comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԻՍԿԱԿԱՆ ՏՈՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԻՍԿԱԿԱՆ ՏՈՆ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի մեծ դահլիճում օրերս տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ: Բեմում էր Երևանի Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցի շրջանավարտ, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Գևորգ Մատինյանը: Երիտասարդ դաշնակահարին ունկնդրելու էին եկել երաժշտական քոլեջի, Կոմիտասի անվան երաժշտական և Գյուրջյանի անվան արվեստի դպրոցների դասատուներ, ուսանողներ, աշակերտներ, ինչպես և մայրաքաղաքի երաժշտասեր հասարակության ներկայացուցիչներ:

Համերգի առաջին մասում Գևորգ Մատինյանը կատարեց Բախի լավ տեմպերացված կլավիրից դո մինոր պրելյուդն ու ֆուգան, Շոպենի դո մինոր էտյուդը, Ռախմանինովի սոլ մինոր պրելյուդը, Շոռի 3 պիեսներ՝ ՙՄանկության հիշողություններ՚ ալբոմից, Շոպենի մի բեմոլ մաժոր Պոլոնեզը, իսկ երկրորդ մասում` Բեթհովենի դո մինոր սոնատը (բոլոր երեք մասերը), Շուման-Լիստի ՙՆվիրումը՚, Ալ.Հարությունյանի ՙՍասունցիների պարը՚: Դաշնակահարն իր վիրտուոզ, փայլուն կատարումներով միանգամից գրավեց ունկնդիրների սրտերը: Վերջիններս բուռն ծափահարություններով էին արձագանքում յուրաքանչուր կատարմանը: Իսկ վերջում ստիպեցին նորից ու նորից նստել դաշնամուրի առջև... Դաշնակահարն էլ մեծ հաճույքով կատարեց Շոպենի անմահ վալսերը: Հիրավի, մեծ հաճույք ստացավ հանդիսատեսը, խոստովանում են նրանք: Իսկ քոլեջի տնօրեն Ա. Սուլեյմանյանը, շնորհավորելով Գ. Մատինյանին` հետաքրքիր և հաջողված համերգի համար, հորդորեց երիտասարդ դաշնակահարին հաճախ հանդես գալ քոլեջում:
Ի դեպ, նշենք, որ Գևորգ Մատինյանը, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է բազմաթիվ մենահամերգներ ունենալ Հայաստանում, Վրաստանում, Գերմանիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում: Իսկ Արցախում համերգ ունենալու գաղափարը հենց իրենն էր: Երբեք Արցախի բեմերում չի նվագել, խոստովանում է նա, թեկուզ շատ է եղել մեր երկրում, լավ բարեկամներ ունի այստեղ: Նա վճռեց. մինչև Գերմանիա հերթական մրցույթի մեկնելը գալ Արցախ մենահամերգով` ներկայացնելով ոչ միայն մրցութային ծրագիրը, այլև իր հարուստ երգացանկից հետաքրքիր ստեղծագործություններ:
Համառոտակի՝ Գևորգ Մատինյանի հաղթանակների մասին. 2013-ին Երևանում անցկացվող՝ Ա. Բաբաջանյանի անվան 2-րդ միջազգային մրցույթ-փառատոնին արժանացել է 2-րդ և հատուկ մրցանակների: Նույն տարում Մյունխենում անցկացվող պատանի դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնին նվաճել է 2-րդ մրցանակը: 2017-ին Ա. Բաբաջանյանի անվան 4-րդ միջազգային մրցույթ-փառատոնին կրկին արժանացել է 2-րդ մրցանակի: Նույն տարում Գյումրիում անցկացվող ՙՎերածնունդ՚ միջազգային մրցույթ-փառատոնին նվաճել է 1-ին մրցանակները` ՙԴաշնամուր՚ և ՙԿամերային անսամբլ՚ անվանակարգերում: 2018-ին Էստոնիայի Նարվա քաղաքում անցկացված Շոպենի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների 12-րդ մրցույթին արժանացել է հատուկ մրցանակի: Մասնակցել է այլ միջազգային մրցույթների: ՀՀ պետական կամերային նվագախմբի հետ ելույթ է ունեցել` կատարելով Մոցարտի 12-րդ Կոնցերտի 3-րդ մասը: 2018-ին Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել է Մոցարտի 1-ին Կոնցերտն ամբողջությամբ:
17 տարեկանում ունենալ այսպիսի հարուստ մրցանակային բանկ` բոլորին չէ տրված: Արդյո՞ք երիտասարդ դաշնակահարը պատրաստվում է նվաճել աշխարհի մեծ բեմերը հարցին` Գևորգն իրեն բնորոշ անկեղծությամբ պատասխանեց` իսկ ինչու՞ ոչ: Բայց դրա համար պետք է ավելի շատ պարապել, հրաժարվել շատ նախասիրություններից, ամբողջությամբ նվիրվել սիրած գործին: ՙԱյո,-ասաց նա,- հանուն երաժշտության պատրաստ եմ շատ պարապել, հրաժարվել շատ նախապատվություններից՚: Սակայն մի բանից Գևորգը երբեք չի պատրաստվում հրաժարվել` իր ընկերների հետ շփվելուց, անկեղծորեն խոստովանում է նա:
Գևորգ Մատինյանին հաջող ելույթ ցանկանանք Գերմանիայում կայանալիք մրցույթին: