comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ի՞ՆՉ ԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԿԱՐԴԱԼ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ

Ի՞ՆՉ ԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԿԱՐԴԱԼ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ

Հետաքրքրվելով, թե ընթերցողներն ինչ հաճախականությամբ են այցելում Ստեփանակերտում գործող` Մուրացանի անվան քաղաքային և Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարաններ, և ի՞նչ են նախընտրում նրանք կարդալ, հայտնաբերեցի բավականին հետաքրքիր պատկեր:

 Իմ հետաքրքրության կիզակետում, անկասկած, հայտնվեցին երիտասարդներն ու դպրոցականները, ավելի ճիշտ՝ բարձր դասարանցիները: Ինչո՞ւ: Որովհետև նրանք են մեր երիտասարդ պետության վաղվա շինարարները:

Երկու գրադարանների աշխատողներն էլ առաջին հերթին նշեցին, որ երիտասարդները` ի դեմս ուսանողների, բարձր դասարանցիների, հիմնականում ծրագրային գրքեր են վերցնում: Հատկապես մեծ պահանջարկ կա Հայոց պատմության, Ղարաբաղյան շարժման, Ազատամարտի մասին գրքերի նկատմամբ: Պատանիների կողմից, ոչ առանց զարմանքի նշում է գրադարանի աշխատակիցը, պահանջված են նաև հոգեբանական գրքերը: Քանի որ նրանք քաջատեղյակ են վեբ-կայքերում տեղադրված նորություններին և տեղեկանում են նոր լույս տեսած և իրենց հետաքրքրող գրքերի մասին, գրադարանից հենց դրանք են ուզում: Ինչպես ափսոսանքով նշում է քաղաքային գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը, նման գրքեր, սովորաբար, ֆոնդում չեն լինում: Սակայն եթե մի տասը տարի առաջ գրեթե անհնարին էր դրանք ձեռքբերել, ապա խնդիրը վերջերս բավականին հեշտացել է: Պետության կողմից տրամադրված ֆինանսական, թեկուզև սուղ միջոցներից, փոխանցում է արվում Ստեփանակերտում գործող միակ մասնագիտացված գրքերի խանութի հաշվին, որի սեփականատերն էլ Երևանի գրքերի խանութներում ձեռք է բերում նշված հեղինակների գրքերը: Այսպիսով, բավականությամբ նշում է բազմափորձ ղեկավարը, վերջին տարիներին գրադարանն ի վիճակի է ընթերցողներին ապահովել պահանջված գրքերով: Գուցե այս հանգամանքն է նպաստում, որ իրավիճակն ընթերցանության հարցում ունի դրական միտում: Մ. Խաչատրյանը համաձայնվում է իմ այս ենթադրության հավանականության հետ, բայց և նկատում, որ, կարծես, երիտասարդները գիտակցել են, որ ավելի հաճելի է և առողջության համար անվնաս տպագիր ձևով կարդալ գիրքը, քան էլեկտրոնային տարբերակով, որ համացանցում կա, որտեղ կարդալը և՜ հարմար չէ, և՜ առողջության համար վնասակար է: Միջին և ավագ տարիքի մարդկանց համար, անշուշտ, այս փաստարկը տեղին է, ճշմարիտ և ընդունելի: Եթե այն գիտակցել են նաև երիտասարդները, միայն ուրախանալ կարելի է նրանց հասուն ու ողջամիտ որոշման համար: Տիկին Խաչատրյանը տեղեկացրեց, որ գրադարանը նաև պարբերաբար նվիրատվություններ է ստանում: Նա ափսոսանքով նշեց, որ քաղաքում գրքերի շնորհանդեսներին կազմակերպիչները չեն հրավիրում գրադարանի ներկայացուցիչներին: Արդյունքում, գրադարանը մնում է անտեղյակ նման կարևոր իրադարձություններից: Սովորաբար այդ շնորհանդեսներն ավարտվում են հեղինակի գրքի նվիրատվությամբ: Ստացվում է, որ գրադարանը զրկվում է այդ ձևաչափով գիրք ձեռք բերելու հնարավորությունից: Այն, որ տասնյակ մարդիկ չեն կարդա, պարզապես կդնեն գրադարակում, ունենում են այդ գրքերը, իսկ գրադարանը, որը կոչված է հնարավորություն տալ ընթերցողին կարդալ այն` կազմակերպիչների սխալ մոտեցման պատճառով զրկվում է դրանք ունենալու առիթից:

Ի՞նչ են պատվիրում, ասենք, պատանիները: Ո՞րն է նրանց կողմից սիրված հեղինակը, նախընտրած գիրքը: Թե՜ քաղաքային և թե՜ հանրապետական գրադարանների աշխատակիցները սիրով ներկայացրին մշտապես անցկացվող դիտարկումների արդյունքները: Պատանի ընթերցողների կողմից ամենաշատ պատվիրված գրքերի ՙթոփ՚ տասնյակը գլխավորում են Սթիվեն Քինգի և Չակ Պալանիկի լավագույն գրքերը: Հետաքրքրվեցի նույն այդ համացանցից նշված գրողների մասին: Սթիվեն Քինգին իր գրած գրքերից, այդ գրքերով նկարահանված հայտնի ֆիլմերից նրան անվանեցին ՙՍարսափների թագավորը՚: Իսկ Չակ Պալանիկը հայտնի դարձավ ՙՄարտական ակումբ՚ գրքով և դրա հիման վրա նկարահանված նույնանուն ֆիլմով: Այսինքն, պատանիները կարդում են այն գրքերը, որոնք լեցուն են իրենց տարիքը հատկանշող հետաքրքրություններով: Անսովոր, անսպասելի, տարիքային հատկանիշներից դուրս երևույթ չկար:
Իսկ ահա երիտասարդների կարդացած գրքերը հույս են ներշնչում, որ նրանց մեջ կան մտածող, վերլուծող, մտահոգ մարդիկ: Նրանց ՙթոփ՚ տասնյակը գլխավորում են դետեկտիվի ևս մեկ վարպետ Ջորջ Մորիսը և գիտաֆանտաստիկ գրող, հարուստ երևակայությամբ օժտված աշխարհահռչակ Դենիել Քիզը: Էրիխ Մարիա Ռեմարկի, Գարսիա Մարկեսի հանրահայտ վեպերի ընթերցումը վկայում է, որ նրանց հետաքրքրությունները լրջանում են: Այս շարքում նշվեցին նաև Պաոլո Կոելյոն, սիրավեպերի հեղինակ Ջեննի Հանը, Ռեյ Բրեդբերին: Երիտասարդները հետաքրքրվում են նաև ժամանակակից հայ գրողների ստեղծագործություններով` սփյուռքահայ Մարկ Արենի, Նիազյանի, Նարինե Աբգարյանի, ինչպես և Հայաստանում ստեղծագործող Ժաննա Հակոբյանի, Կարինե Աղաբեկյանի գրքերով:
Երիտասարդներին հետաքրքրող գրքերի շարքում նշվեցին նաև Ռիչարդ Ֆուլերի ստեղծագործությունները: Ճարտարապետ, ճարտարագետ, գրող և փիլիսոփա այս հեղինակը հայտնի է նախ ճարտարապետության մեջ արված իր հեղափոխական գյուտով, փիլիսոփայական մտքերով, թե ինչպես մարդկությունը պետք է ապրի Երկիր մոլորակի վրա, որ դա տևի հազարամյակներ, գրեթե անվերջ, այլ ոչ թե ոչնչանա մարդկային գործոնի պատճառով: Զարմանքի առիթ տվեցին նաև ամերիկացի գրող Մարկ Մենսոնի ՙԹքած ունենալու նուրբ արվեստը՚ գրքի մասին գնահատականները: Մարդու էությանը, բնավորությանը հատուկ հատկությունների մասին վավերագրական այս գրքի հեղինակը խորհուրդներ է տալիս ընթերցողին միանշանակ չլինել այս բարդ կյանքում: Մեկ՝ սրտանց վերաբերվելով, մեկ էլ` թքած ունենալով, կարելի է մնալ ինքդ քեզ հավատարիմ և գործն առաջ տանել։ Ինչպե՞ս դա անել, կիմանա այդ գիրքը կարդացողը:
Հասուն տարիքի ընթերցողների մոտ շատ պահանջված են պատմական վեպերը, դետեկտիվները, քաղաքական գրքերը մեր նորագույն պատմության մասին: Եվ պատկերացրեք` նրանց մոտ շատ պահանջված են նաև սիրո մասին գրքերը: Վերջիններիս շարքում ամենապահանջվածը Գրիգոր Բալասանյանի ՙՄի՞թե հանգավ լույսը՚ և ՙՈ՞վ հանգցրեց լույսը՚ գրքերն են:
Հանրապետական գրադարանի աշխատակիցների դիտարկումները վկայում էին նաև, որ թե՜ մեծահասակների, թե՜ երիտասարդների մոտ մեծ հետաքրքրություն են առաջացրել հայ, ռուս, ամերիկյան, եվրոպական դասական հեղինակների գրքերը: Ուրախացնող այս փաստն արձանագրում են գրադարանավարները, հույս են ներշնչում, որ մարդկության անգին այս ժառանգությունը գրադարակների ՙփոշուց՚ վեր կհառնի և, իրավամբ, նոր ձևավորվող մարդու ներաշխարհում կզբաղեցնի իր ուրույն տեղը:
Ի հաստատումն վերը նշված միտումների` վերջում կուզենայի մեջբերել ՙԳոլոս Արմենիի՚ օրաթերթում բոլորովին վերջերս տեղադրված` Երևանում գործող ՙԷդիտ Պրինտ՚ հայտնի հրատարակչության մասին հոդվածից: ՙՄեր հասարակությունն սկսել է ավելի շատ կարդալ, այն էլ ոչ միայն էլեկտրոնային, այլև տպագիր տեսքով՚,- հրատարակչությունը ոչ միայն համոզված է դրանում, այլև, ղեկավարվելով հենց այդ միտումով, տարվա մեջ հրատարակում է տասնյակ գրքեր:


Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ