comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Սիրվարդ Ստեփանյան

 Վերջերս ՙԳեղarm՚ հրատարակչության լույս ընծայած Համլետ Մարտիրոսյանի ՙՄոմերն իզուր են այրվել մեղքերիս վրա՚ վիպակի նկատմամբ երիտասարդ ընթերցողների շրջանում զգացվող աշխուժությամբ ու գրքի մասին նաև տարբեր կարծիքների առկայությամբ պայմանավորված վիպակը վերընթերցելու իմ ցանկությունը զուտ ընթերցողական չէր։ Նշենք, որ այսպիսի, թերևս, ավելի բուռն ու նաև հակասական մուտք է ունեցել հեղինակի ՙՀրեշտակին այցելիր գիշերով՚ գիրքը, թեև հեղինակի խոսքերով, դա իր ՙհաջողված գրքերից է՝ թե՜ մտահղացման, թե՜ ասելիքի և թե՜ ձևի ու բովանդակության առումով՚։

Նորընծա վիպակի հանդեպ մեր տեսական մոտեցումը կարելի է համարել նոր գեղարվեստական արժեքի ճանաչման փորձ։ Վիպակում հեղինակը դիտարկում է կյանքի արժեքաբանությունն անհատի դրսևորման իրավիճակներում, ինչն արդի գրականության հիմնական դրույթներից է, և ինչը ենթադրում է այս ստեղծագործության ուսումնասիրումը նաև հոգեբանական ու փիլիսոփայական համատեքստում։
Գրականագիտական առումով ակնհայտ է, որ Համլետ Մարտիրոսյանի այս վիպակը հին անցյալի մասին գեղարվեստական կերտում չէ, այստեղ առկա է մոտ անցյալում ապրած օրերի արձագանքը։ Ժամանակագրական առումով արցախյան հետպատերազմյան շրջանն է, կերպարներն էլ ժամանակային ու տարածական այդ ծագումն ունեն։ Այս տեսանյունից հեղինակի ստեղծագործության համապատկերում թեմատիկ մտահղացումը (ՙԱմառ էր, կիրակի՚, ՙՀորադիզ՚, ՙՏեղ պիտի հասնենք մինչև լուսաբաց՚, ՙՌեկետ՚) ոչ թե կրկնվում, այլ զարգանում է, հեղինակային ես-ը որպես հերոս, պատերազմի հասցրած հարվածներից ու ցավի հաղթահարումներից կոփված չափից դուրս անմիջական ու տեղական լեզուն, հայրենիքի ու օջախի իմաստավորումը Հ. Մարտիրոսյանի գեղարվեստական կերտումի առանձնահատկություններն են:
Թեմատիկ, կերպարային ու ներզգայական մղումներով հեղինակը ստեղծագործությունն ընդգրկել է վիպակի ժանրում։ Ժանրի տարբերակման հիմքում, ծավալային յուրահատկությունն այստեղ առաջնային չէ, որովհետև ծավալը որոշվում է սյուժեի և կառուցվածքի առանձնահատկություններով։ Կոնֆլիկտն այստեղ եզակի չէ, ինչպես պատմվածքում։ Մարդկային արժեքների կործանումը որպես հիմնական խնդիր` ներկայացվում է անձնական խոր տառապանքի միջոցով, իր հետ բերում հարակից խնդրահարույց այլ անդրադարձներ։ Այս կոնֆլիկտներն ի հայտ են գալիս կերպարի նկարագրականության (արտաքին նկարագրություն, գործողությունների, մարդկանց հետ եղած փոխհրաբերությունների ընթացքում արտաքին պահվածքը, հարաբերությունների նկարագրությունը) և ինքնացուցադրման (մենախոսություն, ինքնադրսևորում երկխոսություններում, խոհեր) ընթացքում։ Վիպակի սահմանման վերոնշյալ ժանրային պայմաններն այս կամ այն չափով գործուն են, բայց առանցքային են հերոսի մենախոսությունն ու խոհերը, նրա ներքին զրույցն ընթերցողի հետ։
Վիպակի գլխավոր հերոսը պատերազմի մասնակից ու ականատես է, ինչը թույլ է տալիս խոսել ստեղծագործության իրական նշանակության մասին։ Թեմայի մատուցման ու ընկալման նպատակով հեղինակը կատարում է հետաքրքիր մանրամասնություններ ոչ միայն արտաքին նկարագրություններում, ինչպես, օրինակ, մեքենայի մեջ տան ճանապարհին, կամ կերպարի խոհերում, այլ նաև ինտիմ բնույթ կրող պատկերներում։ Վերջիններս, եթե նույնիսկ որոշ ընթերցողներ դիտարկում են որպես բաց նկարագրություններ, դրանից ստեղծագործության գեղարվեստականությունը չի կորչում, որովհետև դրանք ընդամենը կցվում են արտաքին նկարագրությանը՝ որպես գլխավոր կերպարի զարգացման ինքնաբուխ լրացումներ։
Գլխավոր կերպարը, նստած հայրական օջախում՝ ութ տարի առաջ դատարկված, հիշում է իր Նոյյան տապանի պատմությունը, որ հեղինակը ներկայացնում է առաջին մասում։ Այս պատմության հերոսն իրեն անվանում է Ռոբինզոն։ Ինչպես հայտնի է, գրականության մեջ ռոբինզոնանտի շարքը տարբերակվում է իրական և հանգամանքների բերումով։ Այս ՙՌոբինզոնն՚ ասես երկիմաստ է։ Մեկ տարվա բացակայությունից հետո նա ուզում է գնալ Կապան՝ հայրենի տուն։ Ճանապարհին մեքենան փչանում է։ Հերոսը մնացած ուղևորների նման չի փորձում իջնել մոտակա գյուղ, նախընտրում է ձմեռվա բքին սառած ու կիսամեռ վիճակում կանգնել ճանապարհին՝ համոզված լինելով, որ դա իր ՙհնարավոր վերջն՚ է։ Հերոսին պատահական փրկում է նրա հարևանը Երանոսը, որ մեքենայով անցնում էր այդ կողմերով։ Երանոսը հանդիսանում է հեղինակի նպատակի գլխավոր հիմքը։ Այդ մասին նա մենախոսում է անմիջապես, երբ տեղավորվում է Երանոսի կողքին նույն մեքենայի մեջ ՙՌոբինզոնիս համար այս ամենը հեքիաթ էր։ Մի ամբողջ տարի ապրել եմ մոմի լույսի տակ՝ կիսաքաղց ու զրկված քաղաքակիրթ աշխարհին բնորոշ բաներից, հրետակոծությունների պատճառով էլ բազում գիշերներ լուսացրել նկուղում՝ հանուն ահա այս տանջահար մարմնի փրկության։ Ու ընձեռնվեց բացառիկ հնարավորություն, որոշեցի տարեմուտի գիշերը լինել ծնողներիս կողքին, չիմանալով, որ երջանիկ այդ պահի համար պիտի անցնեմ Գողգոթայի ճանապարհով՚։
Երկրորդ մասում նույն տան մեջ, բազմոցին նստած՝ այս պատմության հիշողություններով մտազբաղ ու հայրական տան լռությունից ճնշված հերոսն անսպասելի հյուր է ունենում։ Այցելուն Երանոսի կինն է, որը չորս տարի առաջ կորցրել էր ամուսնուն։ Սովորական ողջագուրման թեթև շեղումից այս երկուսի միջև ստեղծվում է այլ իրականություն, որտեղ ինտիմ ցանկությունն իր ձեռքն է վերցնում իրավիճակն ու հաղթող դուրս գալիս։ Սա էլ դառնում է վիպակի գագաթնակետը. հայրական օջախում մոմի լույսի տակ կատարվում է ՙմեղսագործություն՚։ Միայն հետո, երբ նրանք բաժանվում են, հերոսը հասկանում է կատարվածի դառնությունը և անմիջապես լքում է այդ իրականությունը.ՙԳիշերվա այն ժամն էր, երբ փողոցում նույնիսկ թափառական շուն չի լինում։ Այնպես որ՝ քաղաքն արագ ու հեշտ լքեցի՚։ Ճանապարհին նա ենթարկվում է վթարի ու մահանում։
Գիրքը բաղկացած է երեք մասից։ Ստեղծագործության ժամանակագրությամբ առաջին մասը ներառվում է երկրորդ մասում՝ որպես հերոսի գիտակցության իրականություն։ Այս մասում հերոսն ունի հավաքական բնույթ, որովհետև ուղևորներից յուրաքանչյուրի համար կերպարի նկարագրությունը նույնքան անմիջական ու հասկանալի է բոլորին, ըստ այդմ` նաև իրական։ Նրանցից յուրաքանչյուրն այս կամ այն չափով Արցախի գոյատևման ռազմական ու բարոյական պայքարի ականատեսն է ու մասնակիցը։ Երկրորդ մասում հերոսն աստիճանաբար ի ցույց է դնում իր տեսակը։ Այստեղ նա փոքր- ինչ շահամոլ է (տունը վաճառելու ցանկությունը), փոքր-ինչ հոգնած ու թույլ ( անցյալի հուշերից հուսահատ ու ճնշված), և, ի վերջո, ցանկասեր ու անլուրջ (Արփինեի հետ հանդիպումները)։ Ի վերջո հերոսը մեղավոր է իրեն ճանաչում սեփական կնոջ (որին նա սիրում էր), Երանոսի ( որն իրեն փրկել էր, երբ ՙինքը սատկում էր շան պես ճանապարհին՚) ու ծնողների առաջ (որոնց նա պաշտում էր)։ Այս ամենի հետ մեղսագործ են դառնում նաև հերոսի պատկերացումները: Հերոսը սթափվում է, այդ պահից կերպարն արագ թափով սկսում է զարգանալ։ Այրվող մոմերը չկարողացան հետ պահել նրան մեղսագործումից, ինչն էլ գիտակցաբար մերժելով` երրորդ մասում կերպարը մղվում է կործանման։
Վիպակի ժանրային էությունը թույլ չի տվել հեղինակին մանրամասնել այլ կոնֆլիկտներ ու կերպարներ։ Ծնողների կերպարների ներտեքստային ներկայությամբ կերտվում է հերոսի բարոյական բնութագիրը։ Ծնողների հանդեպ պաշտամունքն այստեղ նույնպես թեմատիկ զարգացում է ապրում, և հեղինակը փորձում է վերծանել այդ խորհրդավոր կապը. ՙԱպշելու բան է. Մարդ մորը գրկելիս սիրտը ծուլ է լինում, մինչդեռ հոր հետ գրկախառնվելիս ներքուստ իրեն հավաքում է զինվորի նման՚։ Մոր ներկայությունը, նրա ձայնը, նրա սաստող կամ ջերմացնող հայացքը հեղինակին ուղեկցում է նրա բոլոր երկերում։ Հայրական դատարկ մնացած տանը տիրող ծանր լռությունը խախտում է նրա հոգեվիճակը, և այդ ժամանակ այրվող մոմերի լույսի տակ բնազդն ու կիրքը գլուխ են բարձրացնում։ Ու հենց սա էլ սթափեցնում է հերոսին և մղում նրան ողբերգականության։ Այստեղ կարելի է ավելացնել, որ մոմերն, այնուամենայնիվ, իզուր չեն այրվել։ Հերոսի աչքի առաջ մոր կերպարն ու հոր զգաստ հայացքը վանում են նրան։ Անհատի տառապանքը դառնում է փորձություն և ձեռք բերում դաստիարակչական ու հոգեբանական այն նշանակությունը, ինչը թույլ է տալիս սովորել հաղթահարել տառապանքը, ինչից և մարդն իմաստնանում է։ Սա է վիպակի ընկալման առանցքային գիծը։