Log in

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՓՆՏՐՏՈՒՔԻ ՄԵՋ

Ավանդույթի ուժով Նոր տարվա սկզբին ակամայից ինձ հայտնաբերում եմ սիրված գեղանկարչուհի, բանաստեղծուհի Լիանա Քոչարյանի հյուրընկալ արվեստանոցում։ Այստեղ՝ ոգելից խմիչքներով և ուտեստներով ծանրաբեռնված ճոխ սեղանի փոխարեն, գերիշխողը գույնն է, լույսը, կենսատու լավատեսությունն ու խոհը։ Այստեղ հարցականը կորցնում է իր գործառույթը, որովհետև նրա գեղանկարները ոչ թե ավելացնում են առանց այն էլ անպակաս հարցերը, այլև պարզապես զրուցում են հոգու հետ:

 -Տիկին Քոչարյան, ամեն անգամ ինքս ինձ հաշվետու լինելիս մտածում եմ, որ ժամանակը տեսանելի ու ընկալելի է, երբ այն նշանավորվում է նպատակներով, ձեռքբերումներով և, ինչո՞ւ չէ, նաև կորուստներով և այն ամենով, ինչ կարող էր տեղի ունենալ, բայց չունեցավ, որովհետև առավել հետևողական ու նպատակասլաց չէինք իրագործման ճանապարհին։ 

Ընդհանրապես ժամանակի հանգրվանների միջև առկա երևակայական տարածության ուղենիշը հետևողականորեն իրագործած նպատակներն են, աշխատանքային ու անձնական ձեռքբերումներն ու այն հուշը, որը բազմազբաղ առօրյայի արգասիք է։
-(Միշտ անպակաս ժպիտով) Ճգնեցիք հնարավորինս իրատեսական ու գործնական ձևակերպել։ Շարունակեմ նույն կերպ. տոներին բնորոշ ու սպասված պահերից են նաև նվերներ հանձնելն ու ստանալը, սակայն, թերևս ամենաթանկ նվերը մեկ տարով հարստացած կենսափորձն է։ Այն համոզմունքն ունեմ, որ յուրաքանչյուրն անցնող ակնթարթի, օրվա ու տարվա մեջ փնտրում է երջանկության իր ճանապարհը։ Դրա հետ մեկտեղ` երբեմն ենթագիտակցորեն հաշվետու լինելով ինքն իրեն՝ արած-չարածի, հասցրած-չհասցրածի համար։ Մտքերը, գործերը, ընտրած մասնագիտությունն ու աշխատանքը, ընկերները, հաջողությունները, ձախողումներն ու դրանցից քաղած կամ չքաղած դասերը դառնում են կյանք, առօրյա ու իրականություն։ Մինչդեռ մենք սպասում ենք այն կյանքին, որը հետո պիտի գա։ (Կարծես մտքի շարունակությունը որոնում է խորհրդանշող իր գեղանկարի մեջ, որին ամբողջ ընթացքում նայում եմ հիպնոսվածի պես)։
- (Բարձրաձայն խորհում եմ). մինչդեռ կյանքն ամեն ակնթարթ հնարավորություն-դռներ է բացում։ Ճիշտ ժամանակին ու ընտրությամբ բացված դռներն են հաջողությունը, իսկ ձախողումը՝ դրանց շրջանցումը։ Ամեն դեպքում տիեզերքը մեր առաքելության համար միշտ որոշակի ծրագրեր պիտի որ ունենա։ Թերևս հենց հին ու նոր տարվա խորհրդավոր սահմանագծին է, առավել քան երբևէ, զգալի տիեզերական այդ ուժի ներկայությունը մեր կյանքում, որից, որպես կանոն, այնքան սպասելիքներ ենք ունենում։
-Այս ամենի հոլովույթում, թվում է` մի կյանքը չի բավականեցնի։ Հատկապես արվեստագետին, ով բռնում է անցած թելն ու հասնում այն մտքին, որ արարելիքն ավելին է, քան հասցրածն ու արածը։ Տարեվերջյան՝ չհասցնելու տագնապը, անհատական չափաբաժնով, ընդհանրական զգացում է։ Անցնող տարին ափսոսանք է։ Չհասցնելու տագնապ կա։
Ընդհանրապես իմ կյանքում ամեն ինչ Ընտանիք ու Արվեստ մոլորակի ուղեծրում է։ Մնացածը՝ դեպքերի, դեմքերի ու ժամանակի հերթագայում է։ Այդ առումով, քանի ապրում, այնքան զգում ես, որ կյանքը չափազանց կարճ է տարեցտարի ձյունահյուսքի նման թափ հավաքող մտահղացումների իրագործումը հասցնելու համար։ Ամենագլխավոր ձեռքբերումն այն է, երբ վստահում ես, որ չհասցրածդ զավակդ է իրագործելու, ով գալու է՝ հնի ու նորի բախման կռվում հաղթած։ Քո կենսափորձի կոդերով հարստացած ու իր ունեցածի գումարմամբ՝ հաջողության դատապարտված։ Չարչարվել եմ, բայց վաստակել՝ և՜ ընտանեկան, և՜ ստեղծագործական, և՜ կյանքի բերկրանք։ Բայց ամենամեծ նվերս ու ձեռքբերումն զգացումն է, որ որդիս երեկ հայրենիքի զինվոր, այսօր՝ քաղաքացի, ժառանգել է կենսատու լիցքով ապրելու և արարելու իմ կոդը։ Եվ քանի հնարավորություն կա, կցանկանայի երախտագիտությունս հայտնել մեր զինվորներին, որոնց շնորհիվ կարողանում ենք փխրուն խաղաղության պայմաններում մտածել վեհի, գեղեցիկի, լուսավորի մասին ու վերջապես նաև ստեղծագործել։ Նրանք մշտապես ներկա են իմ մտքերում ու գործերում։ Կասկածոտ խաղաղության պայմաններում արարելը, վտանգներով լեցուն այս առօրյայում՝ ուժեղության զգացումը, նրանց շնորհիվ է։ Մենք աշխատում ենք հնարավորինս մեզ շրջապատել լույսերով՝ հատկապես Ամանորին։ Հենց այդ լույսն եմ հետապնդում։ Տարեվերջյան գոհությանս չափը պայմանավորված է նրանով, թե որքանով եմ հաջողել մոտենալ արարման այդ լույսին, որը մշտախույս բնավորություն ունի։
Վանիկ ՆՈՎԻԿՈՎ