Log in

ԼԻՆԵՆՔ ՀԱՇՎԵՏՈՒ ԱՍՏԾՈ ԵՎ ՄԵՐ ԽՂՃԻ ԱՌԱՋ

Ամանորի նախաշեմին իր բարեմաղթանքներն է հղում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ։

 -Սրբազա՜ն Հայր, մոտենում են Ամանորի և Սուրբծննդյան տոները, ինչպե՞ս է մեր եկեղեցին դրանք դիմավորում։

-1989թ. դեկտեմբերի 31-ին ես ավանդույթ հիմնեցի, որն էլ հետագայում տեղափոխվեց մայր Հայաստան։ Համաձայն դրա, դեկտեմբերի 31-ին, ժամը՝ 11. 00-ին մտնում ենք եկեղեցի և կատարում խաղաղական և հանգստյան ժամերգություններ։ Ժամը 12. 00-ին 12 անգամ հնչեցնում ենք եկեղեցու զանգերը և շնորհավորում մեր ժողովրդին, մաղթանք տալիս և մյուս ժամերգությունով մտնում Նոր տարի։ Հունվարի 1-ին մատուցվում է պատարագ, և սկսում ենք պատրաստվել Սուրբծննդյան տոնին։ Եկեղեցական կարգով հունվարի 5-ի երեկոյան ժամերգությունից հետո Ճրագալույցի Սուրբծննդյան պատարագն է մատուցվում, իսկ արդեն հունվարի 6-ին տոնում ենք Սուրբ Ծնունդը։ Կատարվում է նաև Ջրօրհնեքի արարողություն, և եկեղեցու խաչը փոխանցվում է այդ տարվա եկեղեցու խաչքավորին։ Բնականաբար, 5 տաղավար տոներից հետո Մեռելոց պատարագն է լինում, և հունվարի 7-ին էլ մեր բոլոր եկեղեցիներում կմատուցվի այդ պատարագն ու կկատարվի հոգեհանգստյան կարգը։
-Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը տոնում է հունվարի 6-ին, սակայն գիտենք, որ արևմտյան եկեղեցիներն այն տոնում են դեկտեմբերի 25-ին, և բնակչության շրջանում միշտ տարակուսանք է առաջանում օրվա կապակցությամբ։ Մեկ անգամ ևս անդրադառնանք այդ հարցին։
-Մենք երբեք չենք փոխել Սուրբծննդյան տոների կարգը։ Հայ Առաքելական եկեղեցին հավատարիմ է մնացել ավանդաբար փոխանցված ճշմարտությանը՝ հունվարի 6-ին տոնելով Ս. Ծննդի, Ս. Մկրտության և Աստվածհայտնության տոները։ Ինչպես առաջին դարում, այնպես էլ մինչ օրս, մենք այդ օրերի հիշատակությունը պահեցինք անփոփոխ։ Ու քանի որ Հռոմում նշում էին հեթանոսական տոներ, ընդհանրական եկեղեցին 5-րդ դարի սկզբին որոշեց Սուրբ Ծնունդը տեղափոխել դեկտեմբերի 25։ Հետագայում Հովհաննես Ոսկեբերանն էլ դրա կողմնակիցը եղավ, և արևմտյան երկրներն սկսեցին այն տոնել դեկտեմբերի 25-ին։ Միայն Հայ Առաքելական եկեղեցին անխախտ պահեց տոների իրական օրը։ Ինչ վերաբերում է ռուսական եկեղեցուն, որը Ս. Ծնունդը նշում է հունվարի 7-ին, դա հին և նոր տոմարների 13 օրվա տարբերության հարցն է։ Միակ եկեղեցին ենք, որ սուրբ պահեցինք նշյալ օրերի տոնակատարությունը և դավանանքը։
-Իրականում ինչպե՞ս մարդիկ դիմավորեն Ամանորի տոները և ինչպես մոտենան խորհրդին։
-Գիտեք, հիմա այնպես է ստացվել, որ դեկտեմբերի 31-ի գիշերը Նոր տարի է, իսկ եկեղեցում մեկշաբաթյա պահք է սկսվում։ Բնակչության մեծ մասը պահոց կերակուր չի ուտում, որովհետև դեկտեմբերի 31-ը որպես ավանդույթ է արմատավորվել: Խորը քրիստոյաները պահք են պահում, և դա կամավոր ընտրություն է, եկեղեցին ոչ մեկին դա չի պարտադրում: Սակայն կարևոր է, որ Նոր տարվա նախաշեմին յուրաքանչյուր ոք խորհի անցած տարվա իր արած-չարածի շուրջ, թե որտեղ է թերացել, ինչ լավ ու վատ գործեր է արել և մտածի շտկվել նոր տարում՝ Աստծուց խնդրելով ներում սխալների, մեղքերի համար, ուժ, որ մաքուր սկսի գալիք տարին՝ դառնալով օրհնաբեր իր ժողովրդի ու հայրենիքի համար։ Նման բարի մոտեցմամբ պետք է դիմավորել Ամանորը։ Պետք է հաշվետու լինենք Աստծո և մեր խղճի առաջ։ Ամբողջ տարին ամփոփելը բոլորի համար պետք է դառնա ավանդույթ։ Ու խնդրենք նաև, որ Աստված խաղաղություն, անվտանգություն, պտղաբերություն, համերաշխություն ու սեր տա մեր երկրին։ Մենք փոքր ազգ ենք, մի փոքր ընտանիք, սակայն մարտահրավերները` օվկիանոս, ու դրանց կարող ենք դիմագրավել Աստծո օգնությամբ և միաբան լինելով, ուստի պետք է սիրենք, օգնենք իրար ու մեր հույսը միշտ Աստծո ու մեզ վրա դնենք։ Աշխարհը շատ բուռն կերպով փոխվում է, մենք էլ այս հոսանքի մեջ պետք է շատ սթափ ու զգոն մտածենք, լինենք խոհեմ։
Սրտանց շնորհավորում եմ բոլորի տոները և մաղթում ամենաբարին, թող Սուրբծննդյան այս օրհնաբեր ճառագայթը, զորությունը լուսավորի մեր ամբողջ տարին, ողողի իր օրհնությամբ ու սիրով, որ լինենք համերաշխ, մեկս մյուսին ուժ տանք, որովհետև միաբան մենք ի զորու ենք հաղթահարել ամեն դժվարություն։ Մաղթում եմ մեծ պտղաբերություն բոլոր ոլորտներում, Աստծո օրհնությունը միշտ լինի մեզ հետ։

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ