ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ԱՐՑԱԽԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
Վան ՆՈՎԻԿՈՎ
Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի գործունեությունը, Էքզյուպերիի ձևակերպմամբ՝ ՙփոքր քայլերի արվեստ՚-ին համահունչ, ուրույն հայտ է ներկայացրել մեր մշակութային կյանքում։ Սփյուռք-Հայաստան-Արցախ մշակութային կամուրջի ստեղծումն առանցք ունենալով, Համազգայինի արցախյան ծրագրերն ու նպատակներն ու դրանց աշխարհագրությունը բավականին ընդգրկուն են . ստեղծագործական, ինտելեկտուալ մրցույթներ, համերգներ, թատերական ներկայացումներ և այլն։ Առաջիկա ամսում Համազգայինի Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ արցախցի արվեստագետները հնարավորություն կունենան իրենց աշխատանքները ներկայացնելու արտասահմանում։ Գրասենյակի տնօրեն Հերմինե ԱՎԱԳՅԱՆԻ հետ զրույցում անդրադարձել ենք կառույցի կողմից նախատեսվող ծրագրերին և մշակութային մի շարք ուշագրավ միջոցառումների, որոնք արդեն իսկ հաջողությամբ կյանքի են կոչվել։
- Ինչ է հասցրել իրագործել գրասենյակն իր գործունեության ընթացքում։ Ինչն է այսօր կարևորվում ձեր աշխատանքում։
- Մեր նպատակն է Համազգայինի ջանքերով նպաստել Արցախում կրթամշակութային կյանքի աշխուժացմանը։ Համազգային հայ կրթական և մշակութային միությունն արդեն 90 տարի է քայլում է նույն պատասխանատու և հայանվեր ճանապարհով, այն է՝ իր նպաստը բերել Սփյուռքում հայ մշակույթի, հայ դպրության և հայկական արժեքների պահպանմանն ու տարածմանը։ Ճիշտ է, հաշվի առնելով ժամանակի մարտահրավերները, սա այնքան էլ դյուրին գործ չէ, բայց գործի նվիրումն ու նպատակի գիտակցումը ուղեկցում են այս կառույցին՝ իր ստեղծման օրից մինչ այսօր։ Քանի որ Արցախը համազգային բնօրրան է, ուստի այն միշտ էլ մեր կազմակերպության գործունեության առանցքում է եղել։ Արդյունքում այսօր Ստեփանակերտում ունենք նաև գործող գրասենյակ, որն արդեն հասցրել է տասնյակ մշակութային ծրագրեր իրականացնել Արցախում։
- Ողջունելի է, որ Ձեր մշակութային ծրագրերը չեն շրջանցում նաև Հանրապետության շրջանների բնակավայրերը։ Այս առումով ի՞նչ եք հասցրել և ի՞նչ նախատեսում։ Ի՞նչն է դժվարացնում այս կամ այն ծրագրի իրագործումը ։
- Արցախի տարբեր գյուղական համայնքներում արդեն հասցրել ենք կազմակերպել մի շարք միջոցառումներ։ Այս առումով սերտորեն համագործացում ենք շրջվարչակազմերի եւ համայնքապետերի հետ։ Սկսած անցյալ տարվանից տարբեր գյուղերում կազմակերպել ենք համերգներ, մրցույթներ, թատերական ներկայացումներ և այլն։ Տարին հոբելյանական է հայ մշակույթի մեծ եռյակի ՝ Հովհաննես Թումանյանի, Լեւոն Շանթի եւ Կոմիտաս Վարդապետի համար, ուստի մի շարք միջոցառումներ նվիրված են եղել նրանց 150-ամյակներին։ Այդ առումով մեր ծրագրերը շարունակվում են։ Շարունակական են լինելու նաև գյուղական համայնքների մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված ծրագրերը և մշտապես մնալու են մեր գործունեության առանցքում։
Նշեմ, որ համայնքերում ծրագրերի իրականացման ընթացում նաեւ մի շարք դժվարությունների ենք հանդիպում: Օրինակ՝ գյուղերի մշակութային տների խնդիրը. կան գյուղեր, որոնք ընդհանրապես ակումբ չունեն կամ էլ ունեն, բայց առանց բեմական անհրաժեշտ պայմանների։ Նմա դեպքերում դժվարանում է, օրինակ, թատերական ներկայացումների կազմակերպումը և այլն։ Երբեմն ստիպված ենք լինում մոտակա մի քանի համայնքների բնակիչների համախմբել նույն մշակույթի տանը, որպեսզի ավելի շատ թվով մարդիկ կարողանան հաղորդակցվել մեր մշակութային ձեռնարկներին։
Մեր կառույցը ջանում է նաև ուշադրության սևեռել գյուղական համայնքների ստեղծագործող երիտասարդներին և սերտ կապերի ստեղծմամբ, նրանց հետ ծրագրեր կյանքի կոչել։
- Հովհաննես Թումանյանի հոբելյանի առթիվ, Համազգայինի նախաձեռնությամբ, վերջերս հրատարակվեց և ընթերցողի սեղանին է Ամենայն հայոց բանաստեղծի կյանքից նորահայտ դրվագներ ներկայացնող գիրք։ Ինչ է պատմում գիրքը մեծ բանաստեղծի մասին։ Առավել ևս, որքան տեղյակ եմ, գրքի հրատարակումն արգելված է եղել խորհրդային տարիներին։
-Այո, Համազգայինի Երևանի գրասենյակի ջանքերով նորերս վերահրատարակվեց Վարդգես Ահարոնյանի` ՙՀովհաննես Թումանյան. Մարդը եւ բանաստեղծը՚ գիրքը, որը մեծ բանաստեղծի 150-ամյակի առթիվ յուրօրինակ նվեր էր ընթերցասերներին։ Ըստ էության, անվանի հեղինակն առաջին հայացքից կարող է անծանոթ թվալ։ Նշեմ, որ Վարդգես Ահարոնյանը` քաղաքական, հասարակական գործիչ, գրող Ավետիս Ահարոնյանի որդին է։ Ինչպես և հայրը, որդին նույնպես, հայտնի պատճառներով բազում հալածանքների է ենթարկվել խորհրդային տարիներին և ստիպված լքել հայրենիքն ու ապաստանել օտար ափերում։
Գրքում հեղինակի հիշողություններն են մեծն Թումանյանի մասին։ Քանի որ հեղինակի հայրը՝ Ավետիս Ահարոնյանը, շատ մտերիմ հարաբերություններ է ունեցել Հովհաննես Թումանյանի հետ, Վարդգես Ահարոնյանն անմիջական ականատեսի իր հուշերում Թումանյանին ներկայացնում է յուրահատուկ դիտանկյունով։ Գրքում ընթերցողը կբացահայտի Թումանյանի ազնիվ, բարի, հայրենասեր, հյուրասեր, կատակասեր, անկեղծ ու նվիրական կերպարը։ Գրքում նա բացահայտվում է և՜ որպես բանաստեղծ, և՜ որպես մարդ՝ յուրահատուկ ներաշխարհով, խառնվածքով, տարօրինակություններով, ապրելակերպով եւ այլն։
Գրքի շնորհանդեսը Երևանում օրերս է կայացել, եւ որոշեցինք այն ներկայացնել և հասու դարձնել նաև Արցախի ընթերցողներին։ Շատերն արդեն հասցրել են կարդալ ու սիրել գիրքը։
Հավելեմ նաև, որ Վարդգես Ահարոնյանն ընդգրկված է եղել զորավար Անդրանիկի գումարտակում և անձամբ զորավարի գրագիրն ու թարգմանիչն էր։ Շատ ջերմ, անմիջական ու անկեղծ է նաև Անդրանիկի մասին նրա հուշագրությունը, որն առաջիկայում լույս կընծայվի Համազգային հայ կրթական եւ մշակութային միության կողմից։
- Թումանյանի և Շանթի 150-ամյա հոբելյանների առթիվ գրասենյակը կազմակերպել էր նաև գրական-ստեղծագործական մրցույթ, որի արդյունքներն արդեն ամփոփվել են։ Ինչպիսի՞ սպասելիքներ կային։ Ի՞նչ ընթացք ստացավ մրցույթը։ Աշխու՞յԺ էր մասնակցությունը:
-Համազգայինի Արցախի գրասենյակի նպատակներից է նաև Արցախի երիտասարդ ստեղծագործողներին բացահայտելը, ներկայացնելն ու ճանաչել տալը։ Այդ նպատակին էր ծառայում շուրջ մեկ ամիս առաջ հայտարարված գրական-ստեղծագործական մրցույթն Արցախում բնակվող 16-40 տարեկան ստեղծագործողների համար։ ՙՃախրող գրիչ՚ խորագիրը կրող մրցույթի ստեղծագործական աշխատանքների թեման և ժանրը սահմանափակումներ չունեին։ Ստուգիչ հանձնաժողովի կազմում էլ ընդգրկված էին գրողներ եւ գրականագետներ, ովքեր անաչառությամբ գնահատեցին ներկայացված աշխատանքները։ Նշեմ, որ մասնակիցները շատ էին։ Կային մասնակիցներ, ովքեր ներկայացրել էին թե? արձակ, թե? չափածո գործեր։ Հանձնաժողովի որոշմամբ՝ առանձին գործերի համար սահմանվեցին առանձին մրցանակներ։ Այսպես` ՙԵրևակայությանս երկու եսերը՚ բանաստեղծության համար հատուկ մրցանակի արժանացավ Վիտալի Պետրոսյանը, ՙՎերադարձածները՚ բանաստեղծության համար մրցանակի է արժանացել Սոնա Համբարձումյանը, իսկ ՙԼավագույն պատմվածք՚ անվանակարգի հաղթող ճանաչվեցիք դուք` ՙԱնուրջ՚ պատմվածքով, ինչպես նաև խրախուսական նվերով ու գովասանագրով պարգևատրվել է Էլլա Խաչիյանը։ Ընդհանրապես, մրցույթի բոլոր մասնակիցներն ակտիվ մասնակցության համար արժանացան գովասանագրերի և նվերների` Համազգայինի կողմից վերջերս հրատարակված գրքերի տեսքով։ Բեյրութից ժամանել և մրցանակաբաշխությանն անձամբ ներկա էին նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը, ԿՎ անդամ Անդրանիկ Մսրլյանն ու հոգաբարձուների խորհրդի անդամ Կարապետ Պայթարյանը։ Ներկա էր նաև Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը։
- Հաջորդ կարևոր միջոցառումը կամ ծրագիրը, որը նախատեսում է իրագործել Համազգայինի Արցախի գրասենյակը, ո՞րն է։
-Հաջորդ միջոցառումը կայանալու է Բեյրութում։ Ընթացիկ տարվա հունիսի 8-15-ին պատրաստվում ենք Բեյրութի արվեստասերների համար կազմակերպել Արցախի 13 նկարիչների աշխատանքների ցուցահանդես։ ՙԱրցախը՝ ափիս մեջ՚ խորագրով այս ծրագիրը կյանքի է կոչվել Համազգայինի` Բեյրութի ՙԼյուսի Թութունջյան՚ պատկերասրահի հրավերով ու հովանավորությամբ, ինչպես նաև Արցախի ՄԵՀԶ նախարարության աջակցությամբ։ Բեյրութում ՙԱրցախը՝ ափիս մեջ՚ ծրագրի շրջանակում կկայանա նաեւ Արցախի կանանց ձեռքի աշխատանքների և Արցախի երիտասարդ գրողների գրքերի ցուցադրություն։