comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԱՄԱՐԱՍ՚-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԻՐ ԱՆՎԱՆՆ ՈՒ ԲՆՈՒՅԹԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՄԱՐԱՍ՚-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԻՐ ԱՆՎԱՆՆ ՈՒ ԲՆՈՒՅԹԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ

ԿԱՐԻՆԵ ԴԱԴԱՄՅԱՆ

Մարտունու շրջանային ՙԱմարաս՚ թերթը լույս է տեսնում 1935թ., սկզբից ՙԲոլշևիկյան հաղթանակ՚ անվամբ։ 1952թ.-ին ՙԲոլշևիկյան հաղթանակ՚-ը վերանվանվում է ՙԴեպի կոմունիզմ՚-ի, որը գործում էր մինչև 1959թ.-ը։ 1959թ.-ին փակվում են շրջանային բոլոր թերթերը, որոնք լույս են տեսնում արդեն 7 տարի անց` 1966թ.-ին։ Այս անգամ վերանվանվում է ՙԱշխատանք՚։ 1990թ.-ի սեպտեմբերի 12-ից, Մարտունու կուսշրջկոմի բյուրոյի և շրջխորհրդի գործկոմի համատեղ որոշմամբ ՙԱշխատանքը՚ դառնում է ՙԱմարաս՚։
Շրջանային թերթն անցել է ուրույն և պատվաբեր ճանապարհ, ունեցել է հմուտ խմբագիրներ և լրագրողներ, որոնց աշխատանքի շնորհիվ ձեռք է բերել դիմագիծ, հեղինակություն և վստահություն։
Թերթի դերը մեծ էր հատկապես Արցախյան շարժման ձևավորման և հետագա զարգացումների տարիներին։ Նրա աշխատողները նաև քաղաքական դաշտում էին, իրենց կարևոր դերակատարությունն ունենալով դարավոր նիրհից մեր ժողովրդին արթնացնելու և պայքարի դուրս բերելու համար։
Շրջանային թերթի էջերում պարբերաբար լույս են տեսնում ինչպես շրջվարչակազմի բաժինների գործունեությունը լուսաբանող, այնպես էլ մեր բնակչության ազգային-ազատագրական պայքարի, հանրապետությունում և շրջանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, բանակ-հասարակության կապի ամրապնդմանն առնչվող, մարզական և այլ բնույթի նյութեր, հնարավորինս լուսաբանվում են բոլոր ոլորտներում իրականացվող աշխատանքները, համայնքային կյանքն իր խնդիրներով, ձեռքբերումներով։
Թերթի աշխատանքում բավականին լուրջ դեր է հատկացված ընթերցողին, ով իր անկաշառ և արժեքավոր գնահատականն է տալիս կատարվածին։
ՙԱմարաս՚-ը շարունակում է իր դերակատարությունն ունենալ շրջանի կյանքում` որպես միակ լրատվամիջոց։ Այսօր էլ մնում է հարազատ իր ընթերցողին, միշտ պատրաստ՝ լսելու նրա խոսքը, արձանագրում առկա խնդիրներն ու ձեռքբերումները։ Այն նաև շրջանի պատմական զարգացումների արձանագրության խոսուն վկա է, շրջանի պատմության յուրօրինակ պահպանողը։
Այսօր առավել քան դժվար է տպագիր մամուլ պահելը, ուստի ՙԱմարաս՚ թերթի փոքր աշխատակազմով հնարավոր ամեն ինչ արվում է ժամանակին համահունչ լինելու համար, որպեսզի ՙԱմարաս՚-ը շարունակի իր անվանն ու բնույթին հարազատ մնալ և մշտապես լինի իր առաքելությանը հավատարիմ։