comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
2018-ԻՆ՝ ԻՍԿԱԿԱՆ ՙԲՈՒՄ՚ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

2018-ԻՆ՝ ԻՍԿԱԿԱՆ ՙԲՈՒՄ՚ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

Գրել, կարդալ ու հիշել գրած-կարդացածը, վերլուծել, դասակարգել… Այս ամենն իրականություն դարձավ, երբ ի հայտ եկավ գրերի գյուտը, ինչի շնորհիվ մարդը որպես հոգևոր էակ զարգացում ապրեց:

 Այդ վաղնջական ժամանակներից ի վեր գիրքը դարձավ քաղաքակրթության զարգացման խորհրդանիշ: Դեռ հին քաղաքակրթությունների ժամանակ կառուցվել են հատուկ շենքեր` գրքեր տեղադրելու համար, և անվանվել գրադարաններ: Գրքի հանդեպ սերն ու ակնածանքը Հայաստանում մեծ էր բոլոր ժամանակներում։ Խորհրդային իշխանության օրոք գրադարաններն այնքան շատացան, որ յուրաքանչյուր գյուղում գործում էր առնվազն երկու գրադարան` համայնքային և դպրոցական: Անկախություն հռչակելուց հետո և հետպատերազմյան ծանր տարիներից ի վեր իրավիճակը փոքր-ինչ փոխվեց: Գրադարանների քանակը նվազեց: Շատ գյուղերում համայնքայինն ու դպրոցական գրադարանները միացան` ելնելով սուղ ֆինանսական վիճակից: Իսկ պատճառն այն էր, որ դրանք անցան համայնքային ենթակայության տակ։ Այնուամենայնիվ, ցանկացած գյուղում գործում է մեկ, շրջկենտրոններում` ավելի, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտում, բացի ուսումնական հաստատություններում գործողներից, առկա են երեք գրադարաններ` հանրապետական, քաղաքային և մանկական:

Գաղտնիք չէ, որ խորհրդային տարիներին գիրք ընթերցելը շատ էր արժևորվում: Շատ թե քիչ կրթված մարդը ձգտում էր իր տանն ունենալ սեփական գրադարան: Եվ սովորական երևույթ էր գիրք գնելը, նվիրելը և, իհարկե, կարդալը: Սովորական երևույթ էր աշխատավայրում քննարկել տանը կարդացած գիրքը: Գիտատեխնիկական առաջընթացը, հատկապես վերջին տարիներին մեծ թափ առած բարձր տեխնոլոգիաների զարգացումը շոշափելիորեն փոխեցին դարերով ձևավորված ավանդույթը: Հեռուստատեսությունը, համակարգչային տեխնոլոգիաները, նորաոճ, բազմաֆունկցիոնալ հեռախոսները, դրական կողմերից բացի, նաև բացասական ազդեցություն ունեցան մարդկանց վրա: Շատերը հրաժարվեցին գիրք կարդալուց` գերադասելով դիտել հեռուստացույց, խաղալ համակարգչային խաղեր և հենց դրանով լցնել ազատ ժամանակը:
Վերջին տարիներին նշված գրադարանների աշխատակիցները գանգատվում էին ընթերցողների քիչ քանակությունից: Եվ, իսկապես, մեր երեխաները, ցավոք, մեծամասամբ շատ քիչ են գիրք կարդում: Պատճառը բոլորս գիտենք` համակարգիչն է, հեռախոսը, բայց, ավա՛ղ, շատ դեպքերում ոչինչ չենք կարող անել: Նրանք ասես միաձուլվել են, իսկ տարանջատելը մեծ դժվարություն է ներկայացնում: Անշուշտ, այս հարցում մեծ է ծնողի խոսքը երեխայի ընտրության հարցում: Եվ, անշուշտ, կան ծնողներ, ովքեր ի զորու են փոխել իրավիճակը, համոզել զավակին, եթե ուսուցիչ է` աշակերտին, գիրք կարդալով ծանոթանալ աշխարհին: Հուրախություն գրադարանների աշխատողների, վերջին երկու-երեք տարիներին շոշափելի տեղաշարժ է արձանագրվել: Թե՜ դպրոցականների, թե՜ հասուն մարդկանց վերադարձը գրադարաններ նկատելի է: Ասվածի օգտին են խոսում ՙՄեսրոպ Մաշտոց՚ հանրապետական գրադարանից վերցված տվյալները: Այսպես, եթե 2016-ին միջնակարգ դպրոցն ավարտած մարդկանցից, տարվա կտրվածքով, ընդամենը 120 մարդ էր գրադարանից գիրք վերցնում, 2017-ին` 130, իսկ 2018-ին գրեթե երկու անգամ շատ` 210: Դրական այդ միտումն առկա է նաև բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց, ինչպես և ուսանողների և դպրոցականների շրջանում: Եթե 2016-ին 1733 ուսանող և դպրոցական են օգտվել գրադարանից, 2017-ին` 1848, 2018-ին այդ թիվը գրեթե մոտենում է 2000-ին:
Այս միտումը հաստատեցին նաև Մուրացանի անվան քաղաքային գրադարանի աշխատողները: Ավելին, գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանի խոսքով` 2018-ն իսկական ՙբում՚ էր ընթերցողների շրջանում: Վերջին տարիների համեմատությամբ, հաստատում է նա, դա աննախադեպ երևույթ է: ՙԿարծես, մարդիկ հասկացել են,- ասում է նա,- գրքի իսկական արժեքը: Չէ՞ որ հայ ժողովուրդը գիրք սիրող ժողովուրդ է, և մենք իրավունք չունենք հեռանալ տպագիր խոսքից՚: Երախտապարտությամբ հիշենք այն մարդկանց, ովքեր զանազան արհավիրքներից փրկել են հազարավոր գրքեր, ինչի շնորհիվ դարերի խորքից մեզ են հասել բազմաթիվ արժեքավոր մատյաններ, տարեգրություններ, ձեռագիր կամ տպագիր այլ գրքեր:
Իսկ թե ի՞նչ գրքեր են նախընտրում նշված գրադարանների տարեցտարի շատացող ընթերցողները, կներկայացնենք առանձին անդրադարձով:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ