comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԴՌՆԵՐ՚ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԴՌՆԵՐ՚ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ք. Շուշի

Օրերս Շուշիի Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ Ռոբերտ Եսայանի 5-րդ հատորի (Ինքնության դռներ) շնորհանդեսը:

Ռ.Եսայանն ավելի քան երեք տասնյակ ժողովածուների, բանաստեղծությունների, պոեմների, ակնարկների, դիմանկարների, էսսեների, գրականագիտական հոդվածների հեղինակ է:
Գիրքը համեմված է Սամվել Գաբրիելյանի նկարազարդումներով, հեղինակային լուսանկարներով:
Մեծ մտածող Սերո Խանզադյանը հստակ շեշտել է. ՙԻնքնապաշտպանության ոգին է արթնացնում Եսայանը՝ հորիզոնը վահան, որ նախնիս է թողել իբրև ժառանգություն… Եսայանը մեր տառապանքներին տեղյակ է լիովին: Աշխարհը նորից անտարբեր է հայի, հայի Ղարաբաղի ցավին՝ Ու խավարի սալին իբրև մատաղացու,// Անտեր այս աշխարհում նիրհող խիղճն է մորթվում… Այո, մորթվում: 1915-ին թուրք մարդակերները հավաքեցին մեր Հայ գրողներին և մորթեցին: Իսկ հիմա, այդ եղեռնը չմոռացած Արցախի մեր ջահել գրողները, զենքը ձեռքներին, քաջաբար կռվում են թուրք-ադրբեջանցի նույն ցեղասպանների դեմ: Կռվում են հավատով՝ կհաղթենք՚:
Շնորհանդեսի ընթացում գրադարանի տնօրենը և որոշ աշխատակիցներ ընթերցեցին գրքից բանաստեղծություններ, գեղագիտորեն նկարագրեցին դրանց էությունն ու իմաստը, բնութագրելով Ռ. Եսայանի ոգեղեն ներաշխարհը:
ՙԻր բոլոր գրքերի խորագրերն, այսպես ասենք, հիմնաքարերն ընտրելիս ու դրանք բանաստեղծական դաշտում տեղադրելիս Ռ. Եսայանն անչափ հետևողական է, ծայրահեղ բծախնդիր և ամենաչնչին շեղումն անգամ կարող է տևական ժամանակով դատապարտել նրան անխոնջ փնտրտուքի, զրույց-մենախոսության, որի վերջնական արդյունքը լինում է բառի միակ, հաստատուն ու խոսուն ընտրությունը, ինչը մեծն Եղիշե Չարենցի բնորոշմամբ հաստատում է ոչ թե ՙ…Նետի մեծությամբ…՚, այլ ՙ…Նշանի ահագնությամբ… ՚ գաղափարը,- նշեց ռեժիսոր Լեոնիդ Հարությունյանը:
Ուսուցչուհի Լիդա Մկրտչյանը ներկաների հետ կիսվեց Եսայանի հետ առաջին հանդիպումի տպավորություններով, խոսեց նրա մարդկային առաքինությունների և արժեքների մասին. ՙԵրևի թե կարելի է ժամերով խոսել Ռոբերտ Եսայանի մասին, նրա ամենամեծ զարդն իր լռակյացությունն է: Ինչքան նա իր խոսքի մեջ լռակյաց է, այնքան բանաստեղծական խոսքում` ճարտասան: Եսայանի ստեղծագործությունները գրված են խորը հավատքով, ոգեշնչությամբ, և այդ հավատքը հենց իր հոգու ծնունդն է:
Աննա Մինասյանը Ռ. Եսայանի ստեղծագործություններն անվանեց փիլիսոփայություն, որոնք երբեմն բառերի տեղատարափով կարծես անջրպետ են ստեղծում պոետի և ընթերցողի միջև. ՙԵսայանի պոեզիան ընթերցելը բավականին բարդ է, ընդամենը պետք է գտնել նրա հոգու թելը և մխրճվել ներաշխարհի խորքերը՚,- ասել է նա:
Վերջում Ռ. Եսայանը շնորհակալություն հայտնեց գրադարանի տնօրենին և ողջ կոլեկտիվին միջոցառումը կազմակերպելու, իսկ հյուրերին՝ ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար. ՙԵրբ մարդը կանգնում է կյանքի խաչմերուկում, ուզում է մի ճանապարհ գտնել, և որոնում է այն մեծ շնորհը, որն իր մեջ թաքնված է: Դպրոցական տարիներից բանաստեղծությունը թաքնված էր իմ մեջ, և ես ուզում էի հասկանալ՝ արդյոք, ինձ միայն բանաստեղծական շնո՞րհն է տրված: Ամեն տեսակի աշխատանք անելուց հետո, ես հասկացա, որ, այո՜, ինձ տրված է միայն դա, տարիների հետ այդ լույսն ավելի ուժգնացավ: Իմ կյանքի ճանապարհին ես դիտավորյալ հրաժարվել եմ դասախոսի, ուսուցչի աշխատանքից և միայն մի պատճառով՝ խոսել ինձ համար` նշանակում է սպառվել, լռությունը հենց այն միջոցն է, որով ես կարողանում եմ ստեղծագործել՚:
;