comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԿՐՈՒՄ ԵՆՔ ՆԵԱՆԴԵՐԹԱԼՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԳԵՆԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԿՐՈՒՄ ԵՆՔ ՆԵԱՆԴԵՐԹԱԼՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԳԵՆԵՐԸ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում, որն իրականացվում է հասարակական, քաղաքական գործիչ, Արցախի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր Կարեն Օհանջանյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ, մարտի 20-ին ԱրՊՀ-ում դասախոսություն կարդաց կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հնէաբան Լևոն Եպիսկոպոսյանը: ՙԻմ նեանդերթալյան մեծ տատիկը՚ վերնագրով դասախոսությունը նվիրված էր նեանդերթալյան մարդու զարգացման էվոլյուցիային:

Արցախի մայր բուհում այս թեման ներկայացնելը գիտնականը պատճառաբանեց նրանով, որ այն նախ` հետաքրքիր է, որպեսզի մենք իմանանք մեր ( այս և հետագայում օգտագործվող ՙմենք՚-ը հասկանալ բանական մարդ-հեղ.) էվոլյուցիան և պատկերացում կազմենք` ինչ ուղղությամբ ենք զարգանում: Բացի դրանից, Արցախը սերտ կապ ունի էվոլյուցիայի այս հատվածի հետ այն իմաստով, որ այստեղ կան հուշարձաններ, որոնց վրա աշխատում է հնէաբանն իր արշավախմբով և ֆինանսական, մարդկային բավարար ռեսուրսներ ունենալով` ավելի շատ տվյալներ ձեռք կբերի մեր տարածքում նեանդերթալյան մարդու և ավելի վաղ տեսակների մասին:
Լ. Եպիսկոպոսյանի մեկնաբանմամբ, մենք (մարդ բանականը) երկրագնդի վրա միակ տեսակն ենք: Բայց միշտ չի այդպես եղել: 40 հազար տարի առաջ երկրագնդի վրա կողք կողքի գոյատևել են մարդու առնվազն 4 տեսակ, 3-ը պատկանել են նեանդերթալյան խմբին, մեկը եղել է մարդ բանականը` homo sapiens-ը: 50 տարի առաջ, երբ արդեն ի հայտ եկան նոր` մոլեկուլային, գենետիկական մեթոդներ, գիտնականներին հաջողվեց վերականգնել նեանդերթալյան մարդու ամբողջական գենոմը, որը 3մլրդ 200 մլն նուկլեոտիդներից բաղկացած շղթա է: Դա գիտնականներին հնարավորություն է տվել պարզել մեր ընդհանուր նախնիներին: Գիտնականը տեղին համարեց մեջբերել Ջեյմս Օլսոնի խոսքերը. ՙՄենք սկզբում կարծում էինք, թե մեր ճակատագիրը կապված է աստղերի հետ, բայց վերջին տարիները ցույց տվեցին, որ մեր ճակատագիրը ավելի շատ կապված է մեր գեների հետ՚:
Գենետիկորեն անհամատեղելի են հոմո սապիենսը և հոմոնեանդերթալեսը: Հենց դա է պատճառը, որ դասախոսությունը վերնագրված է` ՙԻմ նեանդերթալյան մեծ տատիկը՚ և ոչ թե պապիկը: Մեծ պապիկը բացառվում է այստեղ, որովհետեև նա դեր չի խաղացել մեր գենետիկայի պատմության մեջ, պարզաբանեց գիտնականը: Այսօր մասնագետներին հաջողվել է պարզել, որ նեանդերթալյան տղամարդու գենետիկական դերը հավասար է 0-ի: Եթե նույնիսկ նեանդերթալյան տղամարդը և մարդ բանականի կինն ունեցել են սեռական հարաբերություններ, երեխա չի ծնվել: Նեանդերթալյան մարդը ծագել է եվրասիական տարածքում, հոմոսապիենսը` Աֆրիկայում: Նրանք հանդիպել են Եվրասիայում և առաջին հանդիպումը եղել է մեր տարածքում` Մերձավոր Ասիայում: ՙԱյսօր ունենք ստույգ տվյալներ, որ բոլորս անխտիր կրում ենք նեանդերթալյան մարդու գենետիկական հատկանիշները: Մենք պետք է ուրախ լինենք, որ ստացել ենք այդ գեները, քանի որ դրանք մեզ թույլ են տվել գոյատևել, զարգանալ և գրավել ամբողջ երկրագունդը՚,-նշեց գիտնականը` տեղեկացնելով նաև, որ 2007թ. հայտնաբերվել է նեանդերթալյան մարդու 2-րդ տեսակը Ալթայում` Դենիսով պիշչերա կոչվող տեղամասում, և նրան տրվել է հոմոդենիսովա անվանումը: Ընդհանուր առմամբ, մենք նեանդերթալյան մարդուց և դենիսովա մարդուց վերցրել ենք 12 հազար փոփոխված գեներ: Ընդհանուր գեների քանակը մեզ մոտ գրեթե 30 հազար է: Լա՞վ է, թե՞ վատ: ՙԵթե վատ լիներ, մենք երևի վերացած կլինեինք: Ուրեմն դա պետք է ունենար դրական ազդեցություն: Էվոլյուցիան այնպիսի մեխանիզմ է, որ ամրապնդում է դրականը, վերացնում բացասականը, և այդ մեխանիզմը գործելով մոտ 40 հազար տարի` հասել ենք այս վիճակին՚,-մեկնաբանեց գիտնականը: 40 հազար տարի առաջ նեանդերթալյան մարդը հրաժեշտ տվեց երկրագնդին: Գիտնականը սա ցավով նշեց, քանի որ 40 հազար տարի է` հոմոսապիենսն ապրում է միայնակ: ՙՄենք մենաշնորհ ենք ձեռք բերել, և ինչպես ցանկացած ասպարեզում, մենաշնորհը վատ է՚,-ասաց գիտնականը` նաև փորձելով մեկնաբանել անհետացման պատճառները: Առայժմ այդ հարցին դժվար է պատասխանել, քանի որ նմուշների քանակը դեռ չի բավարարում սպառիչ և վեջնական պատասխան տալու համար: Ինքը` Լ. Եպիսկոպոսյանը, հակված է այն մտքին, որ այսօրվա մեր բարքերը, ագրեսիվությունը, պատմության ոչ փայլուն էջերը ցույց են տալիս, որ անհետացումը մրցակցության, էվոլյուցիայի հետևանք չէր, այլ հակամարտության: Ըստ նրա` կարելի է տարբեր ձևով բնութագրել այդ պահվածքը, բայց այստեղ կա մի օրինաչափություն. ավելի կատարելագործված զինամթերքով զինված լինելը ոչ միայն առավելություն է բերում այսօրվա հոմոսապիենսին, այլև ավելի է բարձրացնում նրա ագրեսիվությունը: Դրան ականատես ենք արդեն քանի դար:
Պատմում էր գիտնականը, իսկ իմ գլխում անընդհատ պտտվում էին մեր մեծ բանաստեղծ Հովհ. Թումանյանի տողերը.
Բերանն արնոտ Մարդակերը
էն անբան
Հազար տարում հազիվ դառավ
մարդասպան,
Ձեռքերն արնոտ գընում է դեռ
նա կամկար
Ու հեռու է մինչև մարդը իր ճամփան:
Հետաքրքիր էր գիտնականից իմանալ` Դարվինի էվոլյուցիոն տեսությունն այսօր կենսունա՞կ է:
ՙԵս դասավանդում եմ էվոլյուցիոն տեսությունը: Այն ձևով, ինչպիսին Դարվինն է առաջարկել 160 տարի առաջ, կարծում եմ, փոփոխություն տեղի է ունեցել, բայց հիմնական դրույթները չեն փոխվել: Ցանկացած տեսություն պետք է վերանայվի և կատարելագործվի, բայց ոչ թե հերքվի: Դարվինիզմն այդ ուղղությամբ է զարգանում՚,- պատասխանեց Լ. Եպիսկոպոսյանը: