comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԿՅԱՆՔՆ ԸՆԿԱԼՈՒՄ ԵՄ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՐԵՆ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԿՅԱՆՔՆ ԸՆԿԱԼՈՒՄ ԵՄ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՐԵՆ՚

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 Սոկրատ Խանյան։ Բանաստեղծ, գիտնական, դասախոս։ Ծնվել է Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում։ Ավարտել է հարևան Ուղտաձորի միջնակարգը, 1953-ին Բաքվի պետական մանկավարժականի հայոց լեզվի և գրականության բաժինը։ Աշխատել է Բաքվի ՙԿոմունիստ՚ (հայերեն) թերթի խմբագրությունում։ Երևանի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզ, ապա դոկտորական ատենախոսություն։ 20 բանաստեղծական ժողովածուների և 22 գրականագիտական ուսումնասիրությունների հեղինակ է։ 2009-2011թթ. հրատարակվել է նրա 10-հատորյակը։ Գրական, մանկավարժական և հասարակական աշխատանքի համար պարգևատրվել է մեդալներով, շքանշաններով։ Ճանաչված դեմք է Արցախի, Հայաստանի և Սփյուռքի մշակութային գործիչների լայն շրջանակներում։ 

Ստորև ներկայացնում ենք մեր հարցազրույցը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանաստեղծ Սոկրատ ԽԱՆՅԱՆԻ հետ։

-Ձեր բազմազբաղ առօրյայում, համակողմանի գործունեության մեջ ի՞նչ տեղ է գրավում բանաստեղծությունը։
-Բանաստեղծություն գրելը աստվածանվեր իմ շնորհն է, իմ արյան կանչը, իմ էությունը։ Կյանքն ընկալում եմ բանաստեղծորեն. եթե չգրեմ, շնչահեղձ կլինեմ։ Իսկ եթե ճշմարիտ բանաստեղծ ես, ժողովրդիդ ճակատագրի հետ առնչված կարևոր երևույթներին չես կարող չմասնակցել, այն էլ մի այնպիսի երկրում, ինչպիսին մեր դրախտային Արցախն է։ Ուստի պետք է հասցնել այն ամենը, ինչով պայմանավորված է և՜ քո անձնական արդյունավետ գործունեությունը, և՜ քո մայր ժողովրդի առաջընթացն ու անվտանգությունը։
- Սոկրատ Աղալարի, Դուք թևակոխել եք իններորդ տասնամյակը: Բանաստեղծություն գրելը, կարծես թե, ավելի ջահել տարիքի ՙզբաղմունք է՚: Այսօ՞ր էլ ծնվում են բանաստեղծություններ։
- Աշխարհի բոլոր դասական գրողներն ասել են` եթե ստեղծագործողն առողջ է մարմնով ու հոգով, գնալով ավելի է հասունանում պատկերավոր մտածողությունը, ու գրիչն էլ դառնում է բեղմնավոր։ Այդ են վկայում Շեքսպիրն ու Հյուգոն, Տոլստոյն ու Շիրվանզադեն, Իսահակյանն ու Դեմիրճյանը։ Ափսոս, Պ. Սևակը կյանքից հեռացավ երիտասարդ հասակում։ Ապրեր` հրաշքներ կգործեր… Մեր Արցախի գրական ընտանիքում 50-ից հետո հավերժական գործեր ստեղծեցին Գ. Գաբրիելյանն ու Հ. Բեգլարյանը, բարձրարժեք գործեր են ստեղծում 70-ամյա Վ. Հակոբյանն ու 80-ամյա Մ. Հովհաննիսյանը։ Անունները կարելի է ավելացնել։ Այնպես որ, ամեն ինչ կախված է առողջությունից։ Հիմա ավելի հասուն երգեր եմ գրում, քան 40-50 տարի առաջ։
- Ձեր բանաստեղծության ներշնչանքի աղբյուրը։
- Հայրենասիրական երգերիս ներշնչանքն իմ Արցախն է, հայրենի իմ գյուղը, պապենական իմ դարավոր օջախը` իմ որդիների ու թոռների, ծոռների ապագան։ Բնապաշտական իմ երգերի փունջը մեր դրախտային արցախյան բնությունն է, սիրային երգերիս աղբյուրը մեր թխաչյա հայուհիներն են, կոնկրետ` մեր ազգային կյանքը։ Ու եթե լավ ես գրում, քո պոեզիան ստանում է համամարդկային բնույթ։
- Հնացած չէ՞, արդյոք, դասական բանաստեղծական ձևով գրելը։
- Իհակե` ոչ։ Կարևորը բանաստեղծության գաղափարահուզական երանգների ապահովումն է։ Չմոռանանք, որ Պ. Սևակն ու Հ. Սահյանն արարել են ազատ և դասական բանաստեղծության ձևերով։ Կարևորն ասելիքի պատկերային համակարգն է։ Այսօր աշխարհում ճանաչված բանաստեղծները ստեղծագործում են վերլիբրի և դասական ձևերով` հասնելով իրենց նպատակին։
- Ո՞րն եք համարում Ձեր լավագույն բանաստեղծությունը։
-Դժվար հարց եք տալիս։ Ծնողի համար իր բոլոր զավակներն էլ լավն են։ Ամեն դեպքում նշեմ, որ ընթերցողների մեծ մասն անգիր գիտի իմ ՙՍիրտը նուրբ է՚, ՙԱյրող հուշ՚, ՙՏարիներս՚ և այլ բանաստեղծություններ։ Իմ լիրոէպիկական գործերի գլուխգործոցները Եղիշեի անվան մրցանակի արժանացած ՙԱրցախի արծիվը՚ պատմական պոեմն է և ՙՆահատակ լուսո՚ ասքը` նվիրված անմահ Ավոյի սխրանքին։
- Ի՞նչ զարգացումներ ունի Արցախի գրական դաշտը, մասնավորապես` պոեզիան, անկախության շրջանում։
- Գրականության համահայկական դաշտում արցախյան պոեզիան արդեն իր աստղերն ունի։ Հանաք բան չէ` ունենալ Գ. Գաբրիելյան, Վ. Հակոբյան։ Էլ չենք խոսում այն մասին, որ ունենք Հ. Բեգլարյան, Ա. Հովհաննիսյան, Ն. Ավագյան, ապա` Ռ. Եսայան, Ն. Գասպարյան, Հ. Ալեքսանյան, Ա. Արսենի, Ժ. Բեգլարյան, Տ. Սողոմոնյան, Սոնա Համբարձումյան և տաղանդավոր նորերը։ Հպարտանանք նաև մեր արձակագիրներով։ Ընդգծենք Մ. Հովհաննիսյանի, Ա. Ղահրիյանի, Կ. Դանիելյանի, Մ. Ոբնի, Վ. Բաղրյանի, Ն. Ալեքսանյանի, Ս. Սարգսյանի անունները, որոնք իրենց արժանի ներդրումն են բերել արդի հայ արձակի անդաստան։
- Արցախյան գրական դաշտում ոչ մի գիրք չի վրիպում Ձեր ուշադրությունից։ Ինչպե՞ս եք հասցնում։
- Տարիներ առաջ ԱրՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնում որոշեցինք բակալավրիատի ուսումնական պլանում մտցնել ՙԱրցախյան գրականություն՚ առարկան։ Այնուհետև մագիստրատուրայի ուսումնական պլանում իր տեղը գրավեց ՙԳրականության զարգացման միտումներն Արցախում՚ առարկան։ Առարկայի դասավանդումն առաջինն ստանձնեցի ես։ Եվ դասավանդման ընթացքում սկսեցի հրատարակել պատրաստի դասախոսությունները։ Անխտիր կարդում էի մեր գրական ընտանիքի ներկայացուցիչների բոլոր գրքերը։ Ստացվեց լավ գործ։ Հասցրի հրատարակել ՙԱրցախյան պատերազմը և հայ պոեզիան՚, ՙՊոեզիայի զարգացման միտումներն Արցախում՚, ՙԱզգային ճակատագիրը և հայ պոեզիան՚, ՙՄարտնչող գրականություն՚ ուսումնական ձեռնարկները։ Առանձին գրքերով լույս տեսան Վ. Հակոբյանի, Գ. Գաբրիելյանի, Հ. Բեգլարյանի, Ն. Ավագյանի, Ա. Հովհաննիսյանի, Ռ. Եսայանի և մյուս գրչընկերների ստեղծագործությանը նվիրված գրականագիտական աշխատությունները։ Գործընթացը շարունակվում է։ Լավ նպատակը բազմապատկում է աշխատասիրությունը` ընթերցելն ու գրելը դարձնելով հոգևոր սնունդ։
Ակադեմիկոս Հ. Աճառյանին հարցրել են. ՙԱմեն տարի գիրք եք հրատարակում, ինչպե՞ս եք հասցնում։ Նա պատասխանել է, որ տարին 365 օր է։ Եթե ժամանակին կարդաս և օրը մեկ էջ գրես, կստացվի մի գիրք։ Ուրիշ գաղտնիք չկա։
Ինչ վերաբերում է ինձ, անհամեստություն չլինի, եթե ասեմ, որ ես գոհ եմ ինձնից, սիրում եմ կարդալ։ Իսկ եթե գրականագետ ես, չես կարող չգրել ըմբոշխնածդ գրքերի մասին։ Ահա հասցնելու գաղտնիքը։

 

 

Սոկրատ ԽԱՆՅԱՆ


Նոր
բանաստեղծություններ
ՆՎԻՐՈՒՄ
Ե՜վ զինվորդ եղա, և՜ մշակը հողիդ,
Ե՜վ ջրվորդ եղա, և՜ ցոլանքը ցողիդ,
Աչքս դրսում չեղավ, եղա հացիդ տերը,
Լացիդ տերը եղա, լուսաբացիդ տերը։

Թուրդ ձեռքիս եղավ, եղավ խաչդ ձեռքիս,
Ջուրդ շրթիս եղավ, եղավ աջդ գլխիս,
Իմ մոր մայրը եղար` օրհնանքներով բարի,
Իմ հոր հայրը եղար` միշտ թրատող չարին։

Սեգ լեռների շարքում միշտ Մռովդ տեսա,
Խենթ գետերի շարքում տեսա Թարթառը քո,
Բազում լեզուների ակունքներին հասա,
Բայց շուրթերիս վրա հնչեց բարբառը քո։

Պատմությունդ եղավ իմ դպրոցն ու դասը,
Արարումի հևքս հորովելդ եղավ,
Մարտերի մեջ իմ դեմ միշտ գալիս էր տասը,
Հաղթանակիս երգը նորոգվելդ եղավ։

Ես` Առանված որդիդ, երեսս պարզ քո դեմ,
Սիրտս եմ սիրով դրել քո դրախտված ափին,
Մեղք չեմ գործել երբեք,
միակ ՙմեղքս՚ այն է,
Որ իմ ամբողջ կյանքը
ընծայել եմ փառքիդ։

20.08.2013 -08.12.2016

ԽՈՀ
Մեր նահատակ որդիներին
Նրանք երկինք բարձրացան
Հրեշտակի թևերով,
Դարձած լույսի սերմնացան`
Իրենց հատու թրերով։
Նրանք ոչինչ չտարան,
Նվիրեցին ամեն ինչ,
Զարդարեցին ապագան
Անուններով լուսաջինջ։
Անուններով լուսաջինջ
Դարձան մատյան-դասագիրք,
Սահմանապահ մշտարթուն,
Բարձունքների ծաղկուն գիրկ։
Երանի և հազար փառք
Մեր քաջազուն սրբերին,
Որ սրտերով շողառաք
Լույս են տալու աստղերին։
19.04.2016
ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ
ԲԱԿՈՒՄ
Բակում իմ մանկության,
Պատանության բակում
Անտիրության ձեռքն է
Սրտիս դուռը թակում։

Հին բազրիքին հենված,
Մայրս ինձ չի կանչում,
Հորս խրոխտ ձայնը
Այգում էլ չի հնչում։

Դռները չեն խոսում
Ու չեն բացվում թափով,
Ծով կարոտն է հոսում,
Պատշգամբի ափով։

Թաղի մանկանց խաղի
Ճիչերը չեմ լսում,
Գարնան հավքերն են լոկ
Իմ կարոտը կիսում։

Բակում իմ մանկության
Աճեցրել եմ վարդեր,
Մեկ է` անտեր բակում
Ինձ զգում եմ անտեր։
13.05.2016
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ
Մեր հին բակի ծեր թթենի,
Եկել եմ ես` ծերացած,
Թե կարող ես, քո ճյուղերից
Մանկությունս նետիր ցած։
Գնամ նորից մուշ-մուշ քնեմ
Պապիս մազե քուրքի տակ,
Ծերությունս գամ վայելեմ
Քո ծերության շուքի տակ։
08.04.2016
Ի՛ՆՉ ԼԱՎ Է, ՈՐ ԿԱՍ
Սիրտս նորից թպրտաց -
Շողքդ երևաց,
Քար աշխարհից խռոված`
Հոգիս երերաց։
Սերս ծփաց անվրդով,
Արյունս խաղաց,
Տենչերս քո շուրթերին
Ցրվեցին շաղած։
Քո աչքերում ես տեսա
Իմ բախտը անհաս,
Մութը ցրվեց իմ ճամփից,
Ի՛նչ լավ է, որ կաս…
ՊԱՏԿԵՐԴ
Պատկերդ տեսիլքի փոխված,
Քնքշորեն շոյում է հոգիս,
Թվում է, թե սիրտս մտած`
Ինձ հետ ես, ապրում ես կողքիս։

Տեսիլքդ` Աստծո պարգև,
Ժպիտդ` թախիծս վանող -
Ձեռքերդ` կարապի թևեր,
Նազանքդ` իմ հոգին հանող։

Բառերդ` բարության սերմեր,
Աչքերդ` խոստումներ լռին,
Հայացքդ` շողարձակ արև,
Բարևդ` հուսավառ բագին։
Սիրատենչ զրույցդ` հեքիաթ,
Ի՞նչ հեքիաթ, աստղալից մի կյանք,
Երդվելդ` ծփանքը խղճի,
Մերժելդ` պատժելը դահճի։

Բայց էլի պատկերդ լուսե
Ինձ համար երազ է ու սեր,
Այդ մասին կա հնուց մի երգ.
ՙՄեծ սիրուն չեն հասնում երբեք՚։
05.04.2014
ՀՈՒՇ
Ես խաղում էի,
Թռվռում, պարում,
Մորս ժպիտն էր
Հոգուս աշխարհում։
Հետո թամբեցի
Ջահելության ձին,
Ինձ հետ էր մորս
Սերը հրածին։
Արդ կամաց-կամաց
Իմ հուրն է շիջում,
Մորս արցունքն է
Ամպերից իջնում։
24.05.2017
ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ
Մի կողմից` Աստծուց գոհ,
Մի կողմից` կյանքից դժգոհ,
Մերթ թախծոտ, մերթ սիրաբորբ,
Ապրում ենք այսպես…

Մերթ աստղի պոչից բռնած,
Մերթ սիրո կանչից խրտնած,
Մերթ երգի ճամփից քրտնած,
Ապրում ենք այսպես…

Մերթ կարոտ որդու ճամփին`
Հեռավոր ծովի ափին,
Մերթ կարոտ թոռան ծափին,
Ապրում ենք այսպես…

Մերթ անտես հոգի դառած,
Մերթ սրտի թևին թառած,
Մերթ հոգնած, գլուխն առած,
Ապրում ենք այսպես…

Մի կողմից Աստծուց գոհ,
Մի կողմից բախտից դժգոհ,
Մերթ թախծոտ, մերթ սիրաբորբ,
Մարում ենք այսպես…
07.12.2018