comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԵԾ ԵՐԱԺՇՏԱԳԵՏԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԾ ԵՐԱԺՇՏԱԳԵՏԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

Նվիրված Կոմիտասի 150-ամյակին

Փետրվարի 25-27-ը Արցախի պետական երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Նինա Գրիգորյանի գլխավորությամբ, Ստեփանակերտի պատկերասրահում մայրաքաղաքի դպրոցականների համար համերգների շարք է կազմակերպել` նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Այդ երեք օրվա ընթացքում համերգներին ընդգրկվել էին 1-ին, 2-րդ,
3-րդ և 8-րդ դպրոցների բարձր դասարանցիները: Մյուս դպրոցների աշակերտներն այս ծրագրում կընդգրկվեն առաջիկա շաբաթներում, տեղեկացրեց
Ն. Գրիգորյանը:

Ցուցասրահը, հիրավի, լավագույն կերպով էր տրամադրում` լսելու բարձրաճաշակ երաժշտություն: Դպրոցականներն էլ եկել էին լսելու մեծն Կոմիտասի անմահ երգարվեստը: Երգչախմբի հիանալի կատարմամբ դպրոցականները հնարավորություն ունեցան ունկնդրելու Կոմիտասի աշխատանքային, հարսանեկան, քնարական, կատակ-երգերի շարաններից փնջեր: Երգչախմբի մենակատարները երգեցին նաև կոմպոզիտորի դաշնամուրի նվագակցությամբ մշակած երգերը (նվագակցող` Համեստ Ավանեսյան): Հաշվի առնելով նաև Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը` երգչախումբը կատարեց Ա. Տիգրանյանի ՙԱնուշ՚ ազգային օպերայից հատված` ՙՀամբարձում յայլա՚ երգչախմբային երգը:
Նինա Գրիգորյանն ինքն էր վարում համերգը և պատմում, մեկնաբանում յուրաքանչյուր շարքի էությունը, շարքում ընդգրկված երգերի նշանակությունը թե՜ գյուղացու կյանքում և թե՜ որպես զուտ երգչախմբային երգարվեստի լավագույն նմուշ: Միաժամանակ նա պատմում էր հենց երգչախմբային երգարվեստի մասին, բացատրում երգչախմբի կառույցը, յուրաքանչյուր մասի ձայնային յուրահատկությունները, դրանց համադրության հմայքն ու նշանակությունը: ՙԱնմիջական այս շփման արդյունքում,- համոզված է Ն. Գրիգորյանը,- հնարավոր է մեծ ազդեցություն թողնել երեխաների վրա: Որպեսզի այդ շփումի արդյունքում նրանք պասիվ լսողից վերածվեն ակտիվ ունկնդրի և ընկալեն ոչ միայն ստեղծագործության մեղեդին, այլև դրա իմաստն ու հմայքը՚,- ընդգծում է նա:
Մտահղացումը` դպրոցականներին համերգների ձևաչափով ծանոթացնել Կոմիտասի ստեղծագործություններին, կարևորել նրա ժառանգության նշանակությունն ու դերը հայ ազգային երաժշտարվեստի հիմնադրման ու զարգացման գործընթացում, ծնվել է վաղուց, խոստովանում է երգչախմբի գեղարվեստական ղեկավարը: ՙԺամանակ առ ժամանակ մենք դպրոցականների համար համերգներ էինք անցկացնում քաղաքի տարբեր դահլիճներում: Բայց դա հետևողական բնույթ չէր կրում,-ասում է նա:- Այս երեք օրերին տեսնելով, թե երեխաներն ինչ ուշադրությամբ ու հետաքրքրությամբ էին լսում Կոմիտասի երգերը, հասկացա, որ այդ երգերը մեծամասնության համար թեկուզ անծանոթ էին, բայց և` մեծ հետաքրքրություն առաջացնող: Այսինքն` նրանք իրենց առօրյայում այդ երգերը գրեթե չեն լսում, ինչը համարում եմ մեծ սխալ: Իսկ նման իրավիճակի առաջացման մեջ պատասխանատու եմ նաև ես իմ ղեկավարած երգչախմբի հետ՚:
Այսպիսի փոքր, բայց շատ տրամադրող դահլիճներում դպրոցականների հետ հանդիպումներ անցկացնելը երգչախմբի գեղարվեստական ղեկավարը համարում է ճիշտ ու շատ արդյունավետ: Այս ձևաչափով երգչախումբը կշարունակի կազմակերպել համերգներ նաև մայրաքաղաքի մյուս դպրոցների աշակերտների համար, հավաստիացնում է նա: ՙՄենք հանդիպումներ կկազմակերպենք մայրաքաղաքում գործող միջին մասնագիտական հաստատությունների ուսանողների համար,-ասում է նա:- Հատուկ մշակած ծրագրով հանդես կգանք ԱրՊՀ ուսանողության առջև: Շատ կարևորում եմ համալսարանի ուսանողների հետ հանդիպումները: Հաշվի առնելով այն, որ նրանց մեծ մասը շրջաններից է, մարդիկ, ովքեր կարող են քաղաքային մշակույթին ծանոթանալ, մերվել, այդ թվում նաև բարձրարվեստ երաժշտության հետ, հույս ունենք, որ նրանք, ՙմարսելով՚ այդ մշակույթը, դառնալով դրա կրողները` այդ պաշարով կվերադառնան իրենց շրջանները և կքարոզեն բարձրարվեստ մշակույթ: Իրենց միջոցով կարող ենք շտկել շրջաններում ստեղծված այն իրավիճակը, երբ այդ վայրերում գրեթե չի հնչում հայկական ազգային, դասական երաժշտարվեստը՚:
Նինա Գրիգորյանի հավաստմամբ, նման հանդիպումներ, համերգներ կանցկացվեն ողջ տարի, ինչը թույլ կտա մատաղ սերնդի շրջանում Կոմիտասի ժառանգության հետ ծանոթացման գործընթացը հիմնովին կյանքի կոչել: