comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՇՐՋԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԱԳՈՒՅՔՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ՇՐՋԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԱԳՈՒՅՔՈՎ

 Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ 

ք. Քարվաճառ

 Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի 16 համայնքների դպրոցների համար օրերս ստացվել է շուրջ 30 անվանում մարզագույք։

ՙԴրանց մեջ են մտնում ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, հանդբոլի գնդակներ, շախմատ, բասկետբոլի օղակներ, վոլեյբոլի ցանցեր, թենիսի գնդաթիեր և ցանցեր, հանտելներ, սպորտային մատեր, որոնք անհրաժեշտ են ֆիզկուլտուրայի դասերի, պարապմունքների համար՚,- մեզ հետ զրույցում նշեց շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Խորեն Վարդանյանը։
Մարզագույքը շրջանի դպրոցներին տրամադրելու գործում միջնորդ է եղել ՙՈղջ մնալու արվեստ՚ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը` Վովա Վարդանովի գլխավորությամբ։
Մարզագույքը բաժանվել է շրջանի բոլոր 16 դպրոցների միջև. բաշխումը կատարելիս հաշվի է առնվել դպրոցների մեծությունը, աշակերտների թիվը։
ՙԲաժանումներն արդեն կատարված են, 8-9 դպրոց արդեն ստացել են գույքը, մյուս դպրոցներն էլ առաջիկա մեկ-երկու օրվա մեջ կստանան և, կարծում եմ, որ սա կնպաստի, որ մեր մարզական միջոցառումներն ավելի արդյունավետ անցկացվեն՚,-ընդգծեց մեր զրուցակիցը։
Վիլյամ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի դասաժամերն անցկացվում են Քարվաճառում գտնվող ՙԽաչեն՚ մարզադպրոցի դահլիճում. սպորտային գույքը տեղադրվել է այստեղ և հավասարապես կօգտագործվի թե՜ ֆիզկուլտուրայի ժամերին, թե՜ սպորտդպրոցի խմբակի պարապմունքների ժամանակ։
Հիշեցնենք, որ մարզադպրոցի շրջանակներում այս ուսումնական տարում գործում է 10 խմբակ, որոնց հաճախում են ընդհանուր թվով 110 մարզիկներ։ Մարզադպրոցի խմբակներ գործում են ինչպես շրջկենտրոնում, այնպես էլ` շրջանի մի քանի այլ համայնքներում։
Մարզադպրոցի սաներն ամբողջ ուսումնական տարվա ընթացքում մասնակցում են տարբեր սպորտային միջոցառումների։
ՙՓորձում ենք մասնակցել հանրապետական մասշտաբով կազմակերպվող տարբեր միջոցառումների. դրանք են տղաների և աղջիկների վոլեյբոլի, հանդբոլի, մինիֆուտբոլի, սեղանի թենիսի, հնգամարտի, եռամարտի տարբեր առաջնությունները, որոնց մասնակցելով` մեր մարզիկները փորձ են ձեռք բերում՚,-ամփոփեց մեր զրուցակիցը։