comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԳՐԱՔՆՆԱԴԱՏՆԵՐԸ ՄԱՔՐՈՒՄ ԵՆ...ԳՐԱԿԱՆ ՄՈԼԱԽՈՏԵՐԸ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԳՐԱՔՆՆԱԴԱՏՆԵՐԸ ՄԱՔՐՈՒՄ ԵՆ...ԳՐԱԿԱՆ ՄՈԼԱԽՈՏԵՐԸ՚

Կիմ Գաբրիելյան: Ծնվել է 1960 թվականին Ասկերանի շրջանի Ղլիժբաղ գյուղում։

 Բարձրագույն կրթությունը ստացել է Ստեփանակերտում՝ ավարտելով տեղի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Ունի նաև իրավաբանի բարձրագույն որակավորում։

Աշխատել է Ասկերանի շրջանային ՙԿարմիր դրոշ՚ թերթում, ապա ԼՂ գրողների բաժանմունքում՝ որպես գրական խորհրդատու: 1988-1990թթ. ղեկավարել է ԼՂ մարզային ռադիոյի՝ գրական-երաժշտական բաժինը։ ՙԱրցախ՚ հանդեսի, ՙԵղիցի լույս՚ գրական, ՙԳործաշխարհ՚ իրավատնտեսական թերթերի գլխավոր խմբագիրն էր։ Տարբեր ժամանակներում համատեղությամբ աշխատակցել է արցախյան և հայաստանյան մի շարք լրատվամիջոցների։
Աշխատել է ԼՂՀ ՆԳՆ մամուլի ծառայությունում, հիմնադրել և վարել է ՙ02՚ հաղորդաշարը։ Այժմ աշխատում է ԱՀ դատախազությունում՝ որպես հանրային կապերի բաժնի պետ։ Արցախի ժուռնալիստների միության հիմնադիրներից է, միության նախագահը հիմնադրման օրվանից։
Բանասիրական գիտությունների թեկնածու է։
Հեղինակ է արձակ և չափածո ութ գրքերի։
-Պարոն Գաբրիելյան, ի՞նչ հունով է ներկայումս ընթանում Ձեր ստեղծագործական կյանքը՝ բանաստեղծությո՞ւն, արձա՞կ, թե՞... Դուք բազմաժանր գրող եք...
-Անշուշտ, եթե նկատի ունենանք, որ իմ հրատարակած գրքերը ներառում են տարբեր ժանրեր։ Զուգահեռաբար գրում եմ և՜ պատմվածքներ, և՜ բանաստեղծություններ։ Բայց քանի որ նաև լրագրող եմ, ուստի ստեղծագործական ժամանակիս գերակշիռ մասը նվիրում եմ լրագրությանը։
-Դժվա՞ր չէ դրանք համադրելը...
-Ես կասեի՝ հեշտ չէ։ Լրագրությունը կլանում է միտքն ու ժամանակը։ Մի անգամ փորձել եմ հաշվել, թե վերջին քառորդ դարում մոտավորապես քանի էջ հոդված, տեղեկատվություն կամ վերլուծական եմ գրել ԶԼՄ-ների համար։ Երբ չորս հազարն անցավ՝ դադարեցի հաշվել։ Պատկերացրեք, եթե այդ էջերը լցնեի գեղարվեստական գործերով՝ քանի վեպ ու պատմվածքների ժողովածու կստացվեր։
-Ափսոսո՞ւմ եք կորուսյալ ժամանակի համար։
-Ափսոսում եմ, բայց այլ ելք չունեի։ Գրականությունը, ցավոք, չի կերակրում։ Հիմա գրքեր քիչ են առնում։
- Կարելի է ասել՝ Ձեր լավագույն երկը դեռ չեք գրել, այն նոր պիտի գրեք...
- Ո՞րն է համարվում ստեղծագործելու լավագույն տարիքը... Եթե արգասավորության ժամանակահատվածն արդեն ապրել եմ, ուրեմն դժվար թե այսուհետ լավ երկեր գրեմ։ Բայց ես լավատեսորեն եմ տրամադրված, մանավանդ այնքան մտահղացումներ ունեմ դեռ։ Անկեղծ ասեմ՝ ինձ ծեր չեմ համարում լիարժեք ստեղծագործելու համար, պարզապես ունեմ աշխատասիրության պակաս։
- Բայց ասացիք, որ հազարավոր էջեր եք գրել։ Դա աշխատասիրություն չէ՞, արդյոք։
- Եթե հազարավոր էջերով վիպակներ ու պատմվածքներ լինեի գրած, գուցե թե ինձ համարեի աշխատասեր ու բեղմնավոր գրող։ Բայց, ցավոք, դա այդպես չէ։
- Գոնե հավանո՞ւմ եք Ձեր գրած պատմվածքները կամ բանաստեղծությունները։
- Իմ ներսի գրաքննիչի գնահատականով՝ ոչ, թեպետ լավ գործեր էլ երևի ունեմ։ Չմոռանանք, սակայն, որ ես նաև գրականագետ եմ. իմ խստապահանջության մեջ գեղագիտական բարձր չափանիշներ կան, որոնք ինքս եմ սահմանել ինձ համար։ Աշխատում եմ դրանք չխախտել։
- Ձեր գիտական գործունեության մեջ էլ դարձյա՞լ սակավագիր եք։
-Գիտամանկավարժական բնագավառում թերևս համեմատաբար ակտիվ եմ։ Հետաքրքիր բնագավառ է, բազմաշերտ, միշտ սովորելու բան կա։ Ներքին գրաքննիչս այդ գործունեության արդյունք կհամարեի։
- Թեմայից մի քիչ շեղվեմ՝ մենք Արցախում բավարար չափով գրաքննադատություն ունե՞նք։
- Գրաքննադատները յուրօրինակ սանիտարներ են, որոնք հետևողականորեն մաքրում են գրական մոլախոտերը։ Բայց քանի որ մեր գրական անդաստանում մոլախոտերը հիմա շատ են, նշանակում է` ՙսանիտարները՚ պարապուրդի մեջ են, կամ էլ, առհասարակ, բացակայում են։
- Խի՞ստ չէ ասված։
- Դա իմ անձնական կարծիքն է։ Պատրաստ եմ այդ թեմայով բանավիճել և այն էլ զուտ մի նպատակով՝ նպաստել գրական քննադատության ձևավորմանը։
- Ձեր ստեղծագործական խոհանոցից ի՞նչ կուզենայիք հրամցնել ՙԱզատ Արցախ՚-ի ընթերցողներին։ Մայր թերթում գրական ստեղծագործությամբ հանդես գալը կարելի է նույնիսկ իրադարձություն համարել։
-Ողջունելի նախաձեռնություն է: Հաճույքով կարդում եմ իմ գրչընկերներին: Թող զարմանալի չթվա` նախընտրեցի առակներով հանդես գալ. հին գործեր են, սակայն կարծում եմ արդիական հնչողություն ունեն: Իսկ ավելի ճշգրիտ` ընթերցողը կասի:

 


Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

ԻԺԻ
ՀՐՈՎԱՐՏԱԿԸ

Թե ինչպես եղավ՝
Ժամանակավոր
Իժը անտառում
Դարձավ թագավոր։
Եվ սողուններին
Պաշտոններ տվեց,
Անգամ ճիճվին էլ
Լավ գործի դրեց։
Ու երբ որ տեսավ
Պինդ է իր տակը,
Հրապարակեց
Հրովարտակը.
-Պետք է ամեն ոք՝
Արծիվ թե հովազ,
Իմ տիրությունում
Սովորի սողալ։

ԳԱՄՓՌԸ
Գամփռը բակում
Խելոք ձևացավ
Ու կարճ ժամկետում
Վաստակեց համբավ։
Եվ այդ համբավը
Հիմք ընդունելով՝
Նրան կարգեցին
Բակում գլխավոր։

Գամփռին այդ էր պետք՝
Դիրքն օգտագործեց,
Ամենքի կերից
Բաժինն իր կորզեց։
Սակայն տեսեք որ,
Կերը հարմար չէր՝
Այծն ու ոչխարը
Աչքին վատացան։

Ու ստացվեց այնպես,
Որ գամփռի ստիպմամբ՝
Երկուսն էլ շուտով
Բակից հեռացան։

ԺԼԱՏ
ՊԱՏԱՍԽԱՆ
Ժլատ տերը
Մի օր վճռեց՝
Խոզի կերը
Կիսատ լցրեց։
-Այսքանն էլ է
Քեզ համար շատ,
Ախորժակիդ
Թե որ նայեմ՝
Ունեցվածքս կքայքայեմ։
Խոզը նրան
Պատասխանեց.
-Իզուր ես դու
Այդպես ասում.
Չէ՞ որ վերջում
Իմ կերածը
Դու ես մարսում։

ՁԵՌՆՊԱՀԸ
Որտեղ որ մի
Ժողով լինի՝
Կաչաղակն իր
Խոսքը ունի։
Եվ չի գովում
Նա գովելին,
Ոչ էլ ժխտում
Ծուռն ու թերին։
Բայց քանի որ
Անվտանգ է ձեռնպահը՝
Միշտ էլ նրան
Խոսք է տալիս
Նախագահը։

ԹՈՇԱԿԱՌՈՒ
ՄԵՂՈՒՆ
Ծերացավ մեղուն.
Հիմնարկությունում
Արեցին ժողով
Եվ երկարամյա
Նրա վաստակը
Գնահատեցին
Խիստ որոշակի.
Աշխատել ես միշտ
Ազնիվ ու բեղուն,
Արդ ժամն է գնաս
Արդար թոշակի։
Իսկ այսօրվանից
Հիմնարկությունում
Պիտ փոխարինի
Քեզ իշամեղուն։

ՀԱՄՈԶԻՉ
ՊԱՏՃԱՌ
Շունը գայլին
Ասաց. -Եղբայր,
Ինչի՞ց է, որ
Ատամներն իմ
Շուտ են թափվում,
Չէ՞ որ ես էլ
Ձեր ցեղից եմ
Նույնպես հաշվվում։
Գայլը մռայլ
Չարախնդաց.
-Նրանից է,
Որ անտեղի
Շատ ես հաչում։

ԿԱՏՈՒՆ
Կատուն կարծում էր,
Որ թե չաղանա,
Ինքն էլ թերևս
Մի վագր դառնա։

Չաղացավ...Սակայն
Մոռացել էր նա,
Որ ահեղ վագր
Դառնալու համար
Պետք է և վագրի
Սիրտ էլ ունենալ։

ԽԼՈՒՐԴԸ
Հանգիստ ու դադար
Չունի խլուրդը,
Ողջ օրը առած
Բահն ու քլունգը,
Մոռացած անգամ
Իր նպատակը՝
Հա’ փորփրում է
Ամենքի տակը։
Եվ թե քանի արտ
Հերկել կհասցներ,
Եթե լոկ հերկեր՝
Արորին հարցրեք։

ԴԺԲԱԽՏ
ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Կովին ազնիվ կարծեցին,
Պահեստապետ կարգեցին,
Բայց դեռ չանցած ամիսկես՝
Ուրիշ դարձավ
Կովը հեզ։
Բերնի համը մոռացած,
Սկսեց ուտել չոր ու թաց;
Սակայն կով էր, էլ ի՝նչ ճար
Կերածը պիտ որոճար։
Ու որոճաց, բայց թե հենց
Որոճալիս բռնվեց-
Ո՝վ է տեսել նման բան,
Գողացածն էլ որոճա՞ն...

ԱՐԺԵՔԱՎՈՐ
ԽՈՐՀՈՒՐԴ
Խոզը էշին
Ասաց. –Դրկի’ց,
Ո՞նց ազատվեմ
Չաղությունից։

Էշը տնքաց
Բեռի տակից.
-Մեջքիդ այսպես
Բեռ կրիր միշտ։
ՄԱՏՆԻՉ
ՊՈՉԸ
Աղվեսը մի օր
Իրեն հզոր գայլ
Երևակայեց,
Սակայն հազիվհազ
Հոտի շներից
Գլուխն ազատեց։

Եվ ափսոսալով
Աղվեսը այսպես
Ինքն իրեն խորհեց.
-Իմ երկար պոչը
Ինձ դավաճանեց-
Պոչս չլիներ՝
Մի ոչխար հիմա
Իմը կլիներ։

ԳՈՐՏԻ ՎԱԽԸ
Գորտին ասացին.
-Զուր ես ուռկանից
Այդպես վախենում,
Մեկ է, բռնելուց՝
Քեզ բաց են թողնում։
Գորտը հառաչեց.
Ես վախենում եմ
Ոչ թե ուռկանից,
Այլ ուռկանն ընկած
Համր ձկների
Արհամարհանքից։

ՀԱՐՄԱՐ ԳՈՐԾ

Կրիան այսպես
Դիմեց առյուծին.
-Չե՞ս դնի, արդյոք,
Ինձ հարմար գործի...
Ճիշտ է, շատ եմ ես
Կյանքում դանդաղկոտ,
Բայց չեմ էլ եղել
Երբեք ալարկոտ։
Գործում թեկուզև
Հաճախ տուժում եմ,
Սակայն աշխատել
Սրտանց ուզում եմ։

Եվ առյուծ արքան
Երկար մտածեց,
Նրան պալատի
Պահակը կարգեց.
Դանդաղկո՞տն է շատ,
Այդ մեկը ոչինչ,
Միայն թե գործում
Ազնիվ լինի միշտ։


Կիմ Գաբրիելյան