comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԲԱՌԸ ԿԱՐՈՂ Է ԵՐԿԻՆՔ ՀԱՍՑՆԵԼ...
[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՌԸ ԿԱՐՈՂ Է ԵՐԿԻՆՔ ՀԱՍՑՆԵԼ...

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 Ուղիղ 20 տարի առաջ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, մարտի 21-ը հռչակվեց Պոեզիայի միջազգային օր, որի նպատակը՝ ազգային, տարածաշրջանային և միջազգային բանաստեղծական շարժումներին նոր լիցք հաղորդելն է։

Օրվա խորհրդի, տրամադրության և, ընդհանրապես, առօրյա կյանքում պոեզիայի ներկայության ու նշանակության վերաբերյալ զրուցել ենք Հերմինե ԱՎԱԳՅԱՆԻ հետ, ով իրեն համարում է պարզապես ստեղծագործող մարդ։
- Պոեզիայի միջազգային օրը որևէ փոփոխություն, տրամադրություն բերու՞մ է Ձեր բանաստեղծական աշխարհ։ Ո՞րն է, այսպես ասած, պոետների տոն օրվա խորհուրդն ըստ Ձեզ։
-Ամեն մի լավ բանաստեղծության ծնունդ արդեն իսկ տոն է, ու երևի ինձ պես մտածողների համար, ովքեր սիրում, կարդում, ապրում են պոեզիայով։ Տարվա բոլոր օրերն էլ պոեզիայի տոն են, բայց, ամեն դեպքում, հաճելի է, երբ այդ օրը քեզ շնորհավորում են, բարևի փոխարեն՝ հեռախոսի լսափողից հնչում են քո գրած տողերը … Պոեզիան պետք է ապրի մեր ներսում, վեհացնի ու գեղեցկացնի մեզ, ու դրա համար չպետք է սպասել մարտի 21-ին։ Այդ օրը պարզապես հիշեցում է, հայացք է դեպի մեր կողքին ապրող բանաստեղծը, դեպի գիրքը, դեպի տողը, դեպի գեղեցիկը գնահատելն ու արժեւորելը։ Ոչ միայն ստեղծագործող մարդիկ, այլեւ ամեն ոք պետք է զգա, որ այդ օրն իրենն է։
-Որտե՞ղ է պոեզիայի բնակավայրը։
-Պոեզիայի բնակավայրն աշխարհի օրորոցն է. բանաստեղծներն օրորում են այն ու երգեր շշնջում մարդկանց ականջին։
-Իսկ պոեզիան ի՞նչ երանգ կարող է հաղորդել մարդկային հոգսաշատ առօրյային։ Ո՞րն է պոեզիայի համամարդկային առաքելությունը։
-Պոեզիան մարդու լավագույն ընկերն է, նրա հոգու ընկերը, նա մարդուն հաղորդակից է դարձնում իր ներսում ու շրջապատում ապրող գեղեցիկին։ Իրական, մաքրամաքուր պոեզիան հայելու պես է, այնտեղ ամեն մեկը գտնում է իր արտացոլումը, բացահայտում է, ճանաչում։ Պոեզիան նաեւ համամարդկային խնդիրներ է վեր հանում, տանում ինքնամաքրման։
-Պոեզիան, ըստ Ձեզ, ունի՞ որևէ բանաձևում։
- Ընդհանրապես, շատ դժվար է ինչ-որ բան բանաձևել ու ճիշտ էլ չէ, որովհետեւ կյանքը հետաքրքիր ու գունեղ է առանց բանաձևերի։ Բայց եթե հարցրել եք, կփորձեմ պատասխանել` պոեզիան տարածություն է, որով բազում ճամփորդներ են քայլել, բայց նրանցից քչերին է հաջողվել տեղ հասնել կամ նոր աշխարհներ հայտնագործել։
- Ի՞նչ պահանջմունք ու սպասումներ ունի ժամանակակից ընթերցողը բանաստեղծությունից։
- Կարծում եմ՝ ժամանակակից ընթերցողն աշխարհագնացի նման է։ Նա անընդհատ ուզում է նոր եզերքներ հայտնագործել։
-Ի՞նչն է մտահոգում երիտասարդ ստեղծագործողին։
- Ինձ, որպես երիտասարդ ստեղծագործողի, առավել շատ մտահոգում է մարդկային անտարբերությունն իր նմանի հանդեպ, իր շրջապատի երեւույթների հանդեպ, մարդու հարաբերությունն իր ներսում ապրող մարդու հանդեպ։ Մենք պետք է հաճախակի հաղորդակցվենք մեր ներսում ապրող մարդու հետ եւ համոզենք նրան, որ թույլ տա մեզ նրանից այն կողմ մի քանի քայլ անելու։
-Արվեստն ավելի ճշմարիտ է, քան իրականությունը, կհամաձայնե՞ք։
-Ես կասեի՝ արվեստն ավելի վեհ է, քան իրականությունը, թեեւ այն ստեղծողն իրական մարդն է։ Նա մարդուն ամեն օր ճշմարիտ ճանապարհ է ցույց տալիս՝ իրականության մեջ սեփական իրականությունը մաքրագործելու, ինքն իրեն հաղթահարելու եւ ինքն իրենից բարձրանալու։
-Կշարունակե՞ ք միտքը...
-Երբ գրեցի առաջին բանաստեղծությունս..., դասընկերս թաքուն վերցրեց այն եւ բարձր կարդաց դասարանցիների համար։ Ես լաց եղա։
Առաջին գիրքս նվիրեցի... մանկությանս, որովհետեւ շատ նամակներ եմ գրել նրան ու երբեք չեմ իմացել` ինչ հասցեով ուղարկել։
Ստեղծագործում եմ, երբ ... զգում եմ նկարելու մեծ ցանկություն եւ հասկանում եմ, որ նկարիչ չեմ։ Բանաստեղծություններս իմ չծնված կտավներն են։
Գրում եմ, որովհետեւ ... դա իմ ներսի բնակավայրն է, ու այնտեղ հաճախ տարբեր են լինում եղանակները։ Այնտեղ անձրեւի մեջ արև կա, արևի մեջ՝ անձրեւ։
Բառը կարող է ... երկինք հասցնել, եւ դրա համար պետք չեն թեւեր…
Բանաստեղծ լինելու համար պետք է... կարողանալ զրուցել ստվերների հետ եւ միաժամանակ որսալ լույսերի խաղը։
Իմ սեղանի գիրքը ... անընդհատ փոփոխվում է, իմ գրքերը շատ խանդոտ են իրար նկատմամբ։
Պոեզիան ինձ համար ... դուռ է դեպի իմ ներսը։ Ամեն անգամ, երբ բացում եմ այն, հաճելիորեն ճռռում է կարոտից, սիրուց, սպասումից։ Այդ ճռռոցն իմ հոգում երգ է դառնում, եւ ես չեմ կարող չերգել։
-Տողեր, որոնք միշտ շուրթերիդ են:
-ՙՄենակությունն ամենամեծ անհամությունն է՚։ Գուգլում չփնտրեք, տատս է ասել,-ժպտում է Հերմինե Ավագյանը և մեզ նվիրում իր գրած վերջին բանաստեղծությունը.

***
Դու ինձ կարող ես
Գտնել,
Հավաքել,
Փնջել
Բառերիս,
Տողերիս,
Լռությանս պարտեզում.
Այնտեղ ծաղիկներ
Շատ կան,
Եւ բոլորն էլ
Թաքուն գույն,
Թաքուն բույր,
Թաքուն հայացք ունեն
Քեզ համար պահած։
Դու ժրաջան մեղվի հայացքով
Քաղիր լռությունս,
Կապիր
Հազար ու մեկ
Վարդագույն թելերով,
Քաղիր բառերս ասված
Եւ նաեւ չասված,
Որ պիտի նեկտար դառնան
Մի օր…
Դու ձեռքերիդ մեջ
Լուսաբաց բեր մի քիչ,
Այն լուսաբացներից,
Որտեղ չեն մրսում,
Չեն դողում,
Չեն լացում կարոտից.
Եւ շաղ տուր այն
Բառերիս,
Տողերիս,
Լռությանս
Պարտեզում…
Փնջիր ինձ այնպես,
Որ չթոշնեմ արևներիցդ,
Եւ ես կծաղկեմ
Ժամերիդ,
Օրերիդ,
Տարիներիդ
Գունավոր ու անգույն
Ծաղկամաններում…

;