ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ

Հարցազրույց ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության, զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պատմամշակութային հուշարձանների պահպանության ուսումնասիրման և վերականգնման բաժնի պետ Սլավա ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։

 -Գաղտնիք չէ, որ հուշարձանները մեր պատմության կենդանի վկաներն են, մեր այցեքարտն ու մեր լինելիության առհավատչյան: Ինչպե՞ս է պաշտպանվում ու պահպանվում մեր ազգային հարստությունը։

-Նախ պետք է ճշտենք, թե ովքե՞ր պետք է պահպանեն և ովքե՞ր են պահպանում մեր հուշարձանները։
Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի սուբյեկտներն են ԱՀ կառավարությունը, պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները, հուշարձանների սեփականատերերը, օգտագործողները, հուշարձանների պետական հաշվառման, պահպանման, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման, հանրահռչակման, հուշարձանի պեղման և օգտագործման հետ առնչվող իրավաբանական ու ֆիզիկական անձինք։ Հուշարձաններն ըստ արժեքավորման չափանիշների դասակարգվում են հանրապետական և տեղական նշանակության: Հանրապետական նշանակության հուշարձանների կարգին են դասվում ժողովրդի պատմության, նրա նյութական և հոգևոր մշակույթի նշանակալի բարձրարժեք, հնագույն, տիպական կամ հազվագյուտ նմուշները։ Տեղական նշանակության են հանրապետության որևէ տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը, տեղական առանձնահատկությունները բնութագրող հուշարձանները։
-Վաղուց կառավարության կողմից հաստատված է Ստեփանակերտ քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը։ Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում փրկելու հին Ստեփանակերտի մասունք-հուշարձանները։
-Այո, Ստեփանակերտի ու նաև Շուշիի պատմական հուշարձանները ևս պահպանվում են օրենքով սահմանված կարգով։ Ըստ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի ՙգ՚ ենթակետի` կազմակերպվում են տեղական նշանակության հուշարձանների ամրապնդման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ։ Պահպանության հարցը հիմնականում դրված է նրանց վրա։
-Այդ համատեքստում ո՞րն է ձեր գործառույթը։
-Մերն ընդհանուր վերահսկողություն իրականացնելն է։ Մեր գործառույթն ավելի լայն է` վանքեր, եկեղեցիներ, հոգևոր-մշակութային կենտրոններ և այլն։ Յուրաքանչյուր համայնք պարտավոր է պահպանել ոչ միայն պատմական հուշարձանները, այլև, որ շատ կարևոր է, պատմական միջավայրը։ Պատմական միջավայրը ևս հուշարձան է։ Եթե տվյալ միջավայրում այլաբնույթ աշխատանքներ են իրականացվում, դա օրենքի խախտում է։ Օրինակ՝ Քարագլխի բերդի տարածքում ուզում էին քարհանք բացել, մենք դա արգելեցինք, որովհետև, կրկնում եմ, պատմական միջավայրն ինքը հուշարձան է, այն արդեն քարտեզագրված, նշված է, և կարող ենք ասել` պաշտպանված։ Բացի այդ, ամեն մի հուշարձանի համար մենք կազմակերպում և իրականացնում ենք պահպանության գոտիներ։ Ցանկացած հուշարձան ունի պահպանության գոտի։
Հուշարձանների պահպանման գոտիների համակարգը կարող է ներառել հուշարձանի պահպանության գոտին, կառուցապատման կարգավորման գոտին, լանդշաֆտի պահպանման գոտին։ Հուշարձանների պահպանման գոտիները, բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերը ելակետային հիմք են տարածաշրջանների, քաղաքների և մյուս բնակավայրերի մանրամասն հատակագծման և կառուցապատման նախագծերի համար։ Նշված գոտիներում հողային, շինարարական և այլ տեսակի աշխատանքների, ինչպես նաև տնտեսական գործունեության իրականացումը կատարվում է լիազորված մարմնի թույլտվությամբ։ Հուշարձանի պահպանման գոտիների տարածքը դասվում է պատմամշակութային նշանակության հողերի կատեգորիային և ունի այդ հողերի համար ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ և օգտագործման ռեժիմ։ Հուշարձանների տակ գտնվող, ինչպես նաև նրանց պահպանության գոտու, պատմամշակութային և բնապատմական արգելոցների հողերը ոչ նպատակային օգտագործման համար հետ վերցնելն արգելվում է։ Այդ հողերի ցանկը հաստատում է ԱՀ կառավարությունը։
Բերեմ մի թարմ օրինակ. ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ մենք ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հետ միասին այցելեցինք Ջրաբերդ արգելոցի տարածք։ Փաստորեն, այնտեղ պետք է իրականացվեին կառուցապատման աշխատանքներ։ Ջրի մակարդակը Թարթառ և Թրղե գետի միջնահատվածում պիտի բարձրացվեր 40 մետր և պիտի կառուցվեր ջրամբար։ Եթե այն բարձրացվի 40 մետր, նշանակում է` շոշափվում է ամբողջ հուշարձանը, և հուշարձանի որոշ շրջապարիսպներ ընկնում են ջրի տակ։ Պատրաստվում ենք այդ հարցով գիտխորհուրդ հրավիրել և քննարկել այն։ Ըստ էության, հարցը քննարկման ենթակա էլ չէ, պարզապես պիտի փորձենք խնդրին հնչողություն տալ, մատնանշել արտառոց դեպքը, դիտարկել, արձանագրել, որպեսզի հետագայում բացառվեն նման մոտեցումները։
Ջրաբերդի և Երիցմանկանց վանքի տարածքը մեր զբոսաշրջային գոտիներից մեկն է, և անհրաժեշտ է, որ այդտեղ տանող ճանապարհները նույնպես բարեկարգվեն։
Շուշիում հանրապետական կարգի բազմաթիվ հուշարձաններ կան, և քանի որ գտնվում են այդ տարածքում, պահպանության պարտականությունները գտնվում են այդ համայնքի քաղաքապետի իրավասության ու պատասխանատվության տակ։ Լիազորված մարմինը կատարում է իր պարտականությունները։ Պարտականությունները բաժանված են, հարցն այն է, թե ով ինչպես է այն կյանքի կոչում։ Կան դեպքեր, երբ ինքնագործունեությամբ են զբաղվում, եկեղեցի են նորոգում առանց ճարտարապետական նախագծի և այլն։ Համալիր աշխատանք պիտի տարվի, և բացառվի ինքնագործունեությունը։
-Ինչպե՞ս եք վարվում նման դեպքերում։
-Հարցը քննարկում ենք գիտխորհրդում, առաջարկում ենք զեկուցագիր ներկայացնել, բացատրություն ենք պահանջում։ Նման դեպքեր են գրանցվել Քաշունիքի (Կուբաթլուի) և Հադրութի շրջաններում: Հոգևորականը, առանց մասնագիտական խորհրդատվության, ինքնագործունեությամբ է զբաղվել, և չարչարանքն իզուր է անցել. շինությունը, որի վրա պիտի զանգակատուն տեղադրվեր, փլվել է սխալ հաշվարկների պատճառով։
Հաճախ էլ պատահում է համայնքներից ահազանգում են այս կամ այն հուշարձանի մասին, բայց իրենք իրենց պարտականությունները չեն կատարում, պատճառ են բռնում գումարների բացակայությունը և այլն։
Հուշարձանները պետք է նորոգվեն ըստ արժեքայնության... Դրանք ըստ տեսակների կարելի է բաժանել չորս խմբի (տեսակի)՝ պատմական հուշարձաններ, հնագիտական կարգի հուշարձաններ, մոնումենտալ արվեստի, ճարտարապետական-քաղաքաշինական կարգի հուշարձաններ։ Դրանցից ո՞րն է առաջնային, դրանք էլ բաժանում ենք երկու խմբի՝ հանրապետական կարգի նշանակության և տեղական նշանակության։ Տեղական են դիտվում հիմնականում ուշ շրջանի հուշարձանները, իսկ հանրապետական կարգի հուշարձաններ են դիտվում առավել մեծ արժեք ունեցողները` վանքերը, եկեղեցիները, քաղաքաշինական համալիրները, ճարտարապետական համալիր կառույցները և այլն։ Անհրաժեշտ է առաջնահերթության կարգով ավարտին հասցնել գմբեթավոր հուշարձանների նորոգման, վերականգնման աշխատանքները։ Արցախում կա տասը գմբեթավոր հուշարձան։ Քիչ է քանակը, բայց արժեքավոր հուշարձաններ են։
Արժեքավոր են այն հուշարձանները, որոնց վրա առկա են արձանագրություններ։ Մենք պետք է նաև տարբերենք վանքերը եկեղեցիներից։ Վանքերը միայն հոգևոր կենտրոններ չեն եղել, դրանք ավելի ընդգրկուն հասկացություն են։ Ժամանակին դրանք հանդես են եկել ոչ միայն որպես հոգևոր ղեկավարման, այլև ազատագրական պայքարի կենտրոններ։ Այդ ուղղությամբ ես բազմաթիվ ուսումնասիրություններ եմ կատարել: Գրեթե 37 գիրք եմ տպագրել, ներկայումս երկու ուսումնասիրություն էլ տպագրության փուլում է։ Վերջիններս վերաբերում են Արցախի ամրոցներին և տեղանունների ստուգաբանությանը։
-Տուն-հուշարձանների պահպանության վերաբերյալ ինչպիսի՞ վերաբերմունք ունեք։
-Դրանք ևս պատմական ճարտարապետական¬քաղաքաշինական բնույթի հուշարձաններ են համարվում։ Նմանատիպ շենք-շինությունների պահպանությունն ըստ օրենքի դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա։ Եթե այս կամ այն շենքն արդեն փլման վտանգի տակ է, և վերակառուցումը հրատապ է, մենք աջակցություն ենք ցուցաբերում, չափագրվում է, մշակվում, կազմվում համապատասխան նախագիծ, և տեղում պահպանության հարցերը լուծվում են։ Շինություններ էլ ունենք, որոնց չորսբոլորը տոննաներով աղբ կա կուտակված, դա ո՞վ պիտի մաքրի։
-Ի՞նչ է արվում նորահայտ հուշարձանների պահպանության և անվթարայնության ապահովման ուղղությամբ։
-Պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտը ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանվում մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը։ Հուշարձանի հայտնաբերման փաստը թաքցնող, այն հաշվառելու և ուսումնասիրելու համար արգելքներ ստեղծող, ինչպես նաև գտածոները ոչնչացնող կամ յուրացնող անձը պատասխանատվություն է կրում օրենսդրությամբ սահմանված կարգով։ Արգելվում է հուշարձանների քանդումը։ Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքում՝ ԱՀ կառավարության թույլտվությամբ, իսկ տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը՝ պետական կառավարման տարածքային մարմինների թույլտվությամբ։
Հուշարձանների տեղափոխման և փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված եզրակացության հիման վրա։

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ