նպաստել զբոսաշրջության զարգացմանը:

- Մամուլում հաճախ է շրջանառվում Ազատամարտիկների այգու հիմնադրմանն առնչվող թեման, որն  իրականացվում  է  Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Շինարարական աշխատանքներն ի՞նչ ընթացքում են ու ե՞րբ է նախատեսվում համալիրի շահագործումը:

- Նշենք, որ երկու քաղաքապետարանների համագործակցության արդյունքում է ծնունդ առել Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտում` Ազատամարտիկների այգու հիմնադրման և Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի հարակից տարածքների  բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ մտահղացումը: Այսօր նախանշված այդ ծրագրերը հաջողությամբ կյանքի են կոչվում: Արդեն ուրվագծվում է Ազատամարտիկների այգու  համալիրը, և  վստահ կարող եմ ասել, որ այն մայրաքաղաքի  ամենագողտրիկ ու մարդաշատ վայրերից մեկն է դառնալու: Հանգստի ու ժամանցի անցկացման զբոսայգին աչքի է ընկնելու ճարտարապետական ուշագրավ լուծումներով,  300 նստատեղ ունեցող  ամֆիթատրոնով, երգող շատրվաններով ու ցայտաղբյուրներով, ամառային և ձմեռային  խաղահրապարակներով, սրճարաններով, կանաչ գոտիներով, յուրահատուկ ՙզրուցարաններով՚, օժանդակ այլ շինություններով: Որպեսզի համալիրը համահունչ լինի ժամանակակից պահանջներին, մասնագետները հայկական  ավանդականը փորձում են  համադրել նոր սերնդի ճարտարապետության հետ: Ծրագրի համաձայն, զբոսայգու շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել գալիք տարվա աշնանը:

- Ներկայացրեք, խնդրեմ, 2017 թվականի անելիքները: Ինչպիսի՞ առաջնահերթություններ կառանձնացեիք, և ի՞նչ ծավալի աշխատանքներ են ենթադրվում:

- Գալիք տարում ևս  առաջնահերթ լուծում  կգտնեն մայրաքաղաքի կենսական նշանակության խնդիրները, կաճի նորակառույց շինությունների թիվը: Շարունակական բնույթ  կկրեն փողոցների և  բակերի բարեկարգման և կառուցապատման, բազմաբնակարան շենքերի տանիքների և  շքամուտքերի վերանորոգման  աշխատանքները: Ուշադրության  տեսադաշտում կգտնվեն ենթակառուցվածքների` էլեկտրագծերի, ջրահեռացման և կոյուղագծերի նորացման, տրանսպորտային ուղևորափոխադրումների կարգավորման հարցերը, կընդլայնվեն կանաչ տարածքները,  հոգ կտարվի քաղաքի սանիտարական  մաքրության խնդրին: Բնականաբար, կարևոր նշանակություն կտրվի  ծայրամասային թաղամասերի և փողոցների բարեկարգմանն ու լուսավորությանը, բնակչության կենսաապահովման խնդիրներին: Իսկ որպեսզի այս ամենն իրականություն դառնա, մենք առավել միակամ ու վճռական պիտի գտնվենք մեր ձեռնարկումներում, համատեղենք մեր ջանքերը, միասին կառուցենք, ավելի հմայիչ ու բարեկարգ դարձնենք սիրելի Ստեփանակերտը:

- Պարոն քաղաքապետ, մենք գտնվում ենք Ամանորի նախաշեմին, ի՞նչ կմաղթեիք ստեփանակերտցիներին: 

- Գալիք տարում լրանում է Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի ստեղծման 25-ամյակը: Իրադարձություն, որը պատմական, վճռորոշ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար և արցախյան պատերազմում  նշանավորվեց նորանոր հաղթանակներով: Ապրիլյան դեպքերի ժամանակ պաշտպանության բանակն իր վճռականությամբ,  բարձր մարտունակությամբ վերստին ապացուցեց, որ ինքն է հանդիսանում երկրի անվտանգության երաշխավորը, և պատվով կատարեց իր առջև ծառացած խնդիրը: Վտանգի պահին ամբողջ հայ ժողովուրդը  համախմբեց իր ուժերը  և արժանի հակահարված հասցրեց թշնամուն: Բազմիցս ենք համոզվել այն ճշմարտության մեջ, որ երբ միասնական ենք, մեզ ուղեկցում են միայն հաղթանակները: Ահա թե ինչու այսօր, քան երբևէ,  ավելի ամուր  պիտի լինի բանակ-հասարակություն կապը, և դժվարությունների պահին մշտապես պետք է գտնվենք հայ զինվորի կողքին:

Կցանկանայի, որպեսզի Ամանորը բարությամբ լցներ բոլորիս հոգիները: Թող 2017 թվականը բոլոր արցախցիների, համայն հայության համար լինի խաղաղության, ձեռքբերումների և  արժևորումների տարի, իրականություն դառնան մեր ժողովրդի իղձերն ու ցանկությունները: 

 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ