comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԱՎԵԼԻ ԿՍԵՐՏԱՆԱ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԱՎԵԼԻ ԿՍԵՐՏԱՆԱ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Հունիսի 13-ին Երևանի քաղաքապետարանի պատվիրակության այցի շրջանակում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի է ունեցել ՙՀայաստանի փոքրիկ երգիչներ՚ երգչախմբի համերգը: Ներկա էին երևանյան պատվիրակությունը՝ ի դեմս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմը՝ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ, ՀԱԵ-ի Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակութասեր ստեփանակերտցիներ: 

ՙՀայաստանի փոքրիկ երգիչներ՚ երգչախումբը հիմնադրվել է 1992 թվականին՝ ՙՀայ փոքրիկ երգիչներ՚ միջազգային ասոցիացիայի և Երևանի քաղաքապետարանի հովանավորության ներքո: Երգչախմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է խմբավար, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը: Հիմնադրման հաջորդ տարվանից երգչախումբն ու նրա մենակատարները մասնակցել են տարբեր միջազգային մրցույթների? ամեն անգամ նվաճելով մրցանակային տեղեր: ՙՀայաստանի փոքրիկ երգիչներ՚ երգչախումբը 2001 թվականին արժանացել է ՙԵվրոպայի Մշակույթի Դեսպան՚ պատվավոր տիտղոսին, իսկ 2002 թվականին` Երգչախմբային Արվեստի Համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը: Երգչախումբը պարգևատրվել է նաև ՀՀ նախագահի և կառավարության բարձրագույն պարգևներով, ինչպես նաև ՙԼեոնարդո դա Վինչի՚ արծաթե մեդալով` Բնական գիտությունների Եվրոպական Ակադեմիայի կողմից:
Երգչախմբի երգացանկը խիստ բազմազան է. այն ներառում է հին, միջնադարյան, վերածննդի, ինչպես նաև դասական, ժամանակակից, ժողովրդական և հանրամատչելի ստեղծագործություններ:
Երգացանկի բազմազանությանը ականատես եղան նաև ստեփանակերտցիները: Համերգն սկսվեց մաշտոցյան շարականով, Կոմիտասի հոգևոր երաժշտությամբ, այնուհետև անցում կատարվեց դեպի Կոմիտասի աշխարհիկ ստեղծագործություններ, արդի հայ կոմպոզիտորներ, արևմտյան դասականներ և արդի երաժշտություն, ընգրկվեցին կատակ-երգեր, ջազային ստեղծագործություններ: Ավարտեցին մեր հերոս տղաներին և հայի իղձերին նվիրված երգերով:
Իսկ մինչ համերգը` խոսք ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը.
-Անչափ ուրախ եմ, որ հերթական անգամ տեսնում եմ մեր արևելյան մայրաքաղաքը? պայծառ, մաքուր, կոկիկ ու ամենակարևորը? անամպ երկնքի տակ: Ընդ որում, այստեղ մաքուր են ոչ միայն փողոցներն ու պուրակները, այստեղ մաքուր են մարդկանց աչքերն ու հոգիները, և մենք, այո?, Արցախի հերոս ժողովրդի ջերմությունն ու մաքրությունը պետք է հետներս տանենք ու փոխանցենք Ձեր երևանաբնակ եղբայրներին ու քույրերին: Մի քանի շաբաթ հետո Երևանն ընդունելու է Ֆուտբոլի միչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Սա մեր քաղաքի համար, իսկապես, խոշոր իրադարձություն է լինելու: Իսկ բոլորովին վերջերս Արցախում ու, մասնավորապես, Ստեփանակերտում բարձր մակարդակով անցկացվեց ֆուտբոլային մեկ այլ միջազգային մրցաշար? CONIFA-ի գավաթը: Մենք ոգևորությամբ էինք հետևում այդ խաղերին: Ավելի մեծ ոգևորությամբ սպասում ենք Համահայկական 7-րդ խաղերի մեկնարկին, որոնք նույնպես կայանալու են Արցախի հյուրընկալ հողում:
Որպես համագործակցության տրամաբանական շարունակություն` նա ասաց, որ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը Երևանից կգա մեծ պատվիրակություն՝ Արցախում Երևանի մշակութային օրեր անցկացնելու նպատակով: