comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԵՀԶ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՀԶ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը փետրվարի 12-ին հրավիրեց մամլո ասուլիս: Նա ներկայացրեց գերատեսչության գործունեության անցած տարվա արդյունքները և ընթացիկ տարվա աշխատանքներն ու հեռանկարները:

Նախարարությունը, ընդգծեց գերատեսչության ղեկավարը, աշխատանքներ է կատարում մշակույթի, երիտասարդության, զբոսաշրջության, ազգային և կրոնական փոքրամասնությունների ոլորտներում: Մշակույթի ոլորտում 2018-ին աշխատանքներն իրականացվել են ազգային մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման, հանրապետությունում մշակութային կյանքի աշխուժացման, գեղարվեստական կրթության զարգացման, արտերկրի հետ մշակութային կապերի ամրապնդման և զարգացման, մշակույթի ոլորտում կադրերի վերապատրաստման, վերաորակավորման ուղղությամբ:
Համաձայն վերջին տարիներին ձևավորված ավանդույթի, տեղեկացնում է Լ. Հովհաննիսյանը, նախարարությունն ապահովել է Արցախի թատերահամերգային կազմակերպությունների, անհատ կատարողների մասնակցությունը Հայաստանում և արտերկրում անցկացվող մրցույթներին և փառատոներին: Ստորագրվել է համագործակցության մասին եռակողմ կարևոր մի համաձայնագիր` նախարարության, ՙԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտե՚-ի և ՙԹանգարանների աշխատողների ու բարեկամների ասոցիացիա՚ հասարակական կազմակերպությունների միջև: Համաձայնագրի շրջանակներում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ ՙԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտե՚-ի, Հայաստանի ազգային արխիվի, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության, ՙԺամանակակից արվեստի ինստիտուտ՚ հիմնադրամի հետ:
ԱՀ ՄԵՀԶ նախարարն անդրադարձել է նաև տարվա ընթացքում իրականացված մի շարք այլ ծրագրերի: Մասնավորապես` մեթոդական աջակցություն է ցուցաբերվել նախարարության ենթակայութամբ գործող ՊՈԱԿ-ներին` մշակութային միջոցառումների կազմակերպման, տոների ու հիշատակի օրերին նվիրված միջոցառումների, ֆիլմերի ցուցադրությունների, սեմինարների և, հատկապես, թանգարանների աշխատողների համար վերապատրաստման դասընթացների անցկացման հարցում:
Նախարարության ուշադրության կենտրոնում էր նաև Արցախի պատմաերկրագիտական թանգարանը, ընդգծում է նախարարը, որի ցուցանմուշների հավաքածուն լրացնելու համար ձեռք են բերվել 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին պատկանող 17 հին գորգեր: Շարունակվել են բրուտագործության զարգացմանն ուղղված միջոցառումները: Շուշիի ՙՆարեկացի՚ արվեստի միության հետ համատեղ 2018-ին կազմակերպվել է ՙBrutArt՚ կավագործության սիմպոզիումը, որն այս տարի կկազմակերպվի ավելի մեծ թափով և միջազգային մակարդակով: Բրուտագործության զարգացմանն ուղղված միջոցառումներ կկազմակերպվեն նաև շրջաններում:
Իրականացվել են նաև հրատարակչական աշխատանքներ: Լույս են տեսել Դավիթ Միքայելյանի ՙՍիրուց և ցավից ծնված երգեր՚ երգարանը, Ջամալ Թադևոսյանի ՙՀովհաննես Շիրազը և Ղարաբաղը՚ հուշագրությունը, Նարինե Հովհաննիսյանի ՙՀայրենիքի գաղափարաբանությունը և ցեղասպանությունը խորհրդահայ գրականության մեջ՚ և Սլավա Սարգսյանի ՙԱրցախի բնակավայրերը՚ գրքերը:
Շրջաններում մշակույթի զարգացման ծրագրերի շրջանակներում անց է կացվել ԱՀ համայնքների միջև ՙՄշակութային խաչմերուկ՚ հանրապետական հինգերորդ մրցույթ-փառատոնը: Նախարարության գրքային ֆոնդից մոտ 2800 կտոր գրականություն է նվիրաբերվել նախարարության ենթակայության գյուղական համայնքներում գործող գրադարաններին, ինչպես նաև Լիբանանի հայ համայնքին: Շրջաններում մշակութային կյանքի աշխուժացման նպատակով տարվա ընթացքում կազմակերպվել են համույթների հյուրախաղեր շրջկենտրոններում և համայնքներում: Աջակցություն է ցուցաբերվել ՙԺամանակակից արվեստի ինստիտուտ՚ հիմնադրամին` 2018-ի հոկտեմբերի 5-7-ը Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում և հարակից տարածքում Արցախի, Հայաստանի ու արտերկրի շուրջ 30 արվեստագետների մասնակցությամբ ARTsakh Fest ժամանակակից արվեստի փառատոնի կազմակերպման ուղղությամբ: Ապահովվել է Արցախի երիտասարդների մասնակցությունը ՀՀ-ում և արտերկրում կազմակերպված երիտասարդական հավաքներին, համաժողովներին, դասընթացներին, ինտելեկտուալ խաղերին:
Զգալի ձեռքբերումներ են գրանցվել զբոսաշրջության ոլորտում: 2018-ին Արցախ է ժամանել 28 188 զբոսաշրջիկ, ինչը 23 տոկոսով ավելի է նախորդ տարվա տվյալների համեմատ: Իսկ ընթացիկ տարում, հավաստիացնում է նախարարը, ակնկալվում է զբոսաշրջիկների աննախադեպ հոսք: Այս տարի Արցախում չճանաչված պետությունների ֆուտբոլային թիմերի միջև գավաթի խաղարկություն է տեղի ունենալու, և մրցույթի հետ կապված մեծ հոսք է սպասվում:
Բավականին մեծ աշխատանքներ են իրականացվել պեղումների ուղղությամբ: Մասնավորապես, Ներքին Հոռաթաղի տարածքում հայտնաբերվել են թաղումներ: Աշխատանքները շարունակվել են Տիգրանակերտի վայրում, ինչպես և Նոր Կարմիրավան մարդակերտ կոթողների հնավայրում: Մաքրման աշխատանքներ են իրականացվել Ավետարանոց, Գառնաքար, Շահմասուր, Խրամորթ գյուղերի տարածքում գտնվող գերեզմանոցներում և Մոշխըմհատ գյուղի վանական համալիրում: Պատմական միջավայրերի և հուշարձանների պահպանման, վերականգնման և ուսումնասիրման ոլորտին 2018-ին տրամադրված էր 100 մլն դրամ, իսկ 2019-ին` 120 մլն դրամ: Շարունակվելու են Ասկերանի բերդի վերակառուցման, Գտչավանքի ներքին հարդարման աշխատանքները: Վերականգնվելու է ՙՀունոտի կիրճ՚ պատմամշակութային արգելոցի կամուրջը, ինչի համար հատկացված է 15 մլն դրամ:
Այս տարի վերսկսվել են հուշարձանների վկայագրման, ուսումնասիրման և պահպանման գոտիների կազմման աշխատանքները, որի արդյունքում հրատարակվելու է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի պատմաճարտարապետական հուշարձանների ցանկը, ինչն ամբողջական կդարձնի Արցախի պատմաճարտարապետական հուշարձանների ողջ ցուցակը և կնպաստի ոլորտի ճիշտ քաղաքականության մշակմանն ու վարմանը:
Այս տարի նախատեսված է ուշադրության կենտրոնում պահել Շուշիի վտանգված հուշարձանները, որոնք անհետաձգելի կոնսերվացման կարիք ունեն: Հայտնի է, որ Հայաստանի տարածքում երկու քաղաք կա` Գյումրին ու Շուշին, ուր պահպանվել է 18-19-րդ դարերին բնորոշ ճարտարապետական տեսքը, որը պահպանելու անհրաժեշտություն կա:
Նախարարի խոսքով` կրոնի և ազգային փոքրամասնությունների ոլորտին 2019-ին հատկացվել է առանձին բյուջե` 5 մլն դրամի չափով: Տարվա ընթացքում օգնություն է ցուցաբերվելու ազգային և գրանցված կրոնական փոքրամասնությունների համայնքներին: Հայ Առաքելական եկեղեցու հետ մեկտեղ իրականացվելու են տաղավար տոների կազմակերպմանն ուղղված միջոցառումներ ու ծրագրեր:
2019-ին նախատեսված են տարբեր հոբելյանական միջոցառումներ` Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակին նվիրված: Կնշվի նաև Թամարա Մելքումյանի 100-ամյա և Բենիկ Օվչյանի տարելիցը: ՀՀ Ազգային արխիվի հետ համատեղ կկազմակերպվի Արամ Մանուկյանին նվիրված ցուցահանդես: Համերգային ծրագրեր են կազմակերպվելու` նվիրված Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյա հոբելյաններին:
Առաջին անգամ նախարարությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու շրջաններում գործող ժողգործիքների համույթներին` գործունեության զարգացման ու ակտիվացման նպատակով:
Երկու նախագիծ է բեմադրվելու Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի հետ: Երկու ներկայացում է իրականացվելու Հայաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ, և գործընթացն արդեն մեկնարկել է: Նախարարի գնահատմամբ, 2018-ին թատրոնը բավականին ակտիվ գործունեություն է ծավալել, ներկայացված պիեսները հետաքրքիր էին իրենց բարձրացված թեմաներով, դերասանների խաղով: Նա բավականությամբ նշեց, որ թատրոնում ընդգրկված են բավականին կարող ուժեր, շնորհալի երիտասարդ դերասաններ: Եվ շատ կարևոր է պահպանել այդ սերունդը, որպեսզի մեր մայր թատրոնում սերնդափոխությունը պահպանվի:
Լրագրողների կողմից տրված հարցերից` մայր թատրոնի շենքի վերկանգնման խնդրի վերաբերյալ, նախարարը հանգամանալից պատասխան տվեց: Նախատեսվել է կոնսերվացնել շենքը, իսկ անհրաժեշտ միջոցները հայթայթելու դեպքում` իրականացվել բուն շենքի վերանորոգումը: