comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ԱՀ ՄԵՀԶ նախարարության կողմից կազմակերպված արցախցի մի խումբ երիտասարդների այցը Սերգեյ Փարաջանովի թանգարան նվիրված էր աշխարհահռչակ կինոռեժիսորի ծննդյան 95-ամյակին։ Նրանք ծանոթացան հայազգի անվանի կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի կյանքին ու գործունեությանը։

 Թանգարանի ցուցադրության և հանրահռչակման բաժնի վարիչ Անահիտ Միքայելյանը նախ խոսեց նրանց գտնվելու վայրի ու այն բոլոր նյութերի մասին, որոնք, ի վերջո, հանգրավան են գտել թանգարանում և վկայում են ՙանիծված ռեժիսորի՚ դժբախտ ու հակասություններով լի կյանքի մանրամասները։ Ապա ներկայացրեց Անդրեյ Տարկովսկու գնահատմամբ` ՙբոլոր ժամանակների ու ազգերի ամենահանճարեղ ռեժիսոր՚-ի թանգարանային (կենսագրական ու ստեղծագործական) նյութերը։ 

Ռեժիսորը՝ Սարգիս Հովսեփի Փարաջանյանցը, ապրել ու ստեղծագործել է խորհրդային տարիներին, սեփական մաշկի վրա զգացել խորհրդային կարգերի ողջ դաժանությունն ու սահմռկեցուցիչ պատիժները։ Ծնվել է Թբիլիսիում, ուսանել Մոսկվայում, բնակվել Կիևում։ Կինոարտադրության մեջ ստեղծել է հավերժ մնայուն գործեր։ Ֆեդերիկո Ֆելինիի վկայությամբ՝ ՙՓարաջանովը ՙՆռան գույնը՚ ֆիլմով մի քանի տասնամյակ առաջ մղեց կինոն՚։ Քաթրին Դենյովի կարծիքով՝ ՙՓարաջանովը մեղավոր էր, որովհետև ազատ էր՚։ Բացառիկ հանճարով օժտված արվեստագետը քանիցս բանտարկվեց իր ազատամիտ գաղափարների պատճառով։ Բայց ոգին հաղթեց և ամեն անգամ (նույնիսկ բանտային տարիներին) ստեղծում էր ավելի արժեքավոր գործեր, որոնք ներկայացված են Երևանում գործող թանգարանի 2 հարկաբաժինների մի քանի բաժիններում։
Անահիտ Միքայելյանն արցախցի երիտասարդներին էր ներկայացնում ռեժիսորի կենսագործունեությանը վերաբերվող հայտնի ու անհայտ պատմություններ։ Ֆիլմերին անդրադարձ եղավ առանձին սրահում, թանգարանի հիմնադրման պատմությունից փաստեր ներկայացվեցին հուշային հատվածում, իսկ վերջին սրահը, որտեղ Փարաջանովի բանտային արվեստն է ցուցադրվում, խոսք գնաց ձերբակալությունների և դրանց պատճառների մասին։
Խճանկարային տեխնիկան Փարաջանովի ստեղծագործությունների հիմնական բաղադրիչներից է եղել, նրա արվեստի հիմնարար մասը։ Այդ նմուշները զբաղեցնում են մի ամբողջ բաժին։
Փարաջանովն ստեղծել է նաև ինքնաբնութագրող ու ինքնագնահատանքի եզակի գործեր։
Անահիտ Միքայելյանի խոսքի առանցքը բացառապես Փարաջանովն էր՝ իր կյանքին ու անձին վերաբերվող հետաքրքիր դրվագներով ու փաստերով հագեցած։
Փարաջանովի վաղ շրջանի ստեղծագործություններում ներքին կանխազգացումներով արտահայտված պատկերներն իրականություն են դարձել տարիներ անց, երբ նա արդեն ՙՆիկա՚ մրցանակի դափնեկիրն էր։
Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը տեղափոխվեց Երևան։ Իշխանությունների կողմից նրան հատկացված շինությունը պիտի ծառայեր և՜ որպես բնակարան, և՜ որպես թանգարան։ Բայց 1990 թվականին քաղցկեղն ընդհատեց նրա կյանքը, և շենքը 1991 թվականից ծառայում է որպես թանգարան։
Երևանում ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից այս մեկն ամեն օր ընդունում է հյուրեր աշխարհի տարբեր երկրներից։ Իր գոյության 28 տարիների ընթացքում թանգարանի կազմակերպած 64-րդ ցուցադրությունից արցախցի երիտասարդները վերադառնում են անչափ տպավորված։ Անուշ Հակոբջանյանն իր խորին շնորհակալությունն է հայտնում ՄԵՀԶ նախարարությանը՝ ընձեռած հնարավորության ու թանգարանից ստացած գեղագիտական հաճույքի համար։
Թերեզա Առուստամյանի համար հերթական այցը թանգարան նոր բացահայտման առիթ էր։
Անահիտ Միքայելյանը նաև տեղեկացրեց, որ ցուցանմուշների մի մասը տեղափոխվել է Ստամբուլ՝ ցուցադրելու աշխարահռչակ արվեստագետի ծննդյան 95-ամյակին նվիրված ցուցահանդեսում։ Իսկ Թուրքիայում կազմակերպված ցուցահանդեսը որակվում է որպես մինչ այդ եղած բոլոր ցուցահանդեսներից ամենամեծն ու նշանավորը, իրականություն է դարձել Ստամբուլի Բերա և Երևանի Փարաջանովի թանգարանների համագործակցության արդյունքում։ Այն բացվել է 2018թ. դեկտեմբերին ու տևելու է մինչև 2019թ. մարտ ամիսը։
Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ