comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ԲԱԿՈՒՆՑԻ ՇԱՏ ԱՂՔԱՏ ԿԼԻՆԵՐ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ԲԱԿՈՒՆՑԻ ՇԱՏ ԱՂՔԱՏ ԿԼԻՆԵՐ՚

Սվետլանա Խաչատրյան

Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ հունիսի 14-ին գրական միջոցառում տեղի ունեցավ ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանում(ԳՆՀ): 

Իր բացման խոսքը ԳՆՀ ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը սկսեց Բակունցին բնութագրող նրա կյանքի մի դրվագի ներկայացումով: ՙՀուշագիրները պատմում են, որ երբ Բակունցը Գորիսում, որտեղ ծնվել էր, փողոցով անցնելիս հանկարծ տեսնում էր մի հողակոշտ, կռանում վերցնում էր, հոտ քաշում և ասում. ՙՈչ մի հող այսպես չի բուրում, չէ՞՚: Պատմության մեջ արձանագրվել է Բակունցի եղերական մահը, որը եղել է շատ դաժան: Զանգվի ձորում բահը դրել են նրա ձեռքին, ասել են` փորիր: Նա փորել է` իմանալով, որ իր համար է: Կրակել ու նրան գլորել են այդ փոսի մեջ: Այսպես նա ավարտել է իր այնքա~ն գեղեցիկ կյանքը: Եվ հաճախ մտածում եմ, թե հողի բուրմունքն այդ պահին ի՞նչ էր ասում Ակսել Բակունցին, մարդու, որը բահի մասին գրել է, հողի և մարդու հարաբերությունը վերածել է անզուգական տողերի՚:
Վ. Հակոբյանն անդրադարձավ Բակունցի ու Չարենցի զուգորդությանը: Բակունցն իր սերնդակիցների մեջ տարբերվում էր նաև նրանով, որ թողել է իր հողեղեն արձակը, որից նոր սերունդներ են ծնվել: Բակունցն ունեցավ հզոր տղաներ: Լավագույնները` Հրանտ Մաթևոսյան և առավել ևս` Մուշեղ Գալշոյան: Ըստ Վ. Հակոբյանի` հայ նոր գրականության արձակագիրները բոլորը դուրս են եկել Բակունցի ՙԾիրանի փողից՚: 30-ական թթ.Բակունցը դիմում է Էրգրի թեմային և առաջիններից մեկը հայ գրականության մեջ ծիրանի փողը ներկայացնում է որպես եղեգան փող, որից Վահագն է ծնվում:
Վ. Հակոբյանի գնահատմամբ` հայ գրականությունն առանց Բակունցի շատ աղքատ կլիներ:
Միջոցառմանը բակունցյան թեմայով իրենց գրականագիտական պրպտումները ներկայացրին ԳՆՀ դասախոսներ, բանասիրական գիտությունների թեկնածուներ, դոցենտ Ամալյա Գրիգորյանը, դոցենտ Ժաննա Բեգլարյանը, Նանար Սիմոնյանը, ինչպես նաև` երիտասարդ դասախոս Անի Շիրինյանը: Գրողի ծննդավայրում անցկացվում են ավանդական Բակունցյան օրեր, որի հանդիսավոր բացմանը ներկա է եղել բանաստեղծ Ռոբերտ Եսայանը: Նա ներկայացրեց իր տպավորություններն այդ միջոցառումից:
Բակունցը մեր ամենաքնարական, ամենազգայուն, ամենաեղերական գրողն է: Նրա թախիծը նաև մեր հոգիներում է: Բակունցը մեզ հետ է և Բակունցով մենք զուլալվում ենք. այսպես եզրափակեց միջոցառումն ասաց այն վարող Ա. Գիրգորյանը: