Log in

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ-ԳԱՆՁԱՍԱՐ ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԱՅՑԵԼՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է

2018 թվականի առաջին կիսամյակում Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնն ընդունել է շուրջ 5000 տեղացի և օտարերկրյա այցելուների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3500-ի փոխարեն. այս մասին ասել է Կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արամ Թորոսյանը:

Նրա խոսքով` ինչպես նախորդ տարիներին, 2018-ին ևս այցելությունների գերակշռող մասը Ռուսաստանի Դաշնությունից  է: 

ՙՄատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը պատրաստվում է համագործակցել զբոսաշրջային որոշ կազմակերպությունների հետ. մարքեթինգային մի շարք ծրագրերի իրականացման արդյունքում, վստահ ենք, Մատենադարան-Գանձասար այցելողների թիվն էապես   կավելանա՚,- ասել է Ա. Թորոսյանը:

Մեր զրուցակիցը տեղեկացրել է նաև, որ նախօրեին Երևանի  Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդը Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի մուտքի տոմսի և ցուցադրության բացատրության համար սահմանել է գնացուցակ, ինչպես նաև  մասնաճյուղի աշխատանքային օրերի ու ժամերի  գրաֆիկ: Մուտքի տոմսն  արժե 250 դրամ,   հայերեն բացատրությամբ  շրջայցի արժեքը  1000 դրամ  է, իսկ օտար լեզուների  համար` 2000 դրամ:

ՙԱնվճար այցելությունների արտոնություններ են սահմանվել դպրոցականների և մինչև 6 տարեկան երեխաների, ՀՀ զինված ուժերի և ԱՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայողների, ուսանողական խմբերի, պետական, պաշտոնական պատվիրակությունների, ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող անձանց, թոշակառուների և Արցախի  ազատամարտի վետերանների համար: Դպրոցական  և  ուսանողական խմբերը, պետական, պաշտոնական

պատվիրակությունները Մատենադարան-Գանձասար գիտամշակութային  կենտրոն  անվճար այցելություններ կարող են իրականացնել միայն նախնական հայտ  ներկայացնելու  դեպքում: Նշենք  նաև, որ նախնական հայտ, համապատասխան գրություններ ստանալու համար գործարկվել է մասնաճյուղի էլեկտրոնային հասցեն` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ ՚,- հավելել   է Ա. Թորոսյանը:

Մատենադարան-Գանձասարը բաց է լինելու երեքշաբթի` ժամը  11:00-16:30-ը, իսկ չորեքշաբթի-կիրակի` ժամը 10:00-17:30-ն: Ոչ աշխատանքային օր է սահմանվել երկուշաբթին:

Խոսելով կառույցի խնդիրների մասին` Ա. Թորոսյանը   նշել  է, որ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում  կա անգլերենի գերազանց իմացությամբ զբոսավարի թափուր հաստիք, որը  պետք է աշխատի պայմանագրային   հիմունքներով:

Տեղեկացնենք, որ զբոսավարի թափուր հաստիքը զբաղեցնել ցանկացողներն իրենց կենսագրությանը, կրթությանը, աշխատանքային գործունեությանը վերաբերող  տեղեկությունները կարող են ուղարկել Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի էլեկտրոնային հասցեով. Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 

Վեհանուշ  ՀՈՎՍԵՓՅԱՆ