comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍԵՎ ՑԵԼԵՐԻ ՍԵՐՄՆԱՑԱՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍԵՎ ՑԵԼԵՐԻ ՍԵՐՄՆԱՑԱՆԸ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Նվիրված Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին

Հունիսի 13-ին լրացավ հայ մեծանուն արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակը: Այդ կապակցությամբ Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանն ընթերցողների ուժերով կազմակերպեց գրական ցերեկույթ: Այն բացեց գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը` նշելով, որ հավաքվել են հիշելու ու մեծարելու, գրական անբավ ժառանգությություն թողնելու համար երախտագիտության տուրք մատուցելու մեծ գրողի հիշատակին: Կ. Զելենսկու խոսքը, որ նա մեջբերեց, այն մասին է, որ Բակունցը կատարելապես ազգային գրող է, և հայ ազգային յուրահատկությունը ճանաչելու համար նրա ստեղծագործություններն ավելի բան են տալիս, քան բազմաթիվ գիտական աշխատությունները:
Բակունցն անցյալ դարի 30-ականների դժնդակ ժամանակներին զոհ դարձած հայ գրողներից է: Նա ապրեց ընդամենը 38 տարի: Հազիվ ունեցավ մի տասնամյակի գրական կյանք, սակայն ստեղծեց գրական գոհարներ, որոնք տարիների հետ իրենց գույներով ավելի են փայլատակում:
Գրողի կյանքի փակագծերը բացեցին գրադարանի ակտիվ ընթերցողներ` մայրաքաղաքի հ. 8 միջնակարգ հոսքային դպրոցի աշակերտները:
Ա. Բակունցը ծնվել է 1899թ. Գորիսում: Տեղի ծխական դպրոցից հետո ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը(ի դեպ, 120-ամյակի կապակցությամբ այստեղ բացվել է նրա մասին հուշատախտակը), 1918թ. կամավորական խմբերի կազմում մասնակցել է Էրզրումի, Կարսի կռիվներին, Սարդարապատի հերոսամարտին:
Ուսուցիչ է աշխատել Սիսիանի Լոր գյուղում, ապա` Զանգեզուրում` գյուղատնտես, այնուհետև Հողժողկոմատում:
Անմեղ նահատակ, սև ցելերի սերմնացան, մեր արձակի նրբաճաշակ վարպետ, հայ արձակի Տերյան. Բակունցի մասին մեծերից հղումը դպրոցականները համեմեցին նրա ՙԽոնարհ աղջիկը՚, ՙՄիրհավ՚, ՙԱլպիական մանուշակ՚, ՙՆամակ ռուսաց թագավորին՚, ՙԼառ Մարգար՚ և այլ ստեղծագործություններով: Ներկաների հիացական ծափերին արժանացավ վարողներից Նորայր Բաբայանի ներշնչող արտասանությունը` Բակունցին նվիրված Հ. Սահյանի բանաստեղծությունը.
Դու կանգնած էիր հայրենի հողին,
Նրանից բուսած ծառ էիր կարծես,
Գյազբելի նման բարձր էր քո հոգին
Եվ խոր էր, խորունկ, Մթնաձորի պես…
Բակունցը շատ լավ Կոմիտաս էր երգում: Չարենցն իր փոթորկուն հոգին հանգստացնում էր Բակունցի երգը լսելով: Եվ միջոցառմանը աշակերտուհու կատարմամբ հնչեց Կոմիտասի երկու երգ:
Դպրոցականներին շարունակեցին դահլիճում նստածները: ԱՀ վաստակավոր մանկավարժ Նաիրա Թամրազյանի ելույթը հուզառատ էր: ՙԵս նորից Բակունցի հետ և՜ հերոսացա, և՜ զինվոր դարձա, և՜ նորից` ուսուցիչ, և՜ հայրենասեր, և՜ գեղեցիկը տեսնող, գեղեցիկն ընկալող մարդ, բայց ավելի շատ այսօր այս ամենի հետ ես նրա հետ նույն Գողգոթան անցա, ողբերգական այն ճանապարհը, որ 38 տարեկան հասակում կյանքով լցված, կյանքին սիրահարված, իր հայրենի հող ու ջրին անմնացորդ նվիրված Բակունցն արևոտ, պայծառ հուլիսյան մի օր ոչ թշնամու, այլ հայի ձեռքով կորսվեց: Եվ այսօր մեր անթաղ շատ գրողների նման Բակունցն էլ չունի գերեզման: Դա դաս պիտի լինի բոլոր դարերում` հայը հայի նկատմամբ…՚: Նա նշեց, որ տարիներ շարունակ ինքը Բակունցով սերունդներ է կրթել, նրա Մարդ տեսակով. ՙԿարդում ես ու չես հագենում, կարդում ես ու ներշնչվում ես, կարդում ես ու հպարտանում, որ այն ազգի ներկայացուցիչն ես, որը Բակունց է ծնել՚:
Բանասիրական գիտությունների թեկնածու, ԱրՊՀ դոցենտ Սիրուն Բաղդասարյանն ընդգծեց Բակունցի քնարական արձակագիր լինելը. ՙԿարդում ես նրա ստեղծագործությունները և թվում է` արձակ բանաստեղծություններ ես ընթերցում՚: Նշեց, որ Բակունցն ստեղծել է Մթնաձորի կերպարն այնպես, ինչպես Թումանյանը` Լոռվա աշխարհը, Թոթովենցը` Խարբերդը և այլն, գրողի յուրօրինակ պաշտամունքը մայրենի լեզվի նկատմամբ: Դա առանձնապես երևում է նրա ՙԿյորես՚ վիպակից:ՙԵս շատ քիչ եմ տեսել, որ մեր բարբառն այդպես խնկարկվի՚(Ղարաբաղի բարաբառը մոտ է Զանգեզուրի բարբառին) և, ի հավելում իր ասածի` կատարեց ՙՀայոց լեզու՚ երգը:
Ներկաները շնորհակալություն հայտնեցին գրադարանի անձնակազմին` Բակունցի 120-ամյակի կապակցությամբ մտերմիկ և ջերմ մթնլորտում իրենց գրական-գեղարվեստական վայելք պարգևելու համար: