comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՊԱՏՈՒՀԱՆ ԴԵՊԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԱՇԽԱՐՀ
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏՈՒՀԱՆ ԴԵՊԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԱՇԽԱՐՀ

Վան ՆՈՎԻԿՈՎ

 Պատուհանները 3-րդ աչքի նման են, որոնցից տեսանելի են հնարավորն ու անհնարինը։ Չնայած աշխարհը որոշակի սահմանաչափումների մեջ երևակելու ընդհանրական գործառույթին՝ պատուհանները միաժամանակ կյանքն ու հնարավորությունների հորիզոնները դիտարկելու, գնահատելու անսահման հնարավորություն են ընձեռում։ Ինչպես եռանկյունու այն աներևույթ անկյունը, որից տեսանելի են բոլոր երեքը։ Մարդկային հնարավորությունների պատուհանները հենց այդ չորրորդ անկյունն են։ Ավելին՝ քան արհեստական ու թվացյալ խորություն պատկերող 3D եռաչափ մոդելավորումն է։


Հիմնական կրթությամբ ու մասնագիտությամբ երաժիշտ, երիտասարդ ձեռներեց Ազատ Ադամայանի գործարար ձգտումները չեն սահմանափակվում միայն այն արդյունքով, որն իր նախասիրությունները գործնականում կյանքի կոչելու և դրանք եկամտի աղբյուր դարձնելու ընթացքում հասցրել է արձանագրել։
Համառ ու հետևողական նախաձեռնողականություն ունի երիտասարդ արցախցին, որը խոստովանենք, խիստ պակասում է, ինչ-որ մեկի մոտ ու ինչ-որ տեղ։
Ազատ Ադամյանը հիմնել է մասնագիտացված զբոսաշրջային ՙՖրիստեպ՚ կազմակերպությունը ժայռամագլցման սիրահարների համար, սեփական բրենդով հագուստի կար ու ձևի արհեստանոց, ՓԱԲ սրճարանը ՝երիտասարդների ազատ ժամանցի համար, զբաղվում է նաև վայրի բնության գրկում վրանային ճամբարի կազմակերպման աշխատանքներով։
Պատուհանի մոտ այս անգամ բացահայտելու ենք արցախցի երիտասարդ ձեռներեցի բազմանկյուն աշխարհն ու բազմազբաղ առօրյան։
-Մասնագիտությամբ երաժիշտ եմ ՝ջութակահար։ Ուսումնարանն ավարտելուց հետո, տարիներ շարունակ աշխատել եմ Ստեփանակերտի պետական կամերային նվագախմբում, հետո տեղափոխվել ալտի բաժին, ի դեպ, անհամեստություն չհնչի` Արցախի առաջատար ալտահարներից եմ։ Աշխատավարձն էլ կբավականացներ Արցախում միջին վիճակագրական, կայուն եկամտի ձգտող երիտասարդին։ Ես, էությամբ, սակայն, խիստ անհամապատասխան եմ, այսպես կոչված, նստակյաց աշխատանքին։
Այդ ստեղծարար եռանդն ինձ մղեց առավել ակտիվ գործունեություն պահանջող բնագավառ՝ գործարար աշխարհ։ Մինչ այդ բացահայտեցի, որ իմ տարերքը լեռներն են։ Շարժումը։ Դժվարությունների դեմ` շարունակական կռիվն ու հաղթահարումը։ Հետաքրքրվում էի լեռնային զբոսաշրջության հնարավորություններով։ Այդ շրջանակներում Երևանում մասնակցեցի նաև դասընթացների։ Արդյունքում՝ ցանկություն առաջացավ հիմնել զբոսաշրջային այնպիսի ակումբ, որտեղ ոչ միայն իմ մտերիմները կընդգրկվեին, այլ բոլոր նրանք, ովքեր բնության մոլի սիրահարներ են։ Հիմնեցի ՙՖրիստեպ՚ էքստրեմալ տուրիզմի և արշավների ակումբը։ Սկզբում համագործակցում էի զբոսաշրջային գործակալությունների հետ։ Հետագայում, երբ արդեն ունեի զբոսաշրջիկների մշտական խումբ, բացի այդ, գործնականում գիտելիքների կատարելագործմանը զուգահեռ հասկացա, որ բարձր մակարդակով լեռնագնացության ու ժայռամագլցման արշավներ կազմակերպելու համար համապատասխան պարագաներ են անհրաժեշտ։ Պահանջվող ֆինանսական միջոցներ ձեռքբերելու համար ստիպված էի երկրորդ աշխատանք գտնել։ Քանի որ Արցախում զբոսաշրջային հիմնական տարեշրջանը մեկնարկում է ամռանը, տարվա մյուս եղանակներին աշխատում էի հյուրանոցներում որպես հյուրընկալ՝ այդպես գումար հայթայթելով մտահղացումս լիարժեք իրագործելու համար։ Ընկերներս օգնեցին մատչելի գներով ժայռամագլցման անհրաժեշտ պարագաներ գնելու հարցում։ Շուրջ մեկ տարի անց ժայռամագլցման համար անհրաժեշտ բոլոր պարագաներն ու սարքավորումներն ունեի։ Ժայռամագլցման համար ամենամոտ և նպաստավոր վայր ընտրեցինք Շուշիի ՙՋդրդուզ՚ կոչվող տեղամասն ու Ասկերանի շրջանի Շոշ գյուղի մոտակայքում գտնվող ժայռուղիները։ Հայաստանից արհեստավարժ մագլցողներ հրավիրեցինք, փորձարկեցինք ու հաջողեցինք։
Երկամյա աշխատանքի արդյունքում արձանագրած հաջողություններն ու արդյունավետությունը հանգեցրին երաժշտական գործունեությունը միառժամակ թողնելու որոշմանը։
Այդ ընթացքում, ընկերվարական հիմունքներով համակարգչային խաղերի ակումբ-սրճարան բացեցինք։ Հետագայում, երբ ընկերներով հավաքվում էինք բավականին սահմանափակ այդ տարածքում՝ մտքեր փոխանակելու, քննարկելու, նոր մտահղացումների, ձեռնարկումների շուրջ, ծնվեց առավել անմիջական հավաքատեղի ունենալու՝ ՓԱԲ սրճարանի բացման միտքը։
Յուրաքանչյուր գործարար մտահղացում, իհարկե, ներդրում է պահանջում, ինչը շատ հաճախ անիրական է դարձնում դրա իրագործումը։ Բայց ոչ զրուցակցիս համար։ Որքան էլ անհավատալի թվա, սրճարանի ստեղծման գործում Ազատի նախնական ներդրումը կազմեց երկու շիշ վիսկի, որն ընկերոջից էր նվեր ստացել։ Մինչ այդ, կրկին ընկերների օգնությամբ, նախագծել և նախապատրաստել էր անհրաժեշտ փայտյա կահույքն ու կահավորումը։ Ի դեպ, բավականին հաջողված ու եկամտաբեր գործ է։
Ազատի կարծիքով, գործարար մտահղացումները չիրագործելը շատ հաճախ պատճառաբանվում է նաև անհրաժեշտ ներդրումների բացակայությամբ.
-Մինչդեռ իմ հաջող փորձը, որը նաև համարձակության արդյունք է, ցույց տվեց, որ առանց ֆինանսական մեծ ներդրումների կամ շրջանառության էլ հնարավոր է հաջող եկամտաբերությամբ գործ ստեղծել,-հավաստիացնում է զրուցակիցս, ով միաժամանակ ժամանցային այդ վայրի և՜ տնօրենն է, և՜ միակ աշխատակիցը։
ՓԱԲ-ի այցելուների մեջ տարվա կտրվածքով քիչ թիվ չեն կազմում նաև զբոսաշրջիկները, որոնց թիվը գնալով աճեց՝ շնորհիվ այն բանի, երբ, ի պատասխան Ազատի պահանջ-նամակի, համացանցային որոնողական համակարգերի համաշխարհային հսկաներից՝ Google ընկերությունն իր զբոսաշրջային քարտեզներում Ազատի ՓԱԲ-ի գտնվելու վայրն արդեն նշում է. ՙՍտեփանակերտ-Հայաստան՚։ (Նախկին՝ Ադրբեջան տեղանշման փոխարեն)։
Հագուստի կարուձևի արտադրամասի հիմնումն էլ իր նախապատմությունն ունի։
- Մի անգամ հագուստ գնելու ժամանակ վաճառողուհուն հարցրի. ՙՈրակյա՞լ է՚։ Առանց վարանելու դրական պատասխանելով՝ որպես բարձր որակի արժեքավոր ու հավաստի փաստարկ, հավելեց նաև դրա թուրքական ծագման հանգամանքը։
Եվ հենց հանդերձարանում էլ զննելով այդ հագուստը, ո՜չ կարվածքի, և ո՜չ էլ կտորի մեջ, բարձր որակի մասով համոզիչ ապացույց չգտա։ Բացի այդ, ինձ տանջում էր այն միտքը, որ, վերջիվերջո, մեր գումարներն ուղղվում են թուրքական բյուջե։ Եվ ով է բացառել, որ դրանք վաղ թե ուշ մեր դեմ զենք գնելու նպատակին չեն ծառայելու։ Այսպես ծնվեց հերթական գործարար մտահղացումս. ունենալ որակյալ, տեղական ու հայրենական հագուստի կարուձևի արտադրամաս։ Ընտանեկան ու ընկերական խորհրդակցությունների դրական արդյունքներն ընդհանրացնելու հաջորդ օրը Երևանում էի։ Նախ գնեցի հաստոցները, ապա համացանցով սկսեցի ուսումնասիրել դերձակագործության ժամանակակից նրբություններն ու առանձնահատկությունները։ Սկզբում գնում էի 2-3 մետր կտոր և ինձ համար վերնաշապիկներ էի ձևում, կարում, որոնց վրա, ի դեպ, արտատպում էի արցախյան խորհրդանիշեր (լոգոներ)։ Հետո, այդ նոր մասնագիտության յուրացման գործում հաջողություն ու առաջընթաց նկատելով, մեծացրեցի կտորեղենի (եգիպտական) ու կար ու ձևի արտադրության ծավալները։ Այսպես ՙԱդամյանս՚ ապրաքանիշով սկսեցինք արցախյան խորհրդանիշներով վերնաշապիկներ ու մանկական բամբակյա հագուստի արտադրությունը։
Երիտասարդ գործարարը համոզված է, որ Արցախում փոքր և միջին գործ սկսելու համար նախապայմաններն առկա են։
Ազատի խոսքով, նման բիզնես հիմնելու և կառուցելու համար կարևոր է տեղական շուկայի պահանջարկն ուսումնասիրելն ու հաշվի առնելը, ժամանակի պահանջներին համահունչ բիզնես- գաղափարի վերածրագրավորումը, ինչպես նաև համարձակ որոշումներից ու նորարարություններից չվախենալը։
-Անձամբ իմ ձեռնարկումների հաջողության գրավականը պայմանավորում եմ նրանով, որ զբաղվում եմ այն գործով, ինչը սեփական մտահղացումների ու ծրագրերի արդյունք է, բնականաբար, նաև՝ սրտամոտ։ Ես պետք է անընդհատ շարժման մեջ լինեմ, նոր նախաձեռնություններով ներկայանամ։ Շարունակում եմ նաև նվագել։ Կարոտում եմ երաժշտությանը։ Հիմա, թեկուզ առիթից առիթ՝ նվագելը կարոտի տուրք է, որի ժամանակ վերերկրային ապրումի պահեր եմ վայելում։ Բայց դե փորձով եմ համոզվել, որ ՙնստակյաց՚ աշխատանքն իմը չէ ...
Արդյո՞ք նյութական միջոցներն են կարևոր մտահղացումների իրագործման համար, թե՞ իրականությանը համապատասխան ծրագրված նպատակները։ Ռուսական ասացվածքում այդ բանաձևումը թարգմանաբար այս կերպ է հնչում. ՙԱչքը տեսնում է, իսկ ձեռքերը՝ իրագործում՚։

;