ՍՈՖՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ. ԿԻՆՆ ՈՒ ԳԱՐՈՒՆԸ ՄԻԱՁՈՒՅԼ ԵՆ։ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ԿԱԽԱՐԴԻՉ ԵՆ ՈՒ ԱՐԱՐՈՂ
Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ
Գարուններն իրենց երբեք չեն կրկնի։ Ճիշտ է, նույն կերպ են ծաղկում ծառերը, բացվում՝ ծաղիկները, աշխուժանում՝ այգիներն ու փողոցները, բայց, թվում է՝ առաջին անգամ ես տեսնում այդ գեղեցկությունն ու ծաղկումը։ Եվ հերթական գարնանամուտին է, որ հավատում ես բնության կյանքի ու էներգիայի հավերժությանը, հրաշքների իրականությանը։ Գարունն ամեն անգամ կարծես փորձում է գերազանցել իր անձեռակերտ ստեղծագործությունը։ Յուրաքանչյուրի գարունը յուրովի է գալիս, սակայն բոլոր գարունները միավորողը եթերային զգացումներն ու սերն են միմյանց նկատմամբ։ Ժամանակ է, երբ աննկատելիորեն մարդկային հարաբերությունները համեմատաբար ավելի փոխըմբռնելի, ավելի լավատես ու ջերմ են։ Լավ անակնկալների սրտատրոփ սպասման եղանակ է։ Բոլոր ժամանակներում արվեստագետներն իրենց ստեղծագործություններում գարունը նույնացրել են կնոջ, նրա հմայքի ու գեղեցկության հետ։ Կին-գարուն, կին-արվեստագետ, սիրելի մայր, հոգատար տատիկ. որքանո՞վ է հաջողվում ամբողջացնել այս կտավը հոգսաշատ հայ տիկնոջը. փորձել ենք պարզել՝ ՙՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ՚ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, բանաստեղծուհի, արձակագիր Սոֆյա ՍԱՐԳՍՅԱՆԻՑ։
Այս գարունն ի՞նչ բերեց Սոֆյա Սարգսյանին։
-Միայն գարուն բառից հոգիս ջերմանում է, ծիծաղս՝ ծաղկում, հույսս՝ ծիածանվում, ներաշխարհս՝ փոթորկվում։ Գարունը հոգու զարթոնք է բերել՝ արարումների նուրբ լույսով լեցուն, ու բույր է բերել՝ իր տամկաբույրը, ու թույր է բերել՝ իր երփնաթույրը։ Հոգուս պարտեզին կոկոն է բերել, սրտիս լարերին՝ նրբիկ տաղ հյուսել։
-Ե՞րբ է գալիս Ձեզ համար գարունը...
- Եղանակը կապ չունի։ Երբ իմ հոգում գարուն է և սիրտս բերնբերան լիքն է…Երբ արարում եմ բարի ինչ-որ գործ, երբ հաղթահարում եմ անհնարին թվացող պատնեշը, երբ սիրում եմ և լինում եմ սիրված, երբ գնահատում եմ և լինում՝ գնահատված…
- Որո՞նք են այն առանձնահատկությունները, որ հատուկ են միայն հայ կանանց։ /Ճամփորդությունների ու այլ ժողովուրդների՝ Ձեր տեսածի ու լսածի համապատկերին/։
Այսպիսի ասացվածք կա՝ ՙԵթե հասարակությանը հարգում ես՝ պարտավոր ես նրան գեղեցիկ ներկայանալ՚։ Կարծում եմ, այդ ասացվածքի առաջին կիրառողները հայ կանայք են, ովքեր ամենուր ներկայանում են բարետես ու խնամված, ասել է թե՝ ակնահաճո։ Եվրոպացի կանայք՝ թեև կիրթ ու արժանապատիվ, անփույթ են իրենց արտաքինի նկատմամբ, երբեմն ծայրահեղության հասնող անխնամ կարող են լինել, թեև դա չի խանգարում, որ մշտապես մեծարված լինեն տղամարդկանց կողմից։ Արևելքում պատկերը բոլորովին այլ է. այստեղ կնոջ նկատմամբ բռնություն են գործադրում /Հնդկաստան/, սևագործ բանվորի պես՝ աշխատեցնում /Ինդոնեզիա, Հորդանանի գյուղաբնակ վայրեր, Թուրքիայի քրդաբնակ հատված/։ Հնդկական օվկիանոսի կղզիներում, Աֆրիկայի տարածքում, կանայք աչքի են ընկնում ստրկամտությամբ, քիչ այլ է պատկերն Արաբական Էմիրություններում ու Քաթարում, որտեղ նկատելի է ցայտուն շերտավորվածություն՝ և՜ հարուստների ու աղքատների միջև, և’ ռասաների։
- Դուք խմբագրում եք ՙՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ՚ շաբաթաթերթը, գրում եք բանաստեղծություններ, պատմվածքներ, մասնակցում՝ տարբեր միջոցառումների, սիրելի մայր եք, կին, տատիկ. ժամանակի պակաս զգո՞ւմ եք։
-Ինձ մոտ մշտապես ժամանակը չի բավականացնում։ Պարադոքսալ բնավորություն ունեմ. երբ թվում է, թե անելիք չունեմ՝ ես ձանձրանում եմ, նյարդայնանում, տրամադրությունս ընկնում է։ Ես ապրում եմ իմ լարվածությամբ, ձգտում եմ հասնել ինքս իմ ետևից։ Անբեկանելի սկզբունք ունեմ՝ նախ՝ աշխատանքս, հետո՝ ամեն ինչ։ Անփոփոխ կարգախոսս է՝ ՙԿամ ոչինչ չանել, կամ անել գերազանց՚, հույժ կարևոր պահանջս՝ իմ նկատմամբ՝ ՙԱմեն ինչում լինել արդարամիտ ու ազնիվ՚։ Ստեղծագործում եմ հանգստիս հաշվին, որն իմ հոգուն անդորր է բերում։ Հերթական պատմվածքս ավարտելուց հետո հոգու դատարկություն եմ զգում, ասես՝ կողոպտել են ինձ՝ խլելով հրաշալիքներիս աշխարհը, քանզի ապրում եմ իմ յուրաքանչյուր հերոսի ճակատագրով։ Պաշտում եմ 4 թոռնիկներիս՝ նրանք իմ հրեշտակներն են։ Դստրիկս ու որդիս իմ հույսն ու հավատն են, ամուսինս՝ իմ հուսալի հենարանը։ Բոլորին էլ հատկացնում եմ պատշաճ ժամանակ, և ոչ ոք ու ոչինչ չի տուժում։
-Ասում են՝ ՙմեծ արվեստ՚-ի ոչ այնքան դյուրին ճանապարհը կանանց չի հանդուրժում...
-Ճա՞րն ինչ։ Մենք նահանջել չենք սիրում։ Արվեստի բոլոր ոլորտներում կանայք կան՝ Կոկո Շանելից, Ջինա Լոլոբրիջիդայից, Սոֆի Լորենից սկսած։ Վերցնենք գրականությունը՝ Ագաթա Քրիստի, Շառլոտա Բրոնտե, Էմիլի Բրոնտե, Գաբրիելա Միստրալ, Նելլի Զաքս, Սելմա Լագերլյոֆ, Գրացիա Դելեդա, Սիգրիդ ՈՒնսեթ, վերջին հինգը՝ Նոբելյան մրցանակակիրներ…
-Երբեմն իրականությունն ու երազանքն անհամեմատ հեռու են։ Ընդհանրապես երազելն օգնո՞ւմ է նպատակների ու ծրագրերի իրագործմանը, թե՞ խանգարում։
- Ռուսական ասացվածք կա՝ ՙԵրազելը վնասակար չէ՚։ Սա՝ որպես կատակ։ Իսկ այժմ՝ ավելի լուրջ։ Պատմության մեջ մենք ունենք Մեծ երազողներ։ Դրանք ուտոպիստներն էին։ Իսկ գրականության մեջ Ժյուլ Վեռնին ժամանակակիցները Մարդ-երազող էին անվանում, քանզի նա է տվել երազելու հրահանգները։ Երազանք և իրականություն։ Հակադիր բևեռներ են ասես։ Առհասարակ, ցանկացած նպատակի իրականացման հիմքում երազանք է դրված, և երազանքը՝ բումերանգի կանոնով, վերադառնում է իրականություն՝ հարկավոր ծիլերն արձակելու և քեզ դեպի քո նպատակը տանելու։ Թերևս՝ իրարից հեռու, բայց և՝ իրարից անբաժան՝ սա՜ է իրականությունը։ Առանց երազանքի մարդը սնամեջ խողովակի է նման։
-Ձեր նախավերջին գրքի տպագրությունից ուղիղ 10 տարի անց՝ 2018-ին, լույս տեսավ Ձեր՝ ՙԵղե՞լ է, թե՞ չի եղել՚ ժողովածուն։ Ի՞նչն էր տևական դադարի պատճառը։
-Ստեղծագործական դադար չի եղել, ուղղակի աշխատանքս է անսպառ, ինչը շատ պատասխանատու է և պարտավորեցնող։ Ստեղծագործությունները ծնվում էին, դրանք համակարգել էր պետք, մշակել ու պահպանել՝ հետագայի համար, ինչն արել եմ խնամքով։ Այդ բոլորն իմի բերելու խնդիր կար և հարկավոր էր անհրաժեշտ ժամանակը, որը չունեի։ Հիմա՝ իմ 5-րդ գրքի տպագրվելուց հետո, 7-8 պատմվածք արդեն գրել եմ։ Հուսով եմ՝ հաջորդ գիրքը չեմ ուշացնի։
-Ի վերջո, եղե՞լ է, թե՞ չի եղել ... Հետաքրքիր է վերնագրի նախապատմությունը ։
-Ճիշտն ասած, եղել է, բայց լավ կլիներ, որ չլիներ…
Այսպիսով կբացառվեր չարը՝ երկրի երեսից…
Նախապատմությունը սահմռկեցուցիչ է, ելքը՝ բարեբախտաբար, ուրախ վերջաբանով…
- Կշարունակե՞ք միտքը.
Եկա, որովհետև … չէի կարող չգալ. ի վերուստ ես առաքելություն ունեի։
Մանկությունս հասցե ունի… այն իմ գունագեղ ծաղկաստանն էր, հեքիաթների իմ կախարդական մոլորակը…
Հիշում եմ ու ժպտում, երբ… 28 տարեկանում՝ փակ գաղտնի քվեարկությամբ, 800 աշակերտ ունեցող դպրոցում ընտրվեցի ՙՏարվա լավագույն ուսուցիչ՚։
Ափսոսում եմ, որ... իմ ՙԶոլավոր անօրենը՚ պատմվածքն էկրանավորված չէ։
Ոգևորվում եմ … դիմացինիս ոգևորությամբ։
Վստահ եմ, որ... բոլորի երազանքները մի օր իրականություն կդառնան։
Գնում եմ դեպի...ինձ հարկավոր գրականության պեղման լաբիրինթոս։
Կգա մի օր ու ես...կցնծամ, որ գտե~լ եմ…
Կինն ու գարունը.... միաձույլ են։ Երկուսն էլ կախարդիչ են ու արարող։
Շնորհակալ եմ…Աստծուն, որ կամ…